1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մայլեռը» հավակնում է դառնալ լեռնադահուկային հանգստի տարածշրջանային կենտրոն. Տիգրան Հարությունյան

«Մայլեռը» հավակնում է դառնալ լեռնադահուկային հանգստի տարածշրջանային 
կենտրոն. Տիգրան Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության ներդրումային ծրագրով նախատեսվում է լեռնադահուկային բազմաֆունկցիոնալ նոր համալիր կառուցել։ Նախագծի առանձնահատկությունների, ներդրումային ծրագրի մանրամասների և գաղափարի մասին զրուցել ենք «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան, «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ը Ձեր ընկերությունների խմբի ամենահետաքրքիր և Հայաստանի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող նախագծերից մեկն է։ Կպատմե՞ք լեռնադահուկային համալիր ստեղծելու Ձեր համարձակ գաղափարի նախապատմության  մասին։

Հայաստանում լեռնադահուկային սպորտի հանգստավայր ունենալու գաղափարն ինձ մոտ ծնվել է դեռևս 25  տարի առաջ՝ 1997 թվականին։ 13 տարեկան էի, ու մենք մի խումբ երիտասարդներով լեռնադահուկային «հավաքական» էինք ձևավորել, բայց այդ ժամանակ Հայաստանում  սպորտային համազգեստ և դահուկներ գտնելը շատ բարդ էր։ Վիկտոր Համբարձումյանի թոռնուհին՝ Աննա Համբարձումյանը Եվրոպայից բերել էր համապատասխան պարագաներ, իր շուրջ համախմբել Երևանի լեռնադահուկային սպորտով զբաղվող ակտիվ երեխաների, և ձմռան գրեթե ամեն կիրակի գնում էինք Ծաղկաձոր և Արագած դահուկ քշելու։

Այդ տարիներին հանգստավայրերի պայմանների բացակայության մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է … դժվարությամբ էին հասնում սարի գագաթ, որովհետև ճոպանուղին կիսասարքին վիճակում էր, հաճախ ընդհանրապես չէր աշխատում։ Անգամ եղել են դեպքեր, երբ մեզ հետ մի քանի լիտր վառելանյութ ենք տարել, տեղացիներին խնդրել ճոպանուղին գործի դնել։ Ճոպանուղին մեկ տեղանոց փոքր նստարան ուներ, մի կերպ էինք հարմարվում դահուկներով, և այն այնքան դանդաղ էր գնում, որ մինչև գագաթ էինք հասնում չէինք  կարողանում ցրտից շարժվել։ Բայց տեղ հասնելուն պես մոռանում էինք թե՛ ցուրտը, թե՛ դժվարություններն ու անհարմարությունները, որովհետև մեծ ցանկություն կար սովորելու, և սիրում էինք այն, ինչով զբաղվում էինք։ Բոլորս մեր տարերքի մեջ էինք։

Որպեսզի ավելի լավ պատկերացնեք՝ այն ժամանակ դահուկով սահել նշանակում էր իջնել ինչպես կարողանում էինք՝ ձյան միջով գլորվելով։ Հեռվից իջնող ձնակույտերի էինք նման (ծիծաղում է-խմբ.)։ Հետո ծանր դահուկները դնում էինք ուսերիս, ոտքով ուրախ-զվարթ բարձրանում էինք ամբողջ ճանապարհը։ Հինգ րոպեում սահելով իջնում էինք ներքև, հետո նորից երեսուն րոպեից ավելի ծախսում վերև հասնելու համար։ Սահուղիներ ևս չկային. սովետական ամենագնաց  «բուռաններն» էին մի քանի անգամ բարձանալ-իջնելով սահուղի բացում։

Արագածում էլ Ski Weekend-ի էինք գնում։ Բյուրականից դեպի Ամբերդ տանող ճանապարհին մի շինություն կա, դա մեր բազան էր։ Արագածում ընդհանրապես ենթակառուցվածքներ չկային, ինչպես բարձրանում էինք, այնպես էլ պետք է իջնեինք. այլ տարբերակ չկար։

