Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Վարդենիսի դպրոցն արժանացել է Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղի կողմից շնորհված մրցանակների եւ հավաստագրերի

Վարդենիսի դպրոցն արժանացել է  Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղի 
կողմից շնորհված մրցանակների եւ հավաստագրերի

ԳԱՎԱՌ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենը եւ անգլերեն լեզվի մասնագետները պարգեւատրվել են  Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղի կողմից շնորհված մրցանակներով եւ հավաստագրերով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Հայկանուշ Բարսեղյանը, մրցանակները եւ հավաստագրերը շնորհվել են «Անգլերենի ակումբներ․ արդի հմտություններ, ուժեղ հասարակություն» ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո։ Մրցանակները եւ հավաստագրերը հանձնվել են մայրաքաղաքում հրավիրված հանդիպման ընթացքում, որին մասնակցել են  Հայաստանում Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության եւ արտադպրոցական ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, Բրիտանական Խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը։ Մրցանակները եւ հավաստագրերը հանձնվել են  ընտրված դպրոցների տնօրեններին, ակումբներում դասավանդող անգլերենի ուսուցիչներին, մենթորներին։

«Վարդենիսի թիվ 3 հիմնական  դպրոցը եւս  երեք տարի անընդմեջ ակտիվ մասնակցություն ունեցավ «Անգլերենի ակումբներ․ արդի հմտություններ, ուժեղ հասարակություն» ծրագրին։Այն մեր դպրոցում ներդրվեց 2019 թվականի վերջերից։ Ծրագրի առաջին փուլում վերապատրաստվեցին մեր դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհիներ Աստղիկ Սաֆարյանը, Մայա Պետրոսյանը եւ Ռոմելա Խլղաթյանը։ Նրանց տրվել է Քեմբրիջի համալսարանի սերտիֆիկատ, որն անցողիկ է աշխարհի 250 երկրներում։ Այնուհետ դպրոցին հատկացվեցին նոթբուքեր, գրատախտակ,դասագրքեր, գույք։ Կահավորվեց երկու դասասենյակ։Արտադասարանական անվճար խմբակներին մասնակցեցին բազմաթիվ աշակերտներ՝ կատարելագործելով խոսակցական անգլերենը։ Բացի մեր դպրոցի աշակերտներից՝ արտադասարանական խմբակներին մասնակցելու հնարավորություն ունեցան նաեւ մեր քաղաքի մյուս դպրոցների աշակերտները։ Մեր անգլերենի մասնագետները հավաստագրեր ստացան, դպրոցը եւս պարգեւատրվեց, մրցանակներն ու հավաստագրերը հանդիսավոր հանձնվեցին տնօրենին, ծրագիրն իրականացնող անգլերենի ուսուցիչներին, ովքեր ամենայն պատասխանատվությամբ վերաբերվելով իրենց աշխատանքին` նպաստեցին «Անգլերենի ակումբի ծրագիրը» հաջողությամբ իրականացնելուն։ Մեր դպրոցի անգլերենի ուսուցիչները միաժամանակ իրենց հմտությունները փոխանցեցին մեր դպրոցի մյուս ուսուցիչներին։ Այս ծրագիրը լուրջ ձեռքբերում էր մեզ համար»,-ներկայացրեց դպրոցի տնօրեն Հայկանուշ Բարսեղյանը։

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]