Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից հարցն այդպիսով փակված համարելու համար․ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից հարցն այդպիսով փակված 
համարելու համար․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը իր հրապարակային եւ դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր եւ Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլեւս լուծված է: Ադրբեջանի այս դիրքորոշումը չի պատասխանում սակայն մի կարեւոր հարցի. իսկ ինչպես է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը: Այս հարցի պատասխանը չկա ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսեւորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում: Հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը առկա է եւ ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն եւ այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի: Ադրբեջանը ըստ էության փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից, այդպիսով հարցը փակված համարելու համար»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ եթե հայկական կողմը սխալվում է, Ադրբեջանն ուրեմն թող Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքների հարցերի քննարկմանը նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի:

«Խնդիր, որ առաջ է քաշում ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ միջազգային հանրությունը:

Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում, պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Նաեւ այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը  օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը:

Այս անվանման օգտագործումը, սակայն, միանշանակ և աներկբա լեգիտիմ է, այլոց թվում նաեւ այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ արձանագրված է՝ Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթները: Այդ հայտարարության տակ դրված է նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը որդեգրել եւ իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, հիմնավորվում է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով:

«Այդպիսին են օրինակ, Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է հայկական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն:

Սա առավել քան կամայական մեկնաբանություն է, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները եւ որտեղ պետք է մնան: Ասեմ նաեւ, որ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարություններն են վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտացածին է: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահն ինքը հրապարակային հայտարարել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են, բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի: (Ընդգծեմ, որ ակնհայտ է մինչեւ