Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Հայաստանն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում. Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Հայաստանն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում. Ֆրանսիայի դեսպանի 
հարցազրույցը «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ցանկանում է ամրապնդել իր հարաբերությունները Հայաստանի հետ և օգնել Հայաստանին ավելի զարգանալու և աշխարհին բացվելու գործում: Այդ մասին Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար:

Դեսպան Անն Լույոն ընդամենը վեց ամիս է՝ ինչ աշխատում է Հայաստանում, բայց արդեն հասցրել է սիրել մեր երկիրը: Ասում է՝ «Հայաստանն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում»:

Արձանագրելով, որ հատկապես վերջին շրջանում Հայաստանն առերեսվել է բազում բարդ մարտահրավերների, Ֆրանսիայի դեսպանը շեշտում է, որ Հայաստանը նաև մեծ հնարավորությունների երկիր է, և իր դերը ֆրանս-հայկական հարաբերությունների բոլոր դերակատարներին մոբիլիզացնելն է, որպեսզի Հայաստանը բացվի աշխարհի համար և ավելի դրականորեն առերեսվի իր ապագային:

Դեսպան Լույոն խոսեց տարբեր ուղղություններով հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի մասին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան ցանկանում է էլ ավելի ամրապնդել տնտեսական փոխգործակցությունը Հայաստանի հետ և օգնել Հայաստանին էլ ավելի զարգանալու և աշխարհին բացվելու գործում: Այս հարցում կարևոր դեր կարող է խաղալ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված հավակնոտ ճանապարհային քարտեզը:

Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից Անն Լույոն առանձնացրեց հատկապես կրթությունն ու մշակույթը, նորագույն և բարձր տեխնոլոգիաները, տնտեսական փոխգործակցությունը, միջհամայնքային՝ ապակենտրոնացված համագործակցությունը և տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունը:

Ֆրանսիայի դեսպանը անդրադարձավ նաև տարածաշրջանային հակամարտությունների դադարեցման և խաղաղ կարգավորման հարցերին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և ռուս-ուկրաինական պատերազմին:

Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ցանկանում է շարունակել իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ, բայց քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է Մինսկի խմբի եռանախագահների աշխատանքին, այդ իսկ պատճառով Փարիզը փորձում է հայ-ադրբեջանական երկխոսության ապահովման այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով:

Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 24-ին:

Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարեդարձի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունը փետրվարի 24-ին կազմակերպել էր մեծ միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ-ֆրանսիական հարաբերություններում դերակատարում ունեցած հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ: Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, տեսագրությամբ հեռարձակվեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի ուղերձը:

- Ողջո՛ւյն, տիկին դեսպան: Շնորհակալ ենք Ձեզ հետ հարցազրույցի բացառիկ հնարավորության համար: Ջոնաթան Լաքոտի առաքելության ավարտից հետո՝ 2021 թ. սեպտեմբերից Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն եք: Ինչպե՞ս են անցել այս 5-6 ամիսները և ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում: Հետաքրքիր է, թե ի՞նչ գիտեիք մեր երկրի մասին մինչև դեսպան նշանակվելը և ի՞նչ նոր բաներ եք իմացել Հայաստան գալուց հետո:

- Ողջո՜ւյն, շնորհակալ եմ հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի մասին Ձեզ հետ զրուցելու այս հնարավորության համար:Այս վեց ամսվա ընթացքում ես շատ բան իմացա Հայաստանի մասին և կարող եմ ասել, որ Հայաստանն արդեն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում: Հայաստանն առերեսվել է բազմաթիվ բարդ մարտահրավերների, բայց այն նաև մեծ հնարավորությունների երկիր է: Այստեղ իմ դերակատարումն է մոբիլիզացնել հայ-ֆրանսիական հարաբերությունների բոլոր դերակատարներին՝ օգնելու Հայաստանին ավելի բացվել և ավելի դրականորեն առերեսվել ապագային:

- Այստեղ՝ դեսպանությունում փետրվարի 24-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ձեր խոսքում շեշտեցիք, որ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշում են շատ ու շատ ականավոր դեմքեր, որոնցից նշեցիք հատկապես երկուսին՝ Երկրորդ աշխարհամարտի հերոս Միսաք Մանուշյանին և ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին՝ մուսալեռցիներին փրկած ֆրանսիական նավատորմի հրամանատարին: Հետաքրքիր է, թե ո՞ւմ կնշեք այս շարքում նրանցից բացի:

- Շնորհակալ եմ այս հարցի համար: Այո՛, ես խոսեցի Միսաք Մանուշյանի, Մուսա լեռան ինքնապաշտպանության հերոսներից մեկի՝ Դարտիժ դյու Ֆուրնեի մասին, բայց, իհարկե, այդ շարքում նաև շատ այլ խորհրդանշական դեմքեր կան: Չեմ կարող չնշել Շառլ Ազնավուրին, որը շատ կարևոր նշանակություն ունի հայ-ֆրանսիական հարաբերություններում: Ծագումով հայ ֆրանսիացի մեծ արտիստ լինելուց բացի՝ Շառլ Ազնավուրը նաև մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանում 1988 թվականի երկրաշարժից ի վեր: Կարող եմ նշել նաև ֆրանսահայ շատ ու շատ այլ արտիստների, օրինակ՝ հայտնի լուսանկարիչ Անտուան Ագուջյանին կամ դերասանների, կինոռեժիսորների, ինչպիսիք են Սերժ Ավետիքյանը, Սիմոն Աբգարյանը, Անրի Վերնոյը:  

- Ցավոք, Ազնավուրը, այլևս մեզ հետ չէ, և ցավոք, նա չկատարեց իր խոստումն ու չապրեց 100 տարի, թեև բոլորս էլ, կարծես, վաղուց արդեն հավատացած էինք դրան: Եվ Հայաստանն ու Ֆրանսիան իրար կապող այդ կարևոր օղակը գոնե ֆիզիկապես կտրվել է: Հետաքրքիր է՝ նրա երկրային կյանքի վախճանից հետո փորձեր արվե՞լ են վերարժևորելու, վերագնահատելու իր դերն ու նշանակությունը ոչ միայն ֆրանսիական մշակույթի մեջ, այլև հայ-ֆրանսիական հարաբերություններում:

- Կարծում եմ՝ իր կարևոր դերը ինչպես ֆրանսիական մշակույթում, այնպես էլ հայ-ֆրանսիական հարաբերություններում միշտ գնահատված է եղել թե՛ Ֆրանսիայում, թե՛ Հայաստանում, և իր այդ դերակատարումը շարունակվում է շնորհիվ իր անունը կրող «Ազնավուր» հիմնադրամի, որը շատ ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում:

- Ազնավուրը շատ հետաքրքիր պատասխան ուներ այն հարցին, թե ինքն ավելի շատ հա՞յ է, թե՞ ֆրանսիացի: Ասում էր, որ դա նման է կաթով սուրճին՝ հնարավոր չէ իրարից բաժանել: Դուք ի՞նչ տեսակետ ունեք այդ հարցի վերաբերյալ:

- Ես միշտ կհիշեմ Ազնավուրի հայտարարությունը, որ ասում էր՝ «ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով հայ եմ»: Դուք գիտեք, որ շատ ֆրանսիացիներ կան, որոնք հայկական արմատներ ունեն: Նրանց թիվը Ֆրանսիայում 500-600 հազար է: Նրանք ֆրանսիացի են, բայց նաև Հայաստանը մեծ նշանակություն ունի իրենց ինքնության համար:

- Ինչպե՞ս կգնահատեք հայ համայնքի դերը այսօր Ֆրանսիայում՝ հասարակական, քաղաքական և այլ բնագավառներում:

- Հայ համայնքը հայ-ֆրանսիական հարաբերություններն ամրապնդող շատ կարևոր գործոն է: Օրինակ՝ ակտիվորեն մասնակցում է ապակենտրոնացված համագործակցությանը, այսինքն՝ ֆրանսիական և հայկական քաղաքների ու շրջանների միջև փոխգործակցության զարգացմանը: Մենք ունենք ընդհանուր մոտ 40 համաձայնագիր, և հայ համայնքը ակտիվորեն մասնակցում է դրանց ու մեծ դեր է խաղում այդ առումով: Հայ համայնքը նաև ակտիվ դերակատարում ունի ասոցիատիվ մակարդակում: Օրինակ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական սփյուռքի շատ կազմակերպություններ Հայաստանի հետ համերաշխության բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել: Կարող եմ նշել, օրինակ, «Ազնավուր» հիմնադրամը, որի մասին արդեն խոսեցինք, «Santé Arménie» կազմակերպությունը, որը չափազանց ակտիվ էր, ինչպես նաև UGAB (ՀԲԸՄ) ասոցիացիայի ֆրանսիական մասնաճյուղը:

- Ինչպե՞ս կբնորոշեք և կբնութագրեք Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերությունները և հայ-ֆրանսիական հարաբերություններն առհասարակ: Այլ խոսքերով՝ ի՞նչ նշանակություն ունեն Ֆրանսիան և Հայաստանը միմյանց համար:

- Հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ կարևոր են: Փետրվարի 24-ին մենք տոնեցինք հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Մեր հարաբերություններն ունեն բարեկամության մեծ պատմություն, որում, ինչպես արդեն նշեցինք, մեծ դեր ունի նաև Ֆրանսիայի հայ համայնքը: Բայց դրանք նաև հիմնված են երկու երկրների կառավարությունների փոխադարձ պատրաստակամության վրա՝ համագործակցելու տարբեր ոլորտներում: Ունենք բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Դուք գիտեք, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման գործընթացում:

Կա նաև կրթական և մշակութային կարևոր համագործակցություն: Հայաստանը նաև անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, և մենք սերտորեն համագործակցում ենք հայկական կողմի հետ՝ ֆրանսերենի ուսուցումը և ֆրանսիական մշակույթը Հայաստանում խթանելու նպատակով:

Տնտեսական ոլորտի զարգացման գործում կարևոր դեր են խաղում ֆրանսիական ձեռնարկությունները, որոնք ներկա են Հայաստանում: Կարող եմ նշել, օրինակ, Վեոլիան, Կարֆուրը, «Ամունդի ԱԿԲԱ»-ն:

Բացի այդ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը  2021 թ. դեկտեմբերին ստորագրել են տնտեսական ոլորտին վերաբերող շատ կարևոր և հավակնոտ ճանապարհային քարտեզ: Մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել մեր տնտեսական համագործակցությունը, նաև օգնել Հայաստանի կառավարությանը, որպեսզի Հայաստանը էլ ավելի զարգանա և բացվի աշխարհի համար:

- Կմանրամասնե՞ք, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին էր խոսում Ժան-Բատիստ Լըմուանը, որ ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև:

- Դա շատ ընդարձակ ճանապարհային քարտեզ է, որը շատ մեծ հավակնություններ ունի: Այն նախատեսում է համագործակցություն, օրինակ, այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են նորագույն տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները, կայուն էներգետիկան, կայուն զարգացումը: Այն նաև նախատեսում է Զարգացման ֆրանսիական գործակալության ակտիվ դերակատարումը, որն արդեն ներկա է Հայաստանում, ինչպես նաև նպատակ ունի գովազդելու հայկական շուկան Ֆրանսիայում:

Հարկ է հիշեցնել, որ այդ համագործակցությունը պետք է ընկալել ավելի լայն իմաստով՝ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նա Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում:

- Եվ ի՞նչ ընթացքի մեջ է այդ համաձայնագրի՝ CEPA-ի կիրառումը:

- Ինչպես արդեն գիտեք՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն ստորագրվել և հաստատվել է թե՛ Հայաստանում և թե՛ Ֆրանսիայում, և հիմա պետք է իրագործել այն: Եվրամիությունը այս պահին հայկական կողմից ակնկալում է տարբեր ռազմավարությունների ձևավորում, որոնց հիման վրա հնարավոր կլինի շարունակել համագործակցությունը:

- Իսկ առհասարակ հայ-ֆրանսիական հարաբերություններում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ո՞ր ոլորտները զարգացման ներուժ ունեն:

- Ես կարծում եմ՝ կրթությունը մի ոլորտ է, որտեղ մենք արդեն իսկ շատ բան ենք անում, բայց կարելի է ավելի շատ սերտացնել փոխգործակցությունը: Ինչպես գիտեք՝ մենք այստեղ ունենք ֆրանսիական դպրոց, Հայաստանում ֆրանսիական համալսարան և հայ-ֆրանսիական մասնագիտական կենտրոն: Այլ խոսքերով մենք ունենք շատ լավ հիմք, որը, կարծում եմ, թույլ է տալիս էլ ավելի զարգացնելու համագործակցության այս ծրագրերը կրթական ոլորտում՝ բավարարելու ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ հայկական ձեռնարկությունների կարիքները: Մենք մտածում ենք այնպիսի նախագծերի մասին, որոնք կարող են իրականացվել ինչպես Ֆրանսիայի պետության, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների կամ ֆրանսիական ասոցիացիանների կողմից:

- Վերջին տվյալներով՝ 2021 թվականին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 95 մլն ամերիկյան դոլար: Հետաքրքիր է՝ խնդիր դրվա՞ծ է ընդլայնելու երկկողմ առևտրաշրջանառության ծավալները՝ հաշվի առնելով առևտրի և տնտեսության դերը միջպետական հարաբերություններում:

- Այո՛, ինչպես ասացի՝ մշակույթի և կրթության ոլորտում մենք արդեն ունենք սերտ համագործակցություն և մեծ ցանկություն ունենք էլ ավելի զարգացնելու մեր հարաբերությունները տնտեսության ոլորտում, և դա է պատճառը, որ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրեցինք վերոնշյալ ճանապարհային քարտեզը: Այս պահի դրությամբ մենք չունենք կոնկրետ թիվ, քանի որ նախ պետք է հասկանանք, թե ի՞նչ ծրագրերի վրա ենք աշխատելու, այնուհետև ներգրավենք այն դերակատարներին, որոնց այդ նախագծերը կհետաքրքրեն:

      

- Ֆրանսիան այս տարի 6 ամսով նախագահում է Եվրամիության խորհրդում: Հետաքրքիր է, թե որպես ԵՄ նախագահող՝ Ֆրանսիան ի՞նչ դեր կարող է խաղալ եվրոպական տարածքում սրված հակամարտությունների կարգավորման գործում:

- 2022 թվականի հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնելուց ի վեր Ֆրանսիան տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել տարածաշրջանում: Նախագահ Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում էին կազմակերպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Ֆրանսիայի նպատակն էր նախ և առաջ երկխոսություն ապահովել երկու երկրների միջև, ինչպես նաև նպաստել պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը: Ինչպես գիտեք՝ այդ միջնորդության շնորհիվ 8 հայ զինվորներ ազատ արձակվեցին և ֆրանսիական ռազմական ինքնաթիռով վերադարձան Հայաստան:

Ֆրանսիան աշխատում է նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Ինչպես գիտեք՝ մինչև ռազմական գործողությունների սկսվելը նախագահ Մակրոնը գնացել էր Մոսկվա, այնուհետև մեկնեց Կիև, որպեսզի փորձի խաղաղ ելք գտնել այդ ճգնաժամից: Ցավոք, նախագահ Պուտինը չլսեց Ֆրանսիայի նախագահի խաղաղության կոչը: Եվ, իհարկե, Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի ռազմական ներխուժումը Ուկրաինա, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և 21-րդ դարի ամենամեծ ճգնաժամերից է Եվրոպայում:

- Քանի որ Ֆրանսիան միջնորդ է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ կուզեի Ձեր մեկնաբանությունը խնդրել հատկապես այս հարցի վերաբերյալ: 44-օրյա պատերազմից հետո անորոշությունը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ շատ է: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ Ադրբեջանը իբրև թե «լուծել է» այս խնդիրը: Արդյոք համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և Մինսկի խումբը չպետք է զբաղվի այս հարցով: Եվ ինչպե՞ս եք պատկերացնում հետագա դիվանագիտական գործընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ:

- Անշուշտ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ցանկանում է շարունակել աշխատանքը և ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղությամբ: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք երկխոսությունն ապահովելու այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով:

- Եվ ինչպե՞ս կարելի է ադրբեջանական կողմին բերել ավելի կառուցողական դաշտ:

- Երկխոսությունը ապահովելու միջոցով:

- Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված այլ միջոցառումներ այս տարի նախատեսվա՞ծ են:

- Այո՛, իհարկե: Այս տարին նվիրված է լինելու դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի միջոցառումներին: Ցավում եմ, որ մեր հենց առաջին միջոցառումը, որը կազմակերպվել էր փետրվարի 24-ին դեսպանությունում, մի քիչ տխուր իրավիճակում տեղի ունեցավ՝ Ուկրաինայում սկսված պատերազմական գործողությունների լույսի ներքո: Բայց մենք ծրագրել ենք նաև այլ միջոցառումներ, օրինակ՝ համերգներ, կինոցուցադրություններ: Նաև նախատեսել ենք գաղափարների դեբատներ՝ մտորելու այն հարցի շուրջ, թե ինչպիսին են լինելու հաջորդ 30 տարիները ֆրանս-հայկական հարաբերությունների համար:

 

Հարցազրույցի հեղինակ՝ Արամ Սարգսյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Լուսանկարիչ՝ Տաթև Դուրյան

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]