1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայտնի են «Սլավյանսկի բազար 2022» մրցույթի հայաստանյան պատվիրակների անունները

Հայտնի են «Սլավյանսկի բազար 2022» մրցույթի հայաստանյան պատվիրակների 
անունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սլավյանսկի բազար 2022»-ի մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնի Կարինա Սահակյանը, իսկ երիտասարդ կատարողների մրցույթում՝ Մարիա Խանդանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Սլավյանսկի բազար 2022» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը,  որը նախաձեռնել էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը, տեղի ունեցավ մարտի 24-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի խոսքով՝ պրոֆեսիոնալ ժյուրին վստահաբար ճիշտ որոշում է կայացրել, իսկ թե ինչպես մասնակիցները հանդես կգան մրցույթում,  կախված է առաջիկա երեք ամսվա ընթացքում սպասվող ահռելի աշխատանքից: «Քոլեջի ամբողջ աշխատակազմը՝ վոկալիստները, խորեոգրաֆները և այլ մասնագետներ աշխատելու են Հայաստանի պատվիրակների հետ, որպեսզի նրանք փայլուն ներկայանան»,-շեշտեց Կիրակոսյանը:

12-ամյա Կարինա Սահակյանը, որն ուրախությունից թռչկոտում էր բեմում, նշեց՝ սպասում էր, որ իրեն կընտրեն, որովհետև սեփական կատարումն իրեն շատ դուր է եկել: «Փորձում էի այնպես երգել, որ իմ ընտանիքի անդամները, իմ հարազատները ևս գոհ լինեն, հակառակ դեպքում ինձ հաղթող չէի համարի»,-ասաց նա:

Կարինան առաջին անգամ չէ, որ մրցույթի է մասնակցելու: Մրցույթները նրան հնարավորություն են տալիս հավաքվել ու բեմում լիարժեք արտահայտել իրական հույզերն ու ապրումները:

Իսկ Մարիա Խանդանյանը, որը 18 տարեկան է, ելույթ ունենալիս շատ լարված է եղել և չի ակնկալել, որ իրեն կընտրեն, սակայն շատ է ցանկացել հաղթել: «Ելույթիս ընթացքում դահլիճի ոգևորությունն ինձ առավել ոգևորեց»,-ասաց նա ու հավելեց, որ անպայման իր վոկալի ուսուցչուհի Լուսինե Կչոզյանի և Վրեժ Կիրակոսյանի հետ կքննարկի, թե ինչ գործեր է անհրաժեշտ ներկայացնել «Սլավյանսկի բազար 2022»-ին:

Հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի կանոնակարգի համաձայն՝ մանկական կատարողների կազմում ելույթ ունեցան 8-14, իսկ երիտասարդ կատարողների կազմում՝ 18-31 տարեկան անհատ կատարողներ։ Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել կատարողներ ԱՄՆ-ից և Ռուսաստանի Դաշնությունից, որոնց կենդանի կատարումները ժյուրին ունկնդրեց և գնահատեց առցանց տարբերակով։

Նախընտրական փուլի ընթացքում մասնակիցները կատարեցին իրենց ընտրած 2, ոմանք էլ երեք երգ, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին նախ գնահատեց մասնակիցների  վոկալային տվյալները, ապա նաև բեմական կեցվածքը։

«Սլավյանսկի բազար 2022» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրին, որի կազմը գլխավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, առավելագույն միավորներ ստացած մասնակիցներից ընտրեց հաղթողներին։ Մինչ հաղթողների անունները հայտնի կդառնային, մրցույթի բոլոր  մասնակիցները կազմկոմիտեի կողմից ստացան մասնակցության հավաստագրեր։

«Սլավյանսկի բազար 2022» ամենամյա մրցույթը կանցկացվի հուլիսի 14-17-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]