Առաջին անգամ հենց այդ տարիներին ինձ մոտ գաղափար առաջացավ, որ ինչ էլ լինի՝ մի օր Հայաստանում պետք է ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան  լեռնադահուկային համալիր: Սկզբում այն  պատանեկության երազանք էր, տարիների ընթացքում դարձավ նպատակ։ Հետո արդեն ուսանողական տարիներին աշխարհի տարբեր երկրների առաջադեմ համալիրներում, համաշխարհային կենտրոններում լինելով, այնտեղ սահելով և նրանց ենթակառուցվածքներին ծանոթանալով ՝ հասկացա, թե իրականում ինչ է նշանակում ունենալ զարգացած լեռնադահուկային սպորտ ու հանգստի պայմաններ, զբոսաշրջիկների ահռելի հոսք։ Հասկացա՝ ինչն է պակասում մեզ և որ ամենակարևորն է, թե ինչքան մեծ ներուժ ունենք և այն չենք զարգացնում։

Լեռնադահուկային նոր համալիրը կառուցվելու է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում։ Կմանրամասնե՞ք նախագիծը. Ինչու՞ հենց այդտեղ, ի՞նչ ծավալի ներդրումներ են կատարվել,  և ի՞նչ հեռանկարներ կան նախագծի զարգացման հետ կապված։

Կոնցեպտուալ առումով ոչ մի խոչընդոտ չկա Հայաստանում եվրոպական բարձր ստանդարտներին համապատասխան, նույնիսկ չեմ վախենա ասել՝ համաշխարհային մակարդակի կենտրոն ունենալու համար։ Եվ մեր ընտրած տեղանքի թե՛ աշխարհագրական դիրքն ու թե՛ բնակլիմայական պայմանները թույլ են տալիս կառուցել բոլոր ենթակառուցվածքներով հագեցած ամբողջական համալիր։

Այն, ինչ մենք նախատեսում ենք հիմա՝ նախագծի առաջին փուլով, բավարար է Հայաստանում ամենազարգացած ու հագեցած եզակի կենտրոն ունենալու և Հայաստանն այդ ուղղությամբ աշխարհին ճանաչելի դարձնելու համար։ Արդեն ավարտական փուլում «Մայլեռ» համալիրը հավակնում է դառնալ լավագույնը տարածաշրջանում։ Հիմա մեր տարածաշրջանային կենտրոնը Վրաստանն է՝ Գուդաուրին։  «Մայլեռը» երկարաժամկետ նախագիծ է, և դրա ավարտական փուլում՝ 11-12 տարի հետո վստահ ենք, որ մենք մրցելու ենք Սոչիի հետ և կարողանալու ենք  դահուկորդների շատ մեծ թվով հոսք ներգրավել։ Լեռնադահուկային հանգստի գոտիներում  ընդհանուր այցելուների  շարքում դահուկորդների և ոչ դահուկորդների հարաբերակցությունը սովորաբար 50/50 է։ Մենք գիտենք՝ ուր ենք գնում ու ձգտելու ենք սպասարկել օրական 18,000 դահուկորդ, ովքեր լեռներում միաժամանակ սահելու դեպքում չեն ունենա ոչ մի տեսակի անհարմարություն։ Իսկ սա նշանակում է, որ մենք մեր համալիրում կարողանալու ենք ընդունել և սպասարկել ընդհանուր առմամբ օրական մինչև 36,000 այցելուի։

Այս ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ դահուկորդների և սպորտի սիրահար մարդկանց հոսքն ու ծավալը փոփոխվում է, այսինքն՝ բոլորը միշտ նույն վայրերը չեն գնում սահելու, անընդհատ ցանկանում են միջավայրի փոփոխություն, ու սկսում են շրջագայել։ Մենք միշտ շանս ունենք նոր մարդկանց ներգրավելու, իսկ մրցունակությունն ապահովելու ենք մատչելի գնի և բարձր որակի համադրությամբ։

