Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Լոռիում հանցագործությունների գերակշիռ մասը կազմում են ապօրինի ծառահատումները և գողությունները. դատախազ Կարեն Գաբրիելյանի հարցազրույցը

Լոռիում հանցագործությունների գերակշիռ մասը կազմում են ապօրինի 
ծառահատումները և գողությունները. դատախազ Կարեն Գաբրիելյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի դատախազությունը շարունակելու է պայքարն ապօրինի ծառահատումների, գողությունների, զենքի և ռազմամթերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  ասաց  Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

-Պարոն Գաբրիելյան, 2021 թվականին Լոռու մարզում հանցագործության քանի՞ դեպք է գրանցվել: Որքա՞ն է կազմում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ նաև համեմատած նախորդ տարիների հետ:

- 2021 թվականի ընթացքում Լոռու մարզում արձանագրվել է հանցագործության 1974  դեպք` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1797 դեպքերի դիմաց, այսինքն, ունենք դեպքերի որոշակի աճ: Բացահայտման ցուցանիշը կազմել է 60,4 տոկոս՝ նախորդ տարվա 62,8 տոկոսի դիմաց:

Հանցագործության դեպքերի աճն արձանագրվել է հիմնականում միջին ծանրության հանցագործությունների մասով, որոնք ավելացել են 75 դեպքով կամ 15 տոկոսով:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ միջին ծանրության հանցագործությունների դեպքերի ընդհանուր թվի աճին, ի թիվս այլ հանցագործությունների, նպաստել են նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման դեմ ուղղված հանցագործություններով պայմանավորված դեպքերի աճը:

-Մարզում ո՞ր տեսակի հանցագործություններն են ավելի շատ գրանցվել և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք նվազեցնելու, բացահայտմանն ուղղված քննությունների որակը բարելավելու համար:

-Գրանցված հանցագործությունների գերակշիռ մասը կազմում են ապօրինի ծառահատումները և գողությունները: Դրանց նվազման ուղղությամբ տարվում են ամենօրյա աշխատանքներ: Մասնավորապես, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ոստիկանության թե՛ Լոռու մարզային վարչությանը և թե՛ ենթակա տարածքային ստորաբաժանումներին բազմաթիվ առարկայական հանձնարարություններ են տրվում: Բացի այդ, ներկայացվում են տասնյակ միջնորդագրեր «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ հանցագործություններ ծնող պատճառների և նպաստող պայմանների վերացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Միայն 2021թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ին և դրա մարզային ստորաբաժանումներին տրվել է նմանատիպ 50 միջնորդագիր, որոնց քննարկման արդյունքներով աշխատանքից ազատվել է 11 աշխատող, տասնյակ այլ աշխատողների նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության այլ միջոցներ:

Բացի այդ, ուսումնասիրվել են ապօրինի հատված ու մթերված փայտանյութերի՝ անտառից դուրս բերման ուղիները, դրանց համապատասխան հատվածներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցով սահմանվել է շուրջօրյա հսկողություն, ինչի արդյունքում բացահայտվել են անտառխախտման բազմաթիվ դեպքեր:

Ինչ վերաբերում է գողություններին, դրանց դեմ ուղղված պայքարը ևս դատախազության մշտական դիտարկման ներքո է: Հատկապես բնակարանային գողությունների վերաբերյալ յուրաքանչյուր քրեական գործով հսկող դատախազների կողմից համայնքապետարաններ ներկայացվում են միջնորդագրեր՝ դեպքի վայրին հարակից հատվածները տեսախցիկներով, իսկ բազմաբնակարան շենքերից կատարված գողությունների դեպքում՝ նաև դրանց շքամուտքերը կոդավորված փականներով կահավորելու համար: Այդ աշխատանքները թեև դժվարությամբ, սակայն արվում են: Մարզի մի շարք համայնքներում արդեն իսկ ավելացվել են ինչպես տեսախցիկների, այնպես էլ՝ շենքերի շքամուտքերին կոդավորված փականների քանակները: Այս հանցատեսակի յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ քրեական գործերով ևս տրվում են առանձին գրավոր ցուցումներ, յուրաքանչյուր ապացույցի արդյունավետ և որակյալ ձեռք բերման ուղղությամբ իրականացվում է պատշաճ հսկողություն՝ հնարավորինս բացառելու համար անգամ անուղղակի ապացույցի կորուստը, ապահովելու համար հանցագործությունների բացահայտումը: Այս առումով պետք է նշեմ, որ միայն բնակարանային գողությունների առնչությամբ պատկան մարմիններին գրվել է 76 միջնորդագիր, դրանք բոլորը քննարկվել են մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ: Արդյունքում մարզի տարածքում տեղադրվել է 256 տեսախցիկ, մասնավորապես՝ Վանաձորի Տարոնի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում՝ 32, Բազումի տարածքում՝ 65, Գուգարքում՝ 27, Սպիտակում՝ 10, Ստեփանավանում՝ 24, Տաշիրում՝ 51, Թումանյանում՝ 47:

