Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մենք բոլորս օրենքի առաջ հավասար ենք լինելու. Վահագն Խաչատուրյան

Մենք բոլորս օրենքի առաջ հավասար ենք լինելու. Վահագն Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի կողմից մարտի 3-ին Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ բոլորն օրենքի առաջ հավասար են լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատուրյանն այս մասին ասաց ԱԺ-ում ունեցած ելույթում:

Վահագն Խաչատուրյանը նախ իր երախտագիտությունը հայտնեց՝ իրեն նման մեծ վստահության քվե տալու համար: Դիմելով խորհրդարանին՝ նա ասաց. «Կարծում եմ՝ ձեզ համար էլ շատ կարևոր պահ է այն առումով, որ ձեզ իրավունք է վերապահված՝ ընտրել ՀՀ նախագահ»:

Խաչատուրյանը երկու հայտնի մարդկանց մեջբերումներ օգտագործեց իր խոսքում՝ ամբողջացնելու այն, ինչ ուզում է ասել: «Առաջինը վերաբերում է ազատությանը: Իրականում ամենակարևոր արժեքը մարդուն, որ ի ծնե տրվում է, ազատությունն է»,-ասաց նա:

Խաչատուրյանը հավելեց՝ ինքն ազատությունը հետևյալ կերպ է ընկալում. «Ինչքան, որ ես ինքս ազատ եմ զգում, ուզում եմ, որ իմ դիմացինն էլ այդպես լինի: Եվ երբևիցե չեմ ընդունում, երբ դիմացինը կաշկանդված է, երբ դիմացինը որոշակի սահմանափակումներ ունի»,-ասաց Խաչատուրյանը:

Ապա նա մեջբերեց Զիգմունդ Ֆրոյդի հետևյալ խոսքերը. «Իրականում մարդկանց մեծ մասն ազատություն չի ուզում, որովհետև այն ենթադրում է պատասխանատվություն: Իսկ պատասխանատվությունը մարդկանց մեծ մասին վախեցնում է»:

Ըստ Խաչատուրյանի՝ դահլիճում պատգամավորներն այն մարդկանցից են, որոնք այդ պատասխանատվությունից չեն վախեցել, նա գնահատում է նրանց վստահությունն իր նկատմամբ՝ իրեն պատասխանատվության հնարավորություն տալու: «Սա էլ է ինձ համար փորձություն լինելու: Միշտ փորձությունների ենք ենթարկվում, բայց այդ փորձություններից պետք է հաղթանակած դուրս գանք: Եվ մեր բոլորիս խնդիրը դա է լինելու: Ես համոզված եմ, որ մենք այդ  գործում հաջողելու ենք: Ես չեմ կասկածում մեր արած գործի և ճշտության, և անկեղծության, և ազնվության, հայրենիքին և մեր հայրենակիցներին պետք լինելու կամքի կամ պատրաստակամության մեջ: Ես չեմ կասկածում, որ մենք այդպես ենք մտածում և այդպիսին ենք»,-ասաց նա՝ վստահեցնելով հասարակությանը, որ հանձինս պետության և պետական ինստիտուտների, ինքը կստանա այն անվտանգությունը, որը բոլորն են ուզում, կապրի այն կյանքով, որը բոլորն են ուզում և կունենա այն ապագան, որի մասին բոլորը երազում են:

Խաչատուրյանն անդրադարձավ նաև նրան, թե ինչպիսին պետք է լինի պետությունը, ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի, ինչ գաղափարներ պետք է իրականացնի: Նա մեջբերեց Ադամ Սմիթին. «Առևտուրն ու արտադրությունը հազվադեպ կարող են երկարատև ծաղկում ապրել այն երկրում, որտեղ չի գործում օրենքի գերակայությունը, որտեղ մարդիկ ապահով չեն զգում իրենց՝ սեփականությունը տիրապետելու հարցում, որտեղ պայմանագրի նկատմամբ վստահությունն ամրապնդված չէ օրենքով, որտեղ պետական պաշտոնյան չի գտնում, որ կանոնավոր կերպով պետք է պարտադրի բոլոր նրանց պարտքերը վճարել, որոնք պետք է վճարեն»:

Նա,  դիմելով դահլիճում ներկա պատգամավորներին, հավելեց. «Ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ ենք գնում: Մենք իսկապես մեր քաղաքացիներին այս ճանապարհով ենք տանում: Օրենքի գերակայությունը մեր՝ բոլորիս համար գերագույն արժեք է: Սեփականության անձեռնմխելիությունը ևս Սահմանադրությամբ է որպես այդպես ընդունված: Եվ կարևոր չէ, թե ինչ պաշտոն ենք զբաղեցնում, մենք բոլորս հավասար ենք և այդ հավասար իրավունքը մենք իրականացնում ենք՝ հարկ վճարելով: Այսինքն՝ մենք բոլորս պետության, օրենքի առաջ հավասար ենք լինելու: Կարծում եմ՝ այդ սկզբունքն է, որ մենք իրականացնում ենք և իրականացնելու ենք»,-ասաց Խաչատուրյանը:

Նա կրկին շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին՝ վստահության համար, վստահություն հայտնելով, որ, եթե միասին են, իրենց ոչ ոք չի կարող ճանապարհից, գաղափարների իրականացումից հեռու պահել: «Ինչքան էլ դժվար լինի, խոչընդոտներ լինեն, դուք արդեն ձեր պահվածքով ապացուցել եք, որ պատրաստ եք դրան: Ես կմիանամ ձեզ և պետական այդ ինստիտուտը, որ կոչվում է նախագահի ինստիտուտ, իմացեք, որ ծառայելու է հենց այդ նպատակների իրականացմանը: Այդ նպատակն ուղղված է լինելու ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ նաև աշխարհով մեկ սփռված հայրենակիցներին, համամարդկային արժեքների իրականացմանը»,-եզրափակեց Խաչատուրյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]