Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

Հայկական նոր BuildUp հարթակը հնարավորություն կտա վերապատրաստվել միջազգային ընկերությունների մասնագետների օգնությամբ

Հայկական նոր BuildUp հարթակը հնարավորություն կտա վերապատրաստվել 
միջազգային ընկերությունների մասնագետների օգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստեղծվել է BuildUp այլընտրանքային կրթության օնլայն հարթակը, որտեղ իրենց ոլորտում որոշակի փորձ ունեցող մարդիկ կկարողանան վերապատրաստվել միջազգային մակարդակի ընկերությունների (Google, Krisp, Microsoft և այլն) մասնագետների օգնությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալբերտ Պողոսյանը նշեց, որ հայաստանյան տարբեր կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկումներից հետո եկան այն եզրահանգման, որ ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պակաս է նկատվում։ Բացի այդ, հասկացավ, որ Հայաստանում պետք է գիտելիքների նոր դպրոց բացել, որը ոչ միայն կսովորեցնի գիտելիքներ կամ փորձ, այլև նոր մտածելակերպ։

«Մեզ մոտ կա ստանդարտ մտածելակերպ․ «Ասա ինչ անեմ՝ անեմ»։ Շատերն ասում են․ «Հա, դե ինձ ոնց ասել եք, ես այդպես էլ արել եմ»։ Մեզ պետք են ուրիշ տեսակի մարդիկ, որոնք կմտածեն պրոդուկտ ստեղծելու ուղղությամբ։ Մենք մեծ պոտենցիալ և խելացի մարդիկ ունենք, բայց այդ խելացի մարդիկ իրենց ժամանակը սխալ են օգտագործում»,- նշեց Պողոսյանը։

Վերջինս պատմեց՝ որոշեցին ստեղծել BuildUp այլընտրանքայի կրթական հարթակը։ Ծրագրի յուրահատկությունը նոր տեսակի կրթության ստեղծումն ու պրակտիկան է։ Մոտեցումը՝ multidisciplinary teamwork մոդելն է։

«Այն յուրահատուկ կրթական մոդել է։ Սովորաբար թիմում աշխատելիս դու մի ինչ-որ կոնկրետ գործառույթ ես կատարում և չես պատկերացնում մնացած ամբողջ աշխատանքը։ Բարդ խնդիրներ լուծելիս, մենք բոլորս միմյանցից պետք է կարողանանք գլուխ հանել, որ կարողանանք խորհուրդներ տալ, որն էլ խնդրի արագ լուծման կհանգեցնի։ Հետևողական աշխատանքի շնորհիվ ստեղծվեց բոլորովին նոր կրթական չափորոշիչների վրա հիմված այլընտրանքային կրթություն, որը Հայաստանում դեռևս չկա։ Մեր երկրում կա մասնագիտական մեծ բաց, որը կարելի է ուղղել բացառապես նոր կրթական մոդելների կիրառմամբ։ BuildUp-ը հիմնվում է ոչ տեսական գիտելիքի վրա։ Այն ամենն, ինչ մենք սովորում ենք, բացառապես պրակտիկ գիտելիք է։ Ուսման 4 ամիսների ընթացքում ուսանողներն աշխատելով տարբեր նախագծերի վրա միաժամանակ ձեռք են բերում հարուստ պորտֆոլիո, որոնք հետագայում կարող են դառնալ հաջողության պատմություններ»,- նշեց նա։

Ունեն դասավանդման 6 ուղղություն՝  Product Management, Product Design, Digital Marketing, B2B sales, Full-Stack Development, Back-End Development։ Հետագայում պլանավորում են ավելացնել այլ ուղղություններ ևս։

Ընկերության հիմնադիրը նշեց, որ ծրագրի ընթացքում 6 տարբեր մասնագիտություններից ձևավորված թիմերը ստեղծելու են պրոդուկտներ, որոնք հնարավորություն կունենան ներկայացնելու ProductHunt հարթակում։ Լավագույն ուսանողներին հնարավորություն կընձեռվի աշխատել BuildUp համայնքի անդամների ընկերություններում։ Դասավանդվող 6 առարկաներից 1-ական մասնակից ներգրավվելու է առանձին թիմում և միասին փորձելու են լուծել իրական խնդիրներ՝ նախագծերի ստեղծման միջոցով։

Պողոսյանը վստահեցրեց՝ BuildUp հարթակը հնարավորություն է տալիս սովորել և աշխատել տեխնոլոգիական մեծ համայնքում, Google, Nvidia, Krisp, SoloLearn, Ucraft, ինչպես նաև այլ կազմակերպությունների առաջատար մասնագետների հետ, զարգացնել խնդիրներ լուծելու մտածողություն, տարբեր ոլորտներում արդեն կայացած մասնագետների հետ համատեղ աշխատել պրոդուկտների ստեղծման վրա, զարգացնել մասնագիտական կարողություններն ու հմտությունները, ստանալ աշխատավարձի բարձրացման իրական հնարավորություն։

Ավարտական քննությունը կլինի ստեղծված պրոդուկտը հասարակությանը ներկայացնելու, ինչպես նաև հանրության գնահատականի տեսքով։ Տվյալ մոտեցումը հնարավորություն կտա ավելի շոշափելի տեսնել դրա հաջողված լինելը։ Դասերն անցկացվելու են շաբաթական 5 օր՝ օնլայն, բացի այդ  իրենց պրոդուկտի ստեղծման վրա ուսանողները պետք է նաև օֆլայն աշխատեն։

«Մենք ունենք հիանալի մեծ համայնք, որը ֆինանսավորել է մեր գաղափարը։ Համայնքի մի մասը տնօրեններ են։ Միացել են, որովհետև աշխատուժի պակաս ունեն, ուզում են նոր տաղանդներ բացահայտել։ Մնացածը հիմնականում տնօրեններ են մեծ կորպորացիաներից։ Իրենց նպատակն էլ և մարդկանց զարգացմանը նպաստելն է, և իրենց առաջարկած խնդրի լուծումը ստանալը»,- նշեց ընկերության հիմնադիրը։

Պողոսյանը շեշտեց, ուսանողը ընդունվելիս ոչինչ չի վճարելու։ Կնքում է պայմանագիր, ըստ որի դասընթացն ավարտելուն պես, եթե նրա աշխատավարձը աճ է գրանցել, պետք է համայնք վերադառնա և յուրաքանչյուր ամիս 100-ական դոլար նվիրաբերի, մինչև գումարը չհատի 1700 դոլարի սահմանը։ Իսկ եթե դասընթացը ուսանողի կարիերայի աճ չի ապահովում, ապա նա ոչ մի պարտավորություն չի ունենում հարթակի հանդեպ։ Նախագծին կարող են դիմել ոլորտում արդեն 2 տարի փորձ ունեցող մասնագետները։

Կարինե Տերտերյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]