Բացի այդ, Վանաձոր քաղաքում գտնվող բազմաբնակարան շենքերի շքամուտքերում տեղադրվել է 171 կոդավորվող փականներով դուռ:

Ընդհանուր առմամբ Լոռու մարզի դատախազությունը հետևողականություն է դրսևորում հատկապես հանցագործությունների ծնող պատճառների և պայմանների վերացման ուղղությամբ: Իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրելու, մեղավոր անձանց նկատմամբ կարգապահական բնույթի միջոցներ ձեռնարկելու համար 2021 թ. դատախազների կողմից 222 միջնորդագիր է հղվել: Գրեթե բոլորն ունեցել են իրենց արդյունքները. դրանցով բարձրացված խնդիրները լուծելուն ուղղված ձեռնարկվել են կոնկրետ միջոցներ, տարբեր բնագավառի տասնյակ մեղավոր անձինք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցների, մի շարք դեպքերում ընդհուպ աշխատանքից ազատվել են։ 

Օրինակ, 2021թ. ոստիկանության և քննչական մարմնի աշխատակիցների վերաբերյալ ներկայացվել է ծառայողական քննություն անցկացնելու 72 միջնորդություն, 2020թ. համեմատ 7 անգամ ավելի: Արդյունքներում մի շարք պաշտոնատար անձինք ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական տույժերի։

Մեր խնդիրն է նաև օբյեկտիվ և որակյալ քննությունների երաշխավորումը: 2021թ. դատախազների կողմից, օրինակ, վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին 30 որոշում՝ 9 անգամ ավելի 2020թ. համեմատ: Դրանցով հարուցվել են քրեական գործեր:

Դատախազների կողմից անձի պաշտոնավարումը դադարեցնելու 5 որոշում է կայացվել։ Քրեական գործերով քննությունների բազմակողմանիությունը, լրիվությունն և օբյեկտիվությունն ապահովելու համար 300 քրեական գործերով քննիչներին տրվել են 306 գրավոր ցուցում՝ 2020թ. համեմատ 7 անգամ ավելի, իսկ  առանձին քննչական գործողություններ կատարելու առնչությամբ 109 ցուցում պարունակող հանձնարություններ։

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումներին տրվել է քրեական գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ առարկայական 112 հանձնարարական՝ շուրջ 10 անգամ ավելի 2020թ. համեմատ:

Կիրառված դատախազական բոլոր ակտերը բխել են քրեական գործի նյութերից, դրանցով մանրակրկիտ վերլուծվել են քրեական գործի հանգամանքները և տրված ցուցումներն ու հանձնարարականները վերաբերել են այն գործողությունների կատարմանը, որոնք եղել են առաջնահերթություն, դրանցով միանշանակ ապահովվել է քրեական գործերի բնականոն ընթացքը, ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն, որոնց արդյունքում վարույթն իրականացնող մարմինը եկել է համարժեք իրավական եզրահանգման։ Դրանց արդյունավետության և կարևորության մասին է խոսում այն հանգամանքը, որ կիրառված բազմաթիվ դատախազական ակտերի դեմ որևէ առարկություն չի բերվել:

