Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Մենթոր դպրոցներում կներդրվեն էլեկտրոնային ուսուցման որակի ապահովման չափորոշիչներ

Մենթոր դպրոցներում կներդրվեն էլեկտրոնային ուսուցման որակի ապահովման 
չափորոշիչներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ հայաստանյան գրասենյակի հետ եռօրյա վերապատրաստման դասընթաց է անցկացրել «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագրում որպես մենթոր ընդգրկված 17 դպրոցների ներկայացուցիչների համար։ Վերապատրաստման դասընթացի նպատակը եղել է էլեկտրոնային ուսուցման որակի ապահովման չափորոշիչներն ու ընթացակարգերը ներկայացնելը, ինչպես նաև՝ մենթոր դպրոցների կարողությունների զարգացումը, փորձի փոխանակումն ու մենթոր դպրոցների համայնքի ձևավորումը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից։

«Ակնկալվում է, որ դասընթացի արդյունքում ձեռքբերված գիտելիքները և հմտությունները թույլ կտան որակի ապահովման այս գործիքակազմի ներդնումն ու կիրառումը համակարգային դարձնել։

Նշենք, որ վերապատրաստման այս դասընթացին մասնակցում էին 2021 թ․–ի սեպտեմբերից մենթորական աշխատանք իրականացնուղ 17 դպրոցների ուսուցիչներ, փոխտնօրեններ և տնօրեններ.,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կարևորելով էլեկտրոնային ուսուցման դերը՝ երեխաների կրթության շարունակականության ապահովման գործում։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դպրոցներին, որոնք ներգրավվել են ծրագրում՝ որպես մենթոր, միևնույն ժամանակ ընդգծելով, որ նախարարության վերջնական նպատակը բոլոր դպրոցներում ուսուցիչների ֆիզիկական ներկայությունն ապահովելն է։ «Կարևորելով այս ծրագիրն ու ջանքը, որ գործադրում է այս գործընթացում ներգրավված յուրաքանչյուր ոք, մենք, այնուամենայնիվ, պետք է կանգ չառնենք՝ կարծելով, թե մեր բոլոր խնդիրներն այսքանով կարող ենք լուծված համարել։ Մենք մեր խնդիրները կարող ենք լուծված համարել  միայն ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված մեր քաղաքականությունները կյանքի կոչելով։ Մենք պետք է անենք հնարավորը՝ երիտասարդների համար ուսուցչի աշխատանքը ցանկալի կենսագիծ դարձնելու համար։ Դրանից հետո մենթոր դպրոցներն իրենց գործունեությունը կկարողանան շարունակել իբրև մեթոդական խորհրդատվության, վերապատրաստումների, կրթության որակի ամրապնդմանն ուղղված գործողություններ իրականացնող դպրոցներ, բայց այդ աջակցությունն ուղղված կլինի ուսուցիչներին, ովքեր դպրոցներում կապահովեն մեր երեխաների կրթությունը։ Դրան հասնելու առաջին նախապայմանը ուսուցիչների աշխատանքային պայմանների բարելավումն է՝ այդ թվում վարձատրության համակարգի և երաշխիքների ամբողջական փաթեթի տրամադրման տեսքով։ Մենք համոզված ենք, որ հանրակրթությունը չի կարող իրականացվել հեռավար եղանակով, բայց էլեկտրոնային ուսուցումը կարող է դառնալ շատ կարևոր օժանդակ գործիք՝ ուսուցման արդյունավետության բարձրացման և սովորողների հետաքրքրությունները խթանելու համար»,– նշել է փոխնախարարը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ևս կարևորել է կրթական համակարգի թվայնացման ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը և նշեց, որ դա մարտահրավեր է ողջ աշխարհի համար։ «ՅՈՒՆԻՍԵՖ–ը կարևորում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի e-school Armenia նախագծի աշխատանքը, որը մեր կազմակերպության աջակցությամբ մեկնարկեց 2020 թ․–ին և հաջողությամբ գործում է մինչ օրս՝ ընդլայնելով իր գործունեությունը։ Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում դեռ համավարակից առաջ շատ էին խոսում կրթական համակարգերի արդիականացման անհրաժեշտության մասին։ Կովիդ-19 համավարակը կրթական համակարգի համար ևս մեկ ճգնաժամ էր, որի հաղթահարման համար կարևոր էր էլեկտրոնային ուսուցման ժամանակակից գործիքների կիրառումը։ Այս իմաստով համավարակը ոչ միայն ճգնաժամ ստեղծեց, այլև հնարավորություններ՝ առավել արդիական լուծումներ գտնելու համար։ Շատ ուրախ եմ, որ մենթոր դպրոցները հստակ գիտակցում են իրենց կարևորությունն այս գործընթացում»,– ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի ներկայացուցչի տեղակալը։

