1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բալետի պրեմիերա, նոր երաժշտական ստեղծագործություններ. Մոնտե Կառլոյում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր

Բալետի պրեմիերա, նոր երաժշտական ստեղծագործություններ. Մոնտե Կառլոյում 
կանցկացվեն հայկական մշակույթի օրեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնտե Կառլոյում անցկացվող արվեստի միջազգային փառատոնի շրջանակում մարտի 25- 27-ը կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Հանդիսատեսին ներկայացվելու է հագեցած մշակութային ծրագիր: Սպասվում է բալետի պրեմիերա, որի երաժշտության հեղինակները կոմպոզիտորներ Միշել Պետրոսյանն ու Արամ Հովհաննիսյանն են: Հնչելու են նոր ստեղծագործություններ, ծրագրերով հանդես են գալու նաև Սերգեյ Փարաջանովի թանգարանը, «Գյուրջիև» անսամբլը, դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, սոպրանո Կարինե Բաբաջանյանը և այլք:

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը նշեց, որ այս փառատոնը Մոնակոյում տարվա կարևոր մշակութային միջոցառումներից է: Փառատոնի տնօրենը Բռունու Մանտովանին է, ով երկար տարիներ Փարիզի կոնսերվատորիայի ղեկավարն էր: Այս տարի նա նորամուծություն է մտցրել փառատոնում և շեշտադրել հայկական մշակույթը:

«Կարելի է ասել, որ լինելու է հայկական weekend: Ներկայացվելու է հայկական կերպարվեստը, երաժշտությունը: Այս փառատոնի շրջանակում երբեք չի եղել, որ այսպիսի կենտրոնացում լիներ հայկական մշակույթի վրա: Այս տարվա մոտեցումը կարևոր քայլի ու հատուկ վերաբերմունքի մասին է խոսում»,-ասաց Միշել Պետրոսյանը:

Հայկական մշակույթի օրերի շրջանակի առանցքում հայ ստեղծագործողների բալետի պրեմիերան է: Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ բալետի հետ կապված առաջարկը ստացվել է Բռունու Մանտովանիից:

«Բավական բարդ էր ստեղծագործական պրոցեսը, քանի որ մենք գործ ունեինք արվեստի հարակից մի ճյուղի հետ: Երաժշտությունն ինքնին շատ բաների մասին կարող է խոսել, բայց երբ այն առնչվում է բալետի հետ, արդեն այլ մոտեցումներ են հարկավոր: Ուստի մեզ համար այդ աշխատանքը բավական լուրջ փորձառություն էր»,-ասաց Արամ Հովհաննիսյանը:

Բալետն այս տարվա նոյեմբերին ներկայացվելու է նաև Հայաստանում:

«Գյուրջիև» անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը նշեց, որ վերջին շրջանում կատարել է Գյուրջևի ստեղծագործությունների նոր մշակումներ, սակայն այս փառատոնում շեշտադրվելու է Կոմիտասը:

«Կհնչեն այն ստեղծագործությունները, որոնք դաշնամուրից փոխադրել եմ հայկական նվագարաններ: Հետաքրքրիր է երաժշտության միջոցով պատմությանն անդրադառնալը: Կհնչեն նաև Գյուրջևի ստեղծագործությունները, մասնավորապես, «Մեծ աղոթք»-ը, որում ամփոփված են ոչ միայն հայկական ավանդույթները, այլև տարբեր կրոնների ծիսական երաժշտական էլեմենտներ կարելի է լսել»,-ասաց Լևոն Էսկենյանը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանը փառատոնին ներկայանալու է «Նռան գույնը» ֆիլմով: Լինելու է Փարաջանովի ստեղծագործությունների ֆոտոցուցահանդես:

Արամ Հովհաննիսյանն ընդգծեց, որ ներկայանում են բավական հետաքրքիր հայկական մշակութային ներկապնակով, ինչը խոսում է այն մասին, որ  հայկական մշակույթը ներփակված չէ, այն միտված է գլոբալ հանդիսատեսին:

Մոնտե Կառլոյում արվեստի միջազգային փառատոնը մեկնարկել է մարտ 11-ին և տևելու է մինչև ապրիլի 3-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]