-Սպանությունների ինչ դեպքեր են արձանագրվել մարզի տարածքում, որքանով են դրանք բացահայտվել:

-Նախ նշեմ, որ մարզում 2021թ. արձանագրվել է սպանության դեպքերի նվազում՝ 4 դեպք՝ նախորդ տարվա 7-ի դիմաց։ 4 դեպքերից երկուսը ամբողջությամբ բացահայտվել են, իսկ մյուս երկուսը դեռևս մնում է չբացահայտված, չնայած նրան, որ դրանցից մեկը վերաբերում է անձի անհետ կորելուն, որի դիակն արդեն իսկ հայտնաբերվել է և դիակի արտաքին զննությամբ առկա մարմնական վնասվածքները վկայել են կենդանիների կողմից անձին հոշոտելու մասին։ Վերջնական պատկեր ունենալու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Իսկ մյուս չբացահայտված սպանությունը վերաբերում է Սպիտակ քաղաքի բնակչին բութ գործիքների գործադրմամբ կյանքից ապօրինաբար զրկելու հանգամանքին։ Նշված հանցավոր արարքը բացահայտելու համար բազմիցս գրավոր հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին, ՀՀ ոստիկանապետի տեղակալին հասցեագրվել է համապատասխան գրություն։ Միևնույն ժամանակ, դատախազության լիազորությունների շրջանակում ուսումնասիրվել է տվյալ դեպքի առնչությամբ օպերատիվ մարմնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիմքերը, դրանց արդյունքները, ինչի շրջանակներում տրվել են գրավոր ցուցումներ կոնկրետ տեսակների օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ։

Մյուս երկու բացահայտված դեպքերից մեկը վերաբերում է քրեական հեղինակություն ունեցող անձանց շրջանակներում նախկինում տեղի ունեցած խնդիրների շարունակությանը։Նշված դեպքի կատարման հանգամանքները մանրամասն վերլուծվել են մարզի դատախազությունում և դրա ծնող պատճառների և պայմանների առնչությամբ գրվել են միջնորդագրեր։ Բացի այդ, տուժողի հարազատների կողմից, ովքեր ըստ գործի նյութերի հանդիսացել են «օրենքով գող» անձի ազգականները, հնարավոր վենդետան կանխելու համար դեպքի օրվա դրությամբ մեր կողմից անհապաղ գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանապետի տեղակալին, ինչն էլ բնականաբար տվել է իր դրական արդյունքը։ Սպանություն կատարած անձը գտնվում էր հետախուզման մեջ և 2022թ. մարտի 15-ին ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության աշխատակիցների արդյունավետ գործողությունների շնորհիվ նա հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող քննիչին։ Իսկ մյուս բացահայտված սպանությունը վերաբերել է վրեժի հողի կապակցությամբ տեղի ունեցած դեպքին: Սպանության կատարմանը անմիջապես նախորդել էր մահվան ելքով ավտովթար և ավտովթարից տուժողի հարազատը, վրեժխնդիր լինելով , դեպքի հաջորդ օրը սպանել է ավտովթար մեղավորին։ Նշված սպանությունը չկանխելու, համապատասխան միջոցներ պատշաճ չձեռնարկելու համար ծառայողական քննություն անցկացնելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին։

Սպանությունների դեմ պայքարի արդյունավետությունը ուժեղացնելու, դրա կանխման, նախականխման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ այդպիսի երևույթները չեզոքացնելու համար իմ կողմից տրված բազմաթիվ հանձնարարականների հիման վրա 2022թ. հարուցված քրեական գործով խուզարկություն է կատարվել 43 անձի բնակարաններում և ավտոմեքենաներում, առանձին դեպքերում բերման են ենթարկվել մի շարք անձինք, ինչի արդյունքում հայտնաբերվել են ապօրինի պահվող տարբեր զենքեր, ռազմամթերք ու թմրամիջոցներ: Այդ արարքների կատարման համար դատախազության կողմից քննիչներին տրված գրավոր ցուցումների հիման վրա որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու 8 միջնորդություն է ներկայացվել դատարան, այդ միջնորդությունների քննարկմանը մասնակցել են մարզի դատախազության դատախազները: Դատարանի կողմից դրանք բավարարվել են:

