Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետական մակարդակով Ցեղասպանության փաստը ճանաչելու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ պետք է անցնի. թուրք պատմաբան

Պետական մակարդակով Ցեղասպանության փաստը ճանաչելու համար Թուրքիան դեռ 
շատ ճանապարհ պետք է անցնի. թուրք պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 23-ին Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանում տեղի է ունեցել թուրք գիտնական, պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպանության անատոմիան Օսմանյան կայսրությունում 1878-1924 թթ.» խորագրով դասախոսությունը, որը կազմակերպել էին Հունաստանում ՀՀ դեսպանությունն ու Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային պետական համալսարանի քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա էին Աթենքի ազգային համալսարանի ուսանողներ և դասախոսներ, Հունաստանի խորհրդարանի և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ներածական խոսքով հանդես է եկել քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետի դեկան Միխայիլ Ցինիսիազելիսը, ով կարևորել է պատմաբան Թաներ Աքչամի դասախոսությունը՝ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ իրագործված ցեղասպանության պատճառներն ուսումնասիրելու տեսանկյունից, և շնորհակալություն հայտնել ՀՀ դեսպանությանը ընձեռած նման հնարավորության համար։

Միջոցառման մասնակիցներին տեսակապով ողջույնի խոսք է հղել Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով Աթենքի համալսարանին դասախոսության անցկացման գործում աջակցության համար, բարձր է գնահատել Թաներ Աքչամի գործունեությունը՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ գիտական արժեքավոր գործունեության հետևանքով ցեղասպանության կրթությանը էական նպաստ բերելու գործում։

Անդրադառնալով դասախոսության նյութին՝ դեսպանն ընդգծել է, որ պրոֆեսոր Աքչամի կողմից «Ցեղասպանության անատոմիան» 1878 թ.-ից սկսելը պատահական չէ, քանի որ այդ թվականին ստորագրված Սան Ստեֆանոյի և այնուհետև Բեռլինի միջազգային պայմանագրերում առաջին անգամ իրավական հարթությունում արձանագրվում է Օսմանյան կայսրության հայ բնակչության համար առկա անվտանգության սպառնալիքները և պահանջվում են բարեփոխումներ հայկական վիլայեթերում։ Դեսպանը հավելել է, որ այդ գործընթացի տապալումն էր, որ հանգեցրեց հայ ժողովրդի պատմության ամենադաժան դրվագին՝ Հայոց ցեղասպանությանը։

Դեսպանն իր խոսքում անդրադարձել է նաև ՄԱԿ Մարդու Իրավունքների Խորհրդում Հայաստանի հեղինակած Ցեղասպանության կանխարգելման բանաձևերի կարևորությանը, և ընդգծել, որ բազմաթիվ պետություններ, ներառյալ Հունաստանը, հանդես են եկել որպես բանաձևի համահեղինակ:

Պատմաբան Թաներ Աքչամն իր դասախոսության մեջ անդրադարձել է Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանությանը և նշել այն գործոնները, որոնք հիմք են հանդիսացել դրա իրագործման համար:

Ըստ Թաներ Աքչամի` Օսմանյան Կայսրության իշխանությունը չէր կարող հաստատել հավասարության վրա հիմնված համակարգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրիստոնյաները չէին տեղավորվում մահմեդական ինստիտուտների մեջ:

Թուրք պատմաբանը նշել է, որ Օսմանյան իշխանությունները նպատակ ունեին վերակազմավորել ողջ «Անատոլիան»՝ դիմելով ժողովրդագրական փոփոխությունների՝ հիմք դնելով ստեղծելու այսօրվա ժամանակակից Թուրքիան:

Եզրափակելով իր խոսքը` Թաներ Աքչամը նշել է, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի հասարակությունը սկսել է առերեսվել իր պատմական անցյալի հետ, սակայն պետական մակարդակով Ցեղասպանության փաստը ճանաչելու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ պետք է անցնի. դա նաև իրավական հետևանքների հարց է, որը նույնպես միանշանակ չի ընկալվում այդ երկրում:

Պրոֆեսոր Աքչամը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]