Ինչ վերաբերում է ներդրումներին. սկզբնական փուլը, որի ներդրումների ծավալն ավելի քան 60 մլն եվրո է, կավարտվի 2023-ի ձմռանը, իսկ ընդհանուր նախագիծը նախատեսում ենք ամբողջական ավարտին հասցնել 2032-2035 թվականների ընթացքում: Ամբողջ տասնամյակի համար նախատեսում ենք կատարել  250-300 մլն եվրոյի ներդրում։ Սկսում ենք 60 մլն եվրոյից, որից 34 մլն ուղղվելու է միայն ճոպանուղիների կառուցմանը,  մնացածը՝ այլ ենթակառուցվածքների ստեղծմանը, արհեստական ձնագոյացմանն ու սահուղիների կառուցմանը: Այս ամենի արդյունքում  պատրաստ կլինենք ընդունել շուրջ 6000 դահուկորդ միաժամանակ, որը  ներկայումս Հայաստանում ամենաթեժ սեզոնի այցելուների եռապատիկն է։

Ի դեպ՝ մենք չենք կենտրոնանալու միայն ձմեռային հանգստի և ժամանցի վրա, նաև ապահովելու և առաջարկելու ենք տարվա բոլոր եղանակներին համապատասխան ակտիվություններ։

Պարոն Հարությունյան, տեղյակ ենք, որ միջազգային կազմակերպությունների հետ եք համագործակցելու հանգստի գոտու կառուցման ընթացքում։ Որո՞նք են դրանք։

Համագործակցում ենք այս ոլորտի հեղինակավոր և  առաջատար, շուրջ 40 տարվա աշխատանքային փորձով կանադական կազմակերպություններից «Էկոսայնի» հետ։ Կազմակերպությունը տեղակայված է աշխարհի ամենահայտնի լեռնադահուկային համալիրներից մեկում՝ Վիսթլերում։ Այն մասնագիտացած է լեռնային հանգստի  գոտիների նախագծման ոլորտում և ունի գերպրոֆեսիոնալ թիմ։ «Էկոսայն»-ը նախագծողն ու կոնցեպտի մշակողն է, իսկ որպես օպերատոր մեզ աջակցելու է եվրոպական «Փի Ջի Այ» ընկերությունը, որը ևս միջազգային մակարդակում առաջատար և պրոֆեսիոնալ ընկերություններից է։ Վստահ կարող եմ ասել, որ այս երկու կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցություն ենք ունենալու, որովհետև երկուսն էլ իրենց ոլորտում լավագույններից են։ Ճոպանուղու ձեռքբերման մասով էլ արդեն  պայմանագիր ենք կնքել  ավստրիական Doppelmayr ընկերության հետ։ Եվ արդեն մայիս ամսից կսկսենք շինարարության և կառուցման ակտիվ աշխատանքները։

Քանի որ, վաղ թե ուշ, հարակից տարածքում գոյանալու են նոր համալիրներ, տարածքն իրական հեռանկարների հնարավորություն ունի Ծաղկաձոր-Մարմարիկ-Աղվերան ամբողջական երթուղի ունենալու համար։ Այս ծավալն արդեն զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման հիմք և միջազգային կենտրոն դառնալու հայտ կարող է լինել, ուստի միասնական կոնցեպտը շատ կարևոր է։

Շինարարական աշխատանքներում սկզբնական փուլում ներգրավվելու է 250 աշխատակից՝ մեծամասամբ համայնքից, իսկ պրոֆեսիոնալ անձնակազմն ամբողջությամբ միջազգային որակավորում ունեցող մասնագետներ են։ Ծրագիրն ավարտելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ։

Այս նախագծով մենք ցանկանում ենք նպաստել մեր երկրում զբոսաշրջության, սպորտի զարգացմանը,  հանգստի և ժամանցի նոր ուղղությունների, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը։ Մենք ցանկանում ենք, որ «Մայլեռ»-ը դառնա համայնք-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության օրինակելի և վստահելի մոդել։  Այս տարին մեր ընկերությունների խմբի համար հոբելյանական է, և «Մայլեռ»-ի մեկնարկն էլ խորհդանշական է։ Ինչպես մեր բոլոր նախագծերը՝ «Մայլեռ»-ը ևս միտված է Հայաստանում հեռանկարային նախագծեր ստեղծելուն և ներուժը զարգացնելուն։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]