Վերջերս Լոռու մարզի դատախազությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների առջև խնդիր է դրվել, որ հանցավոր վարքագիծ դրսևորող, քրեական ենթամշակույթի կանոններին այս կամ այլ կերպ հարող անձինք պետք է մշտապես լինեն մեր դիտարկման տեսադաշտում:

-Մարզում պաշտոնեական դիրքի չարաշահման ինչ դեպքեր են գրանցվել: Կարող եք դեպքերից մի քանիսը առանձնացնել:

-Նախ նշեմ, որ 2021թ. ըն­թաց­քում  քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 89 քրեական գործ: Դրանցից  9-ը՝ 16 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան:Կոռուպցիոն բնույթի հիմնական դեպքերը արձանագրվել են կրթության, բժշկական, տեղական ինքնակառավարման և անտառօգտագործման ոլորտներում։ Այս ոլորտներում առկա խնդիրները լուծելու, հանցագործության կատարման պատճառ, պայման հանդիսացող հանգամանքները վերացնելու ուղղությամբ Լոռու մարզպետին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին գրվել են բազմաթիվ միջնորդագրեր։

Ինչ վերաբերում է կոնկրետ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերին, ապա  հարուցվել և քննվել է նման 5 քրեական գործ: Դրանք վերաբերում են Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Օձունի համայնքապետարաններին, իսկ մեկը՝ Վանաձորի բժշկական կենտրոնի պաշտոնատար անձանց: Նշված քրեական գործերից մեկով վարույթը կարճվել է ոչ արդարացնող գործուն զղջալու հիմքով, իսկ համայնքին պատճառված վնասը հատուցվել է: Մեկ այլ քրեական գործով կալանավորվել է համայնքի նախկին ղեկավարը, մյուս գործերով անցնում են պաշտոնատար և նրանց հետ փոխկապակցված անձանց տարբեր շրջանակներ, նախաքննությունն ընթացքի մեջ է: Այս գործերը վերաբերում են համայնքի տարածքում հողերի ենթադրյալ ապօրինի օտարումներին, փաստացի չկատարված աշխատանքների դիմաց համայնքի կողմից, չտրամադրված սարքավորումների դիմաց բուժհաստատության բյուջեներից հատկացումներ կատարելուն:

Համայնքների խախտված իրավունքները և վնասները վերականգնելու հետ կապված էլ նշեմ, որ մի շարք քրեական գործեր արդեն իսկ քննվում են դատարանում, մեղադրյալների գույքերի վրա կալանքներ են դրվել, իսկ ոչ արդարացնող հիմքով վարույթը կարճված քրեական գործերով, օրինակ, կապված Վանաձորի և Ստեփանավանի համայնքապետարանների հետ, առաջարկ-միջնորդություններ են ներկայացվել, որպեսզի Քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական հայցեր ներկայացվեն դատարան՝ համայնքների խախտված իրավունքները վերականգնելու և ապօրինի օտարված գույքերը համայնքին վերադարձնելու համար: Ընդ որում, խոսքը 2 տասնյակից ավելի գույքերի մասին է:

-2021թ. քանի՞ արդարացման դատավճիռներ են գրանցվել: Որո՞նք են այդ դեպքերը: Արդյոք բողոքարկվե՞լ են վերադաս ատյաններ:

-2021թ. ընթացքում կայացվել է արդարացման 2 դատավճիռ: Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Կարեն Կոնգուրցևին, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Արմեն Ծառուկյանին: Նշված արդարացման դատավճիռներից մեկի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, իսկ մյուսի դատական ակտն ստանալուն պես նախատեսվում է ներկայացնել վերաքննիչ բողոք:

Լոռու մարզում միշտ արդիական է եղել ապօրինի անտառահատումների դեմ պայքարը: Որպես մարզի դատախազ՝ ինչպես եք գնահատում դրա արդյունավետությունը,  ինչ միջոցներ են ձեռնարկվում հատկապես այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումները վերացնելու ուղղությամբ:

