Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված գրքի շնորհանդեսը

Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել Դադիվանքի հայկական վանական 
համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված գրքի 
շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 27-ին Հռոմի Սան Նիկոլա դա Տոլենտինո (Սուրբ Նիկողայոս) եկեղեցում Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի՝ Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված «Դադիի վանք Dadivank» գրքի շնորհանդեսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ներկաներին ողջունել և ելույթով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը։

Դեսպանն իր ելույթում կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը և հայերեն ու օտար լեզուներով գիտական ուսումնասիրությունների առկայությունը։

Դեսպանը հատկապես կարևորել է այս միջոցառման անցկացումն այսօր՝ հաշվի առնելով իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական դարավոր ներկայության մասին պատմական վկայությունները վերացնելու ուղղությամբ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև Արցախում հետևողականորեն առաջ տարվող էթնիկ զտման միտումները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը։ Արա Զարյանը և Քրիստին Լամուրեն հանդես եկան Դադիվանքի որմնանկարների վերաբերյալ ծավալուն պրեզենտացիայով, որի ընթացքում մանրամասն ներկայացվել են Դադիվանքի վանական համալիրի Կաթողիկե եկեղեցում գտնվող՝ 1297-ին թվագրվող, որմնանկարների հայտնաբերման և ուսումնասիրման պատմությունը, ցուցադրվեցին որմնանկարների և հայերեն արձանագրությունների վիճակը վերականգնումից առաջ և հետո։

Միջոցառմանը ներկա էին դեսպաններ, դիվանագետներ, բարձրաստիճան հոգևորականներ, դատավորներ, ակադեմիական և մշակութային շրջանակի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]