ԿՏԱԿ Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանի խոսքով՝ «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագիրը գործարկվել է՝ հիմքում ունենալով 2020-ից հեռավար կրթության ոլորտում կառույցի ունեցած փորձառությունը, որը ծրագրի արդյունավետ իրականացման գրավական է դարձել․

«Այս ծրագրի տեսլականը յուրաքանչյուր սովորողի համար որակյալ կրթություն ստանալու  հավասար հնարավորությունների ապահովումն է։ Մեր հիմնական նպատակը մարզային դպրոցներում սովորողների կրթության շարունակականությունն ապահովելն էր։ Այսօր արդեն մեր մենթորական ցանցում կա 17 դպրոց՝ 130 մենթոր ուսուցիչներով։ Միակ մարզը, որտեղ մենք պատվիրատու դպրոցներ չունենք, Տավուշի մարզն է։ Մյուս բոլոր դպրոցներում այս պահին մասնագետների լուրջ կարիք կա՝ շուրջ 120 մասնագետի։ Ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտները տեխնիկական բնույթ են կրում՝ կապված ինտերնետ կապի որակի կամ համապատասխան տեխնիկական միջոցների պակասի հետ։ Այս հարցերը ևս մեր ուշադրության կենտրոնում են»,– նշել է Ռաիսա Ավետյանը։

ԿՏԱԿ-ից հայտնում են, որ միջոցառման ավարտին մենթոր դպրոցներին և ուսուցիչներին խրախուսական նվերներ են հանձնվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի կողմից։

«Հիշեցնենք, որ «E-school Armenia» նախագիծը, որն իրականացնում է հեռավար կրթության ծրագրերը, մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին՝ ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունը` 2021 թ․–ի սեպտեմբերից որոշվեց համակարգն ըստ անհրաժեշտության օգտագործել նաև ուսուցիչների բացակայության պայմաններում երեխաների կրթության շարունակականության ապահովման համար՝ «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագրի շրջանակում։

2021 թ․–ի օգոստոսին վերապատրաստումներ են իրականացվել ծրագրում որպես մենթոր ընդգրկվելու պատրաստակամություն հայտնած 17 դպրոցների ներկայացուցիչների համար, որոնք այս պահին էլեկտրոնային ուսուցում են ապահովում 59 մարզային դպրոցների համար, որտեղ այս կամ այն առարկան չի դասավանդվել՝ ուսուցչի բացակայության պատճառով՝ կրթության շարունակականություն ապահովելով ավելի քան 3500 աշակերտների համար։

2022 թ․–ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարել է նոր մրցույթ՝ մենթորական ցանցի ընդլայնման համար, որի արդյունքները կամփոփվեն մինչև նոր ուսումնական տարին։ Ակնկալվում է, որ մենթոր դպրոցների թիվը կարող է ավելանալ՝ հասնելով 25–ի՝ ծրագրի պահանջարկով պայմանավորված։ Բացի այդ, յուրաքանչյուր տարի իրականացվող մշտադիտարկման արդյունքում արդեն գործող մենթոր դպրոցները, որոնք չեն համապատասխանի սահմանված որակի չափանիշներին, կփոխարինվեն այլ դպրոցներով»,- հայտնում են ԿՏԱԿ-ից։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]