Ինչպես վերը նշեցի, անտառխախտումների դեմ պայքարը Լոռու մարզի դատախազության մշտական ու ամենօրյա հսկողության տակ է: Տարվող պայքարի արդյունավետությունը գնահատում եմ դրական:

Դրա վկայությունն է այն իրողությունը, որ 2021թ. էապես կրճատվել է ապօրինի ծառահատումների քանակը։ Եթե 2020թ. արձանագրվել է ապօրինի հատված 3939 ծառ, ապա 2021թ.՝ 2187 ծառ, այսինքն՝ շուրջ 45 տոկոսով պակաս:

2021թ. ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման ու փայտանյութի ապօրինի մթերման 390 դեպք, որոնցից 172-ով նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 75 նյութ ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ 143 դեպքով հարուցվել են քրեական գործեր:

Պատճառված վնասը կազմել է 193 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է շուրջ 30 մլն դրամ։ Չհատուցված մասով գումարը բռնագանձելու պահանջով պետական մարմնին առաջարկվել է ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ, նաև դատախազության կողմից ներկայացվել են քաղաքացիական հայցեր:

Ապօրինի անտառահատման վերաբերյալ յուրաքանչյուր գործով քննության առարկա է անտառտնտեսության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կոռուպցիոն ներգործության առկայությունը: 2021թ. ընթացքում մարզի տարածքում գործող անտառտնտեսությունների համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն թույլ տալու առերևույթ դեպքերի կապակցությամբ հարուցվել է 54 քրեական գործ, որոնցից  21-ը 37 անձի վերաբերյալ վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ մեղադրական եզրակացություններով ուղարկվել է դատարան:  Մեղադրյալների գույքերի վրա դրվել են կալանքներ և ներկայացվել են քաղաքացիական հայցեր՝ պետությանը պատճառված վնասի հատուցումն օրենքով սահմանված կարգով ապահովելու համար:

-Վանաձորի նախկին քաղաքապետի վերաբերյալ գործով համայնքին պատկանող գույքի հանցավոր եղանակով օտարման բազմաթիվ նման հանգամանքներ էին պարզվել: Ինչ ընթացք ունեցավ այդ գործը  և հաջողվեց արդյոք Վանաձորին վերադարձնել իր գույքը:

-Այդ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանում մեղադրյալ-ամբաստանյալ Սամվել Դարբինյանը չի առարկել ոչ արդարացման հիմքով, այն է վաղեմության ժամկետով քրեական գործով վարույթը կարճելու, իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ: Եվ դատարանը որոշում է կայացրել ոչ արդարացման հիմքով նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին։

Համայնքին պատկանող և ապօրինի օտարված գույքը համայնքին վերադարձնելու նպատակով դատախազության կողմից համայնքապետարանին առաջարկվել է քաղաքացիական հայց ներկայացնել դատարան: Ավելին, այդ գործընթացի նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով իմ կողմից համապատասխան գրություններ են հասցեագրվել Լոռու մարզպետին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

-Հանրապետությունում ՃՏՊ-ների թիվը, այդ թվում նաև մահվան ելքով, ավելացել է: Դատախազությունը պարբերաբար հանդես է գալիս այս ոլորտի խնդիրների լուծմանը, կանխարգելմանն ուղղված միջնորդագրերով: Դրանք կոնկրետ արդյունքներ տվե՞լ են:

-2021թ. ընդհանուր առմամբ արձանագրվել է ճանապարհային պատահարների 259 դեպք (2020թ.՝ 268 դեպք), որից մահվան ելքով դեպքերը եղել են 25-ը, իսկ ընդհանուր մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը՝ 371: Դեպքերի մեծամասնությունը տեղի են ունեցել միջպետական և տեղական նշանակության ճանապարհների վրա, հիմնականում արագության գերազանցման և վազանց կատարելու պատճառով։

Տվյալ վայրերը քարտեզագրվել են, ուսումնասիրվել են ճանապարհային նշաններով, գծանշումներով կամ անհրաժեշտ ենթակառուցվածքներով, ինչպես նաև տեսագրող սարքերով կահավորվածության հանգամանքները: Թերություններ հայտնաբերվելու դեպքում մենք միջնորդագրեր ենք ներկայացնում իրավասու մարմիններին: Դատախազությունը հետևողական է, որպեսզի ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու յուրաքանչյուր դեպքով այդպիսի արարք կատարած անձինք ենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:

-Որո՞նք են 2022թ. մարզի դատախազության առաջնային քայլերը, ինչ ուղղությամբ է հիմնական աշխատանքը տարվելու:

 -Ինչպես նախորդ տարիներին, 2022 թվականի ևս Լոռու մարզի դատախազությունը ոչ պակաս ինտենսիվությամբ շարունակելու է պայքարն ապօրինի ծառահատումների (փայտանյութի ապօրինի մթերման), գողությունների, զենքի և ռազմամթերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ:

Նախատեսվում է շարունակել մեծածավալ աշխատանքը՝ կրկնահանցավորության, անչափահասների շրջանում հանցավորության ցուցանիշները նվազեցնելու, ընտանեկան բռնությունների վերաբերյալ դեպքերին պատշաճ արձագանքելու և իրավական համապատասխան ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ: Սա էապես դրական կարող է ազդել մարզի տարածքում հանցավորության վիճակի վրա: Ընտանեկան բռնությունների առումով կարող եմ փաստել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով դատախազների կողմից հարուցվել է 20 քրեական գործ և նույնքան անձինք դատի են տրվել։ 2020թ. ընթացքում այդպիսի հանգամանքներով հարուցվել էր 1 քրեական գործ։

Ինչպես նախորդ տարի, 2022թ. դատախազության առաջնահերթ խնդիրներից է լինելու հանցագործությունները ծնող պատճառների, նպաստող պայմանների վերհանումն և դատախազական ներգործության միջոցներով պատկան մարմիններին հաղորդումներ և միջնորդագրեր ներկայացնելը։ Այս տարեսկզբից ի վեր արդեն իսկ պատկան մարմիններին ներկայացրել ենք 59 միջնորդագիր։ Անհրաժեշտ հետևողականություն ենք դրսևորելու դրանցով առաջ քաշված խնդիրները լուծելու ուղղությամբ, դրանց մեծամասնության քննարկմանը պարտադիր մասնակցելու են դատախազները։

Շարունակելու ենք դատախազական ներգործության միջոցներով ապահովել քննությունների լիարժեքությունը և որակը։ 2022թ. հունվարի 1-ից մինչ օրս քննիչներին արդեն իսկ տրվել են 102 գրավոր ցուցումներ: Քննությունների շրջանակում դատախազական միջոցառումները միտված չեն վարույթն իրականացնող մարմիններին պատժելուն, այլ քննությունների արագությունը, արդյունավետությունը, համակողմանիությունն ու օբյեկտիվությունը բարձրացնելուն:  

Բացի այդ, կարևոր ուղղություններից է մարզի բնակիչ-դատախազություն շփումների ակտիվացումը:  2021թ. մարզի դատախազությունում կազմակերպվել է քաղաքացիների 96 ընդունելություն, որը կրկնակի ավելի է 2020թ. համեմատ; Դրանք անհրաժեշտությունը պայմանավորված է հիմնականում նրանց կողմից կրկնակի անգամ ներկայացված բողոքները քննարկելու, նախնական դիմումների շուրջ դժգոհ մնալու հանգամանքների հետ:

Բացի այդ, դատախազները ընդունելություն նախաձեռնում են ընտանեկան բռնություններից ենթադրյալ տուժած անձանց բողոք չներկայացնելու իրական հիմքերը և պատճառները պարզելու, ինչպես նաև ոչ արդարացնող հիմքով՝ հիմնականում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի կանոններով քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու հիմքերը և հիմնավորումները ենթադրյալ հանցանք կատարած անձանց պարզաբանելու համար։  Այս առումով կցանկանայի նշել, որ մինչդատական քրեական վարույթի փուլում դատախազների համաձայնությամբ 2021թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ կայացվել է քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու 52 որոշում: 2020թ. այդպիսիք եղել են 3-ը:

Կարեն Խաչատրյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]