Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՄԹ դեսպանի հետ հանդիպմանն ընդունել է Կրթության համաշխարհային համաժողովին մասնակցության հրավերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՄԹ դեսպանի հետ հանդիպմանն ընդունել է Կրթության 
համաշխարհային համաժողովին մասնակցության հրավերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մարտի 18-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Վահրամ Դումանյանը կարևորել է սերտ համագործակցությունը դեսպանության և Բրիտանական խորհրդի հետ՝ ԿԳՄՍ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի իրականացման տեսանկյունից: Նախարարը գոհունակություն է հայտնել ՀՀ մարզերում «Անգլերենի ակումբներ» ծրագրի իրագործման կապակցությամբ, որն ուղղված է նաև հանրակրթական դպրոցներում անգլերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների հզորացմանը: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ ավարտին մոտեցող ծրագրի ֆինանսավորումը կշարունակվի, և ծրագիրն առավել կընդլայնվի:

«Նախարարն անդրադարձել է նաև հնարավոր համագործակցությանը՝ ուղղված հատկապես բժշկական մասնագիտությունների գծով ՀՀ բուհերում օտար լեզվով դասավանդման որակի բարձրացման և դասախոսների՝  անգլերենի վերապատրաստման ուղղությամբ:

Վահրամ Դումանյանն ընդունել է մայիսի 22-25-ը Լոնդոնում կայանալիք Կրթության համաշխարհային համաժողովին ՀՀ պատվիրակության մասնակցության հրավերը և շնորհակալություն հայտնել Բրիտանական խորհրդին՝ համագործակցության և այցին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Ջոն Գալլագերն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը կարևոր ուղղություններից մեկն է: Նա փաստել է, որ վերջերս եղել է Արարատի մարզի դպրոցներից մեկում, որտեղ իրականացվում է «Անգլերենի ակումբներ» ծրագիրը և տպավորվել դրա ընթացքից: Դեսպանը հույս է հայտնել, որ ծրագրի փորձառությունը դրական ազդեցություն կունենա և կօգտագործվի ողջ հանրակրթական համակարգում: Նա վստահեցրել է, որ Կրթության համաշխարհային համաժողովին ՀՀ պատվիրակության մասնակցությունն օգտակար կլինի տարբեր կառույցների ներկայացուցիչների և անձանց հետ հանդիպման, ինչպես նաև Հայաստանի կրթության ոլորտի զարգացման և փորձի փոխանակման առումով:

Հանդիպման ընթացքում առաջարկվել է դիտարկել համագործակցության հնարավորությունները մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ մշակութային և բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության համար սահմանվող  կատարողականի արդյունքային ցուցիչների (KPI) բրիտանական կրթական համակարգի լավագույն փորձի ներկայացման և մի շարք մշակութային ծրագրերի իրագործման տեսանկյունից:

Նշվել է, որ Բրիտանական խորհուրդը սերտ համագործակցում է նախարարության հետ մի շարք ծրագրերի ուղղությամբ. խորհուրդը մշակել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման համակարգ, ինչպես նաև իրականացրել է շուրջ 700 ուսուցչի վերապատրաստում (այս տարի նախատեսվում է վերապատրաստել ևս 1000-1500 անգլերենի ուսուցիչ): Անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում մարզային կառույցների հետ համագործակցությանը, որն ուղղված է մշակույթի ոլորտի և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ մշակույթի ռազմավարության մշակման աշխատանքներին Բրիտանական խորհրդի աջակցության, մշակույթի ոլորտում կառավարչական փորձի փոխանակման, ուսանողների անգլերենի իմացության կատարելագործման, ինչպես նաև ասպիրանտուրա ընդունվելու նպատակով TOEFL և IELTS թեստ հանձնելու վերաբերյալ հարցերը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]