Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Դեռ վաղ է ասել, թե Covid-ը վերածվել է սեզոնային վիրուսի, բռնկումը չի բացառվում. Թորոսյանը հորդորում է պատվաստվել

Դեռ վաղ է ասել, թե Covid-ը վերածվել է սեզոնային վիրուսի, բռնկումը չի բացառվում. 
Թորոսյանը հորդորում է պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման հավանականությունը չի բացառում, հորդորում է պատվաստվել հիվանդության ծանր ընթացը, մահվան դեպքերը նվազագույնի հասցնելու համար: Թորոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել է հանրային վայրերում պատվաստման վկայագիր կամ թեստի պատասխան պահանջելու կանոնը չպահպանելու, կորոնավիրուսային ներկայիս իրավիճակի և նախարար եղած ժամանակում Covid-ի դեմ պայքարի գործընթացը կառավարելու մասին:

-Վերջին շրջանում նկատում ենք, որ կորոնավիրուսի օրական գրանցվող թվերը էականորեն նվազել են, գրանցվում է մեկ կամ երկու տասնյակից ավել դեպք: Նախ ինչի՞ արդյունք եք դուք սա համարում,արդյոք այս թվերը արտացոլում են ողջ իրական պատկերը, թե՞ գուցե թեստավորումներն են քիչ արվում:

-Կարծում եմ՝ գրանցվող թվերն արտացոլում են պատկերը և արտացոլել են մինչև այս: Վիճակագրությամբ կատարվող թեստերի թիվը նայելիս կարելի է նկատել, որ միշտ պիկերի ժամանակ դրանք աճում են և մնացած ժամանակ՝ իջնում: Եվ դա պայմանավորված է նրանով, որ թեստավորվում են սիմպտոմներ, այսինքն՝ գանգատներ ունեցող մարդիկ: Հետևաբար, եթե թեստերն էլ են քիչ արվում, նշանակում է, որ գանգատ ունեցող մարդկանց թիվն էլ է քիչ: Ես, իհարկե, ուրախ եմ, որ թվերը ցածր են, բայց միևնույն ժամանակ շատ մտահոգ եմ, որովհետև, այնուամենայնիվ, կան մահվան դեպքեր, որոնք կարող են կանխարգելվել, նույնիսկ, եթե գրանցվում է 1 կամ 2 մահվան դեպք: Չենք կարող ասել, որ, եթե օրական 1-2 հոգի է մահանում, ուրեմն ամեն ինչ լավ է, այդպես չէ, և դրա պատճառը մեր պատվաստումների շատ ցածր ցուցանիշն է:  Մեր ազգաբնակչության նույնիսկ 30 տոկոսը ամբողջական պատվաստված չէ՝ ի տարբերություն շատ երկրների, որոնք ունեն 70 -80 , նույնիսկ մինչև 90 տոկոս ցուցանիշ՝ երեխաների ընդգրկմամբ: Մենք, այնուամենայնիվ, նույնիսկ ունենալով այս հարաբերականորեն դրական իրավիճակը՝ պետք է ջանքեր գործադրենք պատվաստման թվերը ավելացնելու համար. ինչքան շատ, այնքան լավ: Եվ կառավարությունը, մենք, բոլորս չպետք է հանգստանանք՝ ասելով, քանի որ դեպքերը քիչ են, մոռանանք պատվաստումների մասին: Չեմ ասում նրա մասին, որ մենք վերջին քանի օրերին պատվաստանյութերի հարյուր հազարավոր դոզաներ ենք ստանում. անհասկանալի է,թե ինչպես են դրանք օգտագործվելու, այս պահին, անկեղծ ասած, ունենք կանգնած պատվաստումային վիճակ: Այնքան քիչ է արվում, որ դա մոտավորապես կարելի է համեմատել չանելու հետ այն իմաստով, որ պրոգրեսը շատ-շատ քիչ է: Եվ, եթե հաշվի առնենք, որ խթանիչ դեղաչափեր պետք է արվեն, դրանք ևս չեն արվում, ստացվում է, որ մենք  ստագնացիայի փուլում ենք:

-Սա, գուցե, կապված է նրա հետ, որ իրավիճակը համեմատաբար կայուն է, դեպքերի թիվը նվազում է, քաղաքացիներն ինչ-որ իմաստով հանգստացել են, շատ մեծ ռիսկ չեն տեսնում:

-Մասամբ, միգուցե նաև դրանով է պայմանավորված, որովհետև այնպես չէ, որ պիկի ժամանակ հակառակն էր: Օրինակ, վերջին պիկի ժամանակ՝ հունվար-փետրվարի ընթացքում էլ պատվաստումների պրոցեսը շատ դանդաղ էր առաջ գնում, այս տարվա հունվարի 1-ից դանդաղ է ընթանում:

-Կարելի՞ է ասել, որ կորոնավիրուսը վերածվել է սովորական սեզոնային վիրուսի կամ այդ ճանապարհին է և նախկինի նման վտանգավորություն չի ներկայացնում:

-Ասել, որ կորոնավիրուսն ամբողջությամբ վերածվել է սեզոնային հիվանդության, դեռ մի փոքր վաղ է: Չնայած այդպիսի հույսեր կան, որովհետև դա կնշանակի, որ մենք այնուամենայնիվ, պատվաստումներն անելով, ամբողջությամբ կվերադառնանք մեր նախկին կյանքին, և որևէ հավելյալ բան չենք պահանջի մեր քաղաքացիներից, ինչպես սեզոնային գրիպի դեպքում: Բայց սեզոնային գրիպն էլ կառավարելու համար, այնուամենայնիվ, սեզոնին Հայաստանում տարեկան մոտ 200 հազար պատվաստում է արվում, ինչը ևս կարելի է ավելացնել, քանի որ գրիպից էլ, այնուամենայնիվ, մահացության դեպքեր լինում են: Նաև պետք է ուշադիր լինել, որ նոր ալիք չլինի՝ հետևելով նաև համաշխարհային միտումներին: Մենք ունեինք օմիկրոնի շրջանառություն, որին զուգահեռ ենթադրում եմ, որ կար քիչ չափով նաև «դելտա» շտամի շրջանառություն, օմիկրոնը թույլ էր դելտայից, դեպքերը շատ էին, մահացությունները՝ քիչ, բայց ոչ մեկ չի կարող մեծ հավանականությամբ գուշակել, թե հաջորդ մուտացիան երբ կլինի և ինչպիսին կլինի: Դրանով է նաև իմ մտահոգությունը պայմանավորված, որ մենք այնուամենայնիվ, պետք է պատվաստումները մեծացնենք՝ այդ անկանխատեսելիության դեմ նախաքայլ անելով:  Եթե պարզվի, որ վաղը մի ավելի մահաբեր շտամ է շրջանառվելու, և մենք էլի ունենք ցածր պատվաստումների ցուցանիշ, կրկին մեծ մահացություն ենք ունենալու, ինչը վստահաբար ոչ ոք չի ուզում: Դա կանխարգելելու միակ ձևը պատվաստումների բարձր ցուցանիշ ունենալն է: Եվ այն բոլոր երկրները, որոնք համարում են, որ այլևս չեն անդրադառնում այս խնդրին, ունեն պատվաստումային բարձր ցուցանիշ: Մենք դրանով աշխարհի վատագույն տեղերում ենք, հետևաբար չենք կարող պարզապես այսօրվա հարաբերականորեն դրական իրավիճակով պայմանավորված, առանց պատվաստումների թվերի աճի ասել՝ վերջ, մենք էլ ենք, օրինակ, Մեծ Բրիտանիայի պես: Պետք է խթանենք պատվաստումները, խրախուսենք, վարչական ներգործության միջոցներ նաև օգտագործենք: Ես հաճախ եմ նայում շարժական պատվաստումային կետերին, հերթերում են հիմնականում օտարերկրյա քաղաքացիները, ինչո՞ւ. մենք ունենք հանրային կրթության մեծ բաց՝ հատկապես մեծահասակների պատվաստումների նկատմամբ:

-Պարոն Թորոսյան, Դուք շեշտում եք պատվաստումները խրախուսելու, նաև վարչական պատասխանատվության մասին. հանրային որոշ վայրեր անպայման թեստի պատասխանով կամ պատվաստման վկայագրով մուտքի սահմանափակման որոշումն արդեն ինչքան ժամանակ է՝ ուժի մեջ է, սակայն փաստացի տեսնում ենք, որ, եթե ոչ բոլորում, ապա մեծ մասում չի պահպանվում այս կանոնը, չեն պահանջում քաղաքացիներից: Ի՞նչ պետք է արվի այս դեպքում:

-Եվ պետք է ազդենք հանրության գիտակցության վրա՝ բացատրելով, որովհետև պարտադրանքն իր հերթին, բայց գիտակցված քայլը միշտ ավելի ողջունելի է: Բայց միևնույն ժամանակ վարչարարությունն էլ պետք է ուժեղացվի: Այո, պետք է անկեղծ լինենք՝ ոչ մեկից չեն ուզում, ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ են ինձնից QR կոդ ուզել որևէ տեղ մտնելիս: Սկզբի օրերին նաև վատ մի իրավիճակ էր ստեղծվել, որ այն հաստատությունները, որոնք պահանջում էին, տուժում էին, որոնք չէին պահանջում՝ շահում էին: Դա էլ բերեց նրան, որ պահանջողները փաստացի սկսեցին դադարել QR կոդ պահանջել, որովհետև այդ հավասարությունը չապահովվեց: Ինչ խոսք, դժվար է ամբողջությամբ բոլոր հաստատությունների աշխատանքն այս իմաստով ստուգել, վերահսկել տեսչական մարմինների միջոցով, բայց կարծում եմ՝ գոնե թիրախային, կենտրոնանալով դրա վրա՝ կարելի է դրդել, որ պահանջեն: Կամ ես դեմ չեմ, որ դա հանվի՝ այն իմաստով, որ, եթե պետությունը հասկացավ, որ, այնուամենայնիվ, հնարավոր չէ դա ստուգել, պահպանել՝ նաև մեր մշակութային առանձնահատկությունները հաշվի առնելով, որովհետև հաստատության տերն էլ պետք է շահագրգռված լինի, որ իր մոտ վիրուսը չշրջանառվի, միգուցե պետք է հանել այդ պահանջ զուտ կանոնի չկիրառումը երկարատև թույլ չտալու համար: Ավելի լավ է չլինի այդ կանոնը, քան լինի, բայց չկիրառվի, նկատի ունեմ պետական ապարատի նկատմամբ վստահության տեսանկյունից:

-Իսկ այս դեպքում տեսչական մարմնի աշխատանքի բացը չեք տեսնո՞ւմ, և Դուք, որպես իշխանության անդամ, ի՞նչ ազդեցություն կարող եք ունենալ տեսչական մարմնի աշխատանքի վրա՝ այս մասով:

-Ես իմ խոսքն ասել եմ համակարգող խորհրդի հանձնաժողովի ժամանակ, որը նախագահում է փոխվարչապետը, ինչպես նաև նրա հետ մշտական կապի մեջ եմ: Նաև նախարարության իմ գործընկերներին եմ փոխանցել, թեև դա նախարարության գործառույթը չէ, բայց կանոնը սահմանելն, այնուամենայնիվ, նախարարության գործառույթն է: Եվ, եթե այդ միջգերատեսչական քննարկումը լինի, և ինչ-որ եզրահանգումների գան, պետք է մեր գործընկերները կամ տեսչական մարմիններին հանձնարարեն այդ ամենն ավելի ակտիվ անել կամ հանել այդ կանոնը: Սա իմ անձնական կարծիքն է: Որոշման մասին այս պահին տեղեկություն չունեմ: Կամ պետք է պահանջենք, կամ պետք է հանենք:

-Հանվել է փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը, Դուք կո՞ղմ էիք այս որոշմանը և նոր սահմանափակումների կարիք տեսնո՞ւմ եք:

-Այդքան էլ կողմ չէի փակ տարածքներում դիմակների կրման պահանջը հանելուն. ինչո՞ւ. մենք չգիտենք, թե դեռ ինչ է լինելու: Եվ, եթե նույնիսկ փակ տարածքներում 100 տոկոսով չէր պահպանվում այդ կանոնը, այլ նույնիսկ 20 տոկոսով, այնուամենայնիվ, դա 20 տոկոսով քչացնում էր վարակման ռիսկը: Եվ չունենալով պատվաստումների ծածկույթի այդ բարձր ցուցանիշը՝  դա կարող էր թողնվել ուժի մեջ: Երկրներ կան, որոնք պատվաստումների ավելի բարձր ցուցանիշ ունեն, բայց գոնե փակ տարածքներում այդ կանոնը պահում են: Ես, իհարկե, հասկանում եմ, որ հարմարավետության առումով  մեր քաղաքացիների համար շատ լավ որոշում է, քանի որ ոչ ոքի հաճելի չէ դիմակ դնել երկար ժամեր, բայց կշեռքի նժարին դնելով այն, ինչ մենք հետո ունենում ենք՝ հիվանդացության ծանր դեպքերը, երբեմն նույնիսկ երկարատև ընթացող դեպքերը, մահերը և մեր անհարմարավետությունը, համեմատելի չեն: Կարծում եմ՝ մենք շտապել ենք փակ տարածքներում դիմակներ կրելու պահանջը հանելու հարցում: Ես նաև չէի ցանկանա՝ այնպես ստացվեր, որ նորից ալիք ունենայինք և նորից այդ պահանջը դնենք ուժի մեջ: Կորոնավիրուսի տարածման սկզբից համոզվել ենք, որ արագ փոփոխվող կանոններն առաջացնում են այդ կանոնների նկատմամբ անվստահություն հանրության մոտ, հետևաբար, հանգեցնում են նաև այդ կանոնների չկատարման:

-Օմիկրոնի ուժգնությունն ավելի ցածր է, բայց տարածելիությունն ավելի բարձր, Դուք նոր շտամերի առաջացման ռիսկ տեսնո՞ւմ եք, մյուս վիրուսների փորձից ի՞նչ է հայտնի: Ե՞րբ է հավանական, որ կլինի բռնկում:

-Մասնագետներն օմիկրոնի ի հայտ գալու հենց սկզբից ասում էին, որ շատ վարակելի, բայց քիչ մահացու շտամի շրջանառությունը դեռ չի նշանակում, որ, օրինակ, չի կարող լինել թեկուզ մի քիչ ավելի քիչ վարակելի, բայց մահացու նոր շտամի շրջանառություն: Մենք, չիմանալով դրա մասին, պետք է այնուամենայնիվ, վատագույնը մտածելով, որ դա կարող է լինել, պատրաստվենք դրան: Մենք կորոնավիրուսի մասին էլ չգիտեինք, հետևաբար պատրաստ չէինք ու տեսանք, թե ինչ եղավ: Հիմա գիտենք, որ կա այդ վիրուսը և այն բավականին արագ մուտացվում է: Այլ շնչառական վարակների հետ համեմատելն այդքան էլ ճիշտ չէ. վարակներ կան, որ շուտ են մուտացվում և տասնյակ տարիների ընթացքում չեն մուտացվել, վարակներ կան, որ ավելի արագ են մուտացվում: Օրինակ, գրիպի վիրուսը, իհարկե, նույնպես բավականին արագ մուտացվողներից է, բայց վերջին մի 3-4 տարում մենք հիմնականում նույն շտամերի շրջանառություն ենք ունենում Հյուսիսային կիսագնդում: Կորոնավիրուսի մասով դժվար է դա կանխագուշակելը: Լավ է այն, որ կորոնավիրուսի նկատմամբ ուշադրությունն անհամեմատ ավելի բարձր է հիմա, հենց տեղի է ունենում մուտացիա, մենք արագ դրա մասին իմանում ենք: Բացի օմիկրոնից և դելտայից, այլ շտամեր էլ են եղել, բայց դրանք քիչ են տարածվել, մենք տեսել ենք գիտական հոդված, որ հայտնաբերվեց այսինչ շտամը, բայց հետո չենք լսում դրա մասին, որովհետև այն չի տարածվում: Եվ ասել, թե երբ այն տեղի կունենա, ինչ ուժգնությամբ, ինչ մահաբերություն կամ վարակելիություն կունենա, պարզապես անհնար է: Հուսալով, որ դա տեղի չունենա՝ այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինենք, որ, եթե դա տեղի ունենա, ինչպես ենք դրան հակազդելու կամ ինչպես ենք պատրաստված լինելու:

-Այսինքն նոր բռնկումը չի բացառվո՞ւմ:

-Իհարկե, չի բացառվում:

-Հետահայաց նայելով այն ժամանակին, երբ դուք էիք նախարար, կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարման գործընթացում ի՞նչը կփոխեինք, թե՞ կարծում եք, որ արել եք այն, ինչ այդ պահին անհրաժեշտ է եղել և հիմա ինչպե՞ս եք գնահատում կառավարումը:

-Չեմ ուզենա իմ անձով պայմանավորել, մեր ողջ կառավարությունն այդ պահին առկա հավաստի ինֆորմացիայի հիման վրա հնարավորինս ադեկվատ է արձագանքել իրավիճակին: Խնդիրը եղել է ինֆորմացիայի իսկության մեջ, որը եղել է ամբողջ աշխարհում: Դա միայն մեզ չէ բնորոշ եղել, երբ մենք չգիտեինք վարակելիության, մահաբերության աստիճանը, ոչ մեկ չգիտեր, թե այդ վիրուսն ինչպես է ճիշտ բուժվում: Ի դեպ, մեր բժիշկներն ավելի շուտ են սկսել «Դեքսամետազոն» օգտագործել, քան դա համաշխարհային մակարդակով հաստատվեց: Մենք չգիտեինք՝ ի վերջո մեզ սարքե՞ր են պետք, պարզապես մահճակալնե՞ր, թե՞ օրինակ միայն թթվածին, վերջում պարզվեց, որ ամենակարևորը թթվածինն է, ոչ թե սարքերը կամ նույնիսկ մահճակալները, որովհետև պացիենտները տանն էլ կարող էին թթվածինը շնչել: Եվ հավաստի ինֆորմացիայի հասանելիությանը զուգընթաց մենք փոխում էինք մեր մոտեցումը՝ դիմակներ կրելու, կարանտինային միջոցառումների մասով: Միևնույն ժամանակ մի քիչ տարբերվում էինք համաշխարհային մոտեցումներից մեր՝ ավելի արագ կարանտինից դուրս գալու որոշումներով, որովհետև մենք հասկացանք, որ մեր տնտեսությունը չի կարող ապրել երկար կարանտինային պայմաններով՝ հաշվի առնելով թե աշխարհաքաղաքական իրավիճակը մեր շուրջ, մեր լոգիստիկ հնարավորությունները, երկու կողմից փակ սահմաններ և այլն, և մենք որոշեցինք պարզապես սովորել ապրել կորոնավիրուսի հետ՝ ի տարբերություն շատ երկրների, որոնք շատ ավելի երկար պահեցին կարանտինը: Ինչ վերաբերում է հիմա կորոնավիրուսի դեմ պայքարին, ես արդեն նշեցի իմ հիմնական մտահոգությունը՝ պատվաստումների ցածր ցուցանիշը, դեռ 2020-ի աշնանից հայտնի էր, որ պետք է լայնածավալ պատվաստումներ անել: Մենք 2022-ի գարնանը դեռ շատ մեծ ծածկույթ չունենք, չնայած չունենք մատակարարման խնդիրներ: Ես կարծում եմ, որ ջանքերի կենտրոնացում պետք է լիներ հենց այս գործառույթի վրա: Եվ մենք պետք է ունենայինք պատվաստումների շատ ավելի բարձր ցուցանիշներ: Եվ, եթե մենք ունենայինք այդպիսի բարձր ցուցանիշներ, ամենածանր պիկի ժամանակ մեծ թվով մահացություն չէինք ունենա, կունենայինք ավելի ցածր: Եվ հույս ունենք, որ, ապահովելով այդ ծածկույթը, ապագայում էլ չենք ունենա այդպիսի մահացություն: Երկրներ կան, որտեղ մեկ մահացության դեպքն էլ մեծ կարմիր լույս է վառում բոլորի մտքերում, որ ինչ-որ բան պետք է արվի: Մենք, կարծես թե, մի քիչ հարմարվել ենք այս ամեն ինչին: Իհարկե, այստեղ մեծ գործոն է մեր շուրջ եղած անվտանգային իրավիճակը, երբ մարդկանց մտքերն ավելի շատ սահմանային լարումներին են ուղղված, քան ներսում եղած խնդիրներին, կամ 2020-ի պատերազմից հետո եղած ներքաղաքական ճգնաժամին, որը կրկին խանգարեց կենտրոնանալ այդ խնդրի վրա: Բայց, ես կարծում եմ, որ բոլորով պետք է միաժամանակ զբաղվենք և մի խնդրի առկայությունը չի կարող ստվերել մյուս  խնդիրներով զբաղվելու գործընթացն  այն իմաստով, որ այդ խնդիրները չեն անհետանում, դրանք միևնույն է, չեն անհետանում, մենք պետք է զբաղվենք դրանցով, որ կարողանանք լուծել դրանք: Միայն մի խնդրի ուժգնությունը չի կարող մյուս խնդիրները պարզապես վերացնել, հետևաբար, կարծում եմ՝ դա է հիմնական տարբերությունը:

Պետք է հետևենք հակահամաճարակային միջոցառումներին, որոնք անհատական մակարդակով կարող ենք անել, օրինակ՝ հաճախակի լվանալ ձեռքերը, օդափոխել սենյակները, խուսափել շատ խիստ տեղերից կամ հնարավորինս հեռու կանգնել, ախտանշանների դեպքում դիմակներ կրել, երբ հազում ենք կամ սուր շնչառական վարակ ունենք: Եվ ամենակարևորը՝ եթե չենք պատվաստվել, պատվաստվենք, իսկ պատվաստվածները ստանան բուսթերը:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]