1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եթե փորձեն դուրս մղել Ռուսաստանին՝ պատասխանը կարող է շատ կոշտ լինել. Մարկեդոնովը՝ Արցախի իրադրության մասին

Եթե փորձեն դուրս մղել Ռուսաստանին՝ պատասխանը կարող է շատ կոշտ լինել. 
Մարկեդոնովը՝ Արցախի իրադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հակասություններ ունի Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության հարցի շուրջ: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) առաջատար հետազոտող Սերգեյ Մարկեդոնովը պարզաբանում է, որ եթե նախկինում ռուս-ադրբեջանական այդ հակասությունը մնում էր ոչ հրապարակային դաշտում, ապա վերջին սրացումներից հետո այն դուրս եկավ ջրի երես Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հայտարարությունների միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ռուսաստանցի քաղաքագետը նշեց «Հոդված 3» ակումբի՝ «ԷՍԿԱԼԱՑԻԱ ԱՐՑԱԽՈՒՄ . ԳԱԶԱՅԻՆ ՏԵՌՈՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԼՈԿԱԼ ՄԱՐՏԵՐ» թեմայով հեռավար քննարկման ժամանակ:

Մարկեդոնովի խոսքով՝ Ռուսաստանում հիմա շատ «մոդայիկ» է դարձել Արցախում Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները որպես Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բնութագրելը՝ նկատի ունենալով ռազմական գործողությունները Ուկրաինայում: Սակայն ռուսաստանցի քաղաքագետը թերահավատորեն է վերաբերվում այդ տեսակետին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում կան «համակարգային խնդիրներ», որոնք գոյություն ունեին նաև մինչև Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողության սկսվելը:

«Նկատի ունեմ այն լուրջ տարաձայնությունները, որոնք կան Երևանի և Բաքվի միջև Լեռնային Ղարաբաղում իրերի դրության մասին: Ակնհայտ է, որ Բաքուն 2022 թ. շատ ավելի վաղ հարց էր բարձրացնում Ղարաբաղի այսպես կոչված «ապառազմականացման» վերաբերյալ: Տվյալ պարագայում հակասություն կա ռուս խաղաղապահների առնչությամբ: Եթե նախկինում այդ հակասությունը հրապարակային դաշտում չէր, ապա այժմ այն դուրս եկավ ջրի երես փոխադարձ հայտարարությունների միջոցով, կոշտ հայտարարությունների փոխանակման երկու ռաունդ է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարություններից», - մեկնաբանեց Սերգեյ Մարկեդոնովը:

Իսկ Հայաստանի Հանրապետությունը, Մարկեդոնովի մեկնությամբ, ընդգծում է, որ ի հեճուկս Ադրբեջանի հայտարարությունների՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է օրակարգում, չճանաչված Արցախի Հանրապետությունը ունի իր ներքին քաղաքական ու հասարակական կյանքը, և կարգավիճակի հարցը չի կարող անտեսվել:

Ուկրաինական հակամարտությունը, ըստ քաղաքագետի, ազդում է Արցախյան կոնֆլիկտի վրա այն առումով, որ ձևավորվել է որոշակի ընկալում, նույնիսկ կարելի է ասել՝ պատրանք, թե Ռուսաստանը հիմա շատ ծանրաբեռնված է Ուկրաինայով, և կարելի է առիթից օգտվելով՝ որոշ արդյունքների հասնել: Բայց Սերգեյ Մարկեդոնովը շտապեց անմիջապես փարատել Բաքվի այդ հույսերը. «Իրավիճակը ամենահուսալին չէ, քանի որ Ռուսաստանը բոլոր կոնֆլիկտներում էլ փորձում է կառչել ստատուս-քվոյից, փորձում է չափավորական դիրք գրավել, բայց եթե փորձում են դուրս մղել նրան, պարզ ասած՝ վռնդել և հաշվի չառնել իր շահերը՝ պատասխանը կարող է շատ կոշտ լինել: Ես չեմ ուզում սպառնալիքներով կամ նման ինչ-որ բաներով զբաղվել, ես պարզապես վերլուծում եմ Ռուսաստանի պահվածքի տրամաբանությունը և նկարագրում այդ մոդելը՝ ինչպես որ կա»:

Շաբաթներ շարունակ Ադրբեջանը հետևողականորեն սրում է ռազմական, բարոյահոգեբանական և հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շրջանում: Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել էին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուս խաղաղապահների և Արցախի լիազոր մարմինների վարած բանակցությունները ադրբեջանական կողմի հետ արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Մարտի 25-ին ադրբեջանական զինուժը շարունակել է ագրեսիվ գործողությունները՝ հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթարներ», որոնց հարվածների հետևանքով հայկական կողմից զոհվել էր երեք զինծառայող, 10-ից ավելին ստացել էին տարբեր աստիճանի վիրավորումներ: Արցախի իշխանության մարմինները և ռուս խաղաղապահները երկար ժամանակ բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ, որպեսզի Ադրբեջանը հետ քաշի իր զորքերը ելման դիրքեր:

Մարտի 26-ին պաշտոնական Մոսկվան բարձր մակարդակով անդրադարձավ ստեղծված իրավիճակին: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի ներխուժումը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և հրադադարի խախտումները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: ՌԴ ՊՆ-ն էլ ներկայացրել էր տեղի ունեցածը՝ նշելով, որ մարտի 24-ին և 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի և դիտակետ են տեղադրել, «Bayraktar-TB 2» տեսակի ԱԹՍ-ներից 4 հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ գյուղի հատվածում:

Բաքուն չէր խորշել Մոսկվայի դեմ հրապարակային առճակատման գնալուց՝ հայտարարելով, թե ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը հակասում է փետրվարի 22-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված «ռազմավարական համագործակցության մասին հռչակագրի ոգուն»:

Իսկ հաջորդ օրը՝ մարտի 27-ին, երբ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկագիրը հայտնեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Ասկերանի Փառուխ գյուղի շրջանից, Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, թե «Փառուխ գյուղում և հարակից բարձունքներում Ադրբեջանի ԶՈՒ դիրքերում որևէ փոփոխություն չի եղել»:

Արամ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]