1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեր երկրում սննդամթերքի պակասուրդի առարկայական պատճառներ չկան, ՀՀ շուկայի փոքր պահանջը ՌԴ-ից բավարարելը խնդիր չէ

Մեր երկրում սննդամթերքի պակասուրդի առարկայական պատճառներ չկան, ՀՀ շուկայի 
փոքր պահանջը ՌԴ-ից բավարարելը խնդիր չէ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում սպառողական զամբյուղի հիմնական սննդամթերքների առումով տագնապային իրավիճակ է ստեղծվել: Դա սկսվեց այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ապրանքատեսակների արտահանումը ժամանակավորապես արգելելու մասին, չնայած հետագայում ՌԴ կառավարությունը որոշ ապրանքների մասով ԵԱՏՄ երկրների համար բացառություն սահմանեց: Այսօր նման հասարակական տագնապ է ստեղծվել ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանին սահմանամերձ այն երկրներում, որոնք սննդամթերքի առաջնային տեսակները ներմուծում են ՌԴ-ից: Մասնավորապես, նման տագնապային վիճակ է ստեղծվել նաեւ Թուրքիայում եւ  Վրաստանում, որտեղ 1-2 օրվա ընթացքում խանութների դարակաշարերից անհետացել են շաքարավազը, ալյուրը, հացահատիկեղենը, մակարոնեղենը եւ բուսական յուղը:

Թուրքիան զգալի քանակի սննդամթերք է ներմուծում ՌԴ-ից, մասնավորապես՝ ցորեն եւ ձեթ: Եթե այդ երկիրն ու Վրաստանը լուրջ մտահոգվելու առիթ ունեն եւ տեղի հասարակությունների մեջ տագնապային երեւույթն ինչ-որ կերպ հասկանալի է, ապա Հայաստանում այս պահի դրությամբ այն առարկայական հիմքեր չունի: Մարտի 10-ին էլ ՌԴ տնտեսական զարգացման եւ ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային եւ ոչ մաքսային սակագնային կարգավորման, արտաքին առեւտրի պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովը որոշել է մինչեւ օգոստոսի 31-ը արգելել Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի եւ շաքարի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ, սակայն բացառություն է արված, ըստ որի՝ դրանց մատակարարումը հնարավոր կլինի ՌԴ գյուղատնտեսության նախարարության տված թույլտվությունների հիման վրա։

Հայաստանը եւ Արցախը տարեկան սպառում են 500-550 հազար տոննա ցորեն: Այդ քանակից մոտ 480 հազար տոննան 2021 թ. ներմուծվել է արտասահմանից, որից  98 տոկոսը՝ ՌԴ-ից: Մինչեւ արցախյան պատերազմը Հայաստանն Արցախից ստանում էր միջին հաշվով 100 տոննա ցորեն, բայց քանի որ ռազմական գործողությունների հետեւանքով վարելահողերի 95 տոկոսը (դրանց միայն 90 տոկոսը ցորենի մշակման հողատարածքներն էին) անցավ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, այդ չափաբաժինը ներկայումս ամբողջովին ներկրվում է: Օրինակ՝ 2019 թ. Հայաստան էր ներմուծվել ընդամենը 250 հազար տոննա հացահատիկ, եւ մոտ 200 հազար տոննա հացահատիկ արտադրվել էր տեղում, իսկ 100 հազար տոննայից ավելին՝ Արցախում:

Հայաստանում հացահատիկի արտադրության ծավալները 2019 թ. մակարդակին հասցնելու դեպքում Հայաստանի եւ Արցախի բնակիչների կարիքները բավարարելու համար անհրաժեշտ կլինի մոտ 350-400 հազար տոննա ցորեն ներկրել ՌԴ-ից: Այդ ցուցանիշին հասնելու համար պետք էր դեռ նախորդ տարի աշնանացան ցորենի ցանքատարածքներն ավելացնել, քանի որ գարնանացան ցորենի ցանքատարածքներն ավելացնելով՝ ցորենի պահանջարկի հնարավոր բացը դժվար կլինի ապահովել: Սակայն նախորդ տարի ուկրաինական հակամարտության մեկնարկի հավանականությունը քիչ էր, եւ, բնականաբար, նման ռիսկեր չէին գնահատվել:

Հայաստանին անհրաժեշտ 400-450 հազար տոննա ցորենը կամ համապատասխան չափով ներկրվող ալյուրը, բոլոր դեպքերում, ՌԴ-ի շուկայի համար շատ փոքր թիվ է, ինչը ռուսական կողմի հետ բանակցությունների միջոցով, անկասկած, լուծելի է: Մյուս կողմից՝ Հայաստան ներմուծվող ցորենի արժեքն առավելագույնը հասնում է 100 մլն դոլարի, եւ, ծայրահեղ դեպքում, տնտեսավարողներին պետական համապատասխան օժանդակություն ցուցաբերելով՝ այն հնարավոր կլինի ձեռք բերել ցորենի միջազգային բորսաներից:

ՌԴ-ից ներմուծվող մյուս խոշոր ապրանքատեսակը բուսական յուղն է, որի դեպքում ՌԴ-ն ապահովում է Հայաստան ներմուծման 95-97 տոկոսը, սակայն այս ապրանքի վրա դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման սահմանափակում չկա: ԵԱՏՄ երկրներ արտահանման արգելք է սահմանված նաեւ շաքարավազի վրա: ՌԴ-ից Հայաստան ներմուծվող շաքարը կազմում է ներմուծման ծավալի 48-49 տոկոսը: Կրկին հաշվի առնելով Հայաստանի սպառման փոքր շուկան եւ ծավալները, հավանականությունը մեծ է, որ ՌԴ գյուղնախարարության հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի որոշակի լուծման գալ, եթե ոչ, ինչի հավանականությունը փոքր է, ապա այդ ապրանքները պետք է ձեռք բերվեն միջազգային շուկաներից:

Այլ կերպ ասած՝ այս պահին որեւէ առարկայական հիմք չկա տագնապային իրավիճակ ստեղծելու համար, դա միայն կարող է պահանջարկի ծավալների արհեստական ավելացման պատճառով գների չհիմնավորված թռիչքի հանգեցնել, իսկ դրանից կօգտվեն միայն խոշոր ներկրողները, որոնք հին գներով ներմուծած եւ պահեստավորած ապրանքները կվաճառեն թանկ գներով՝ ստանալով գերշահույթներ:

Ուկրաինական ճգնաժամը, բոլոր դեպքերում, որոշակիորեն կազդի տարածաշրջանի երկրներ այդ ապրանքների մատակարարման գործընթացի վրա, որն անխուսափելիորեն կբերի գների բարձրացման, թեկուզ լոգիստիկ ծախսերով պայմանավորված, ինչին կարող է գումարվել նաեւ համաշխարհային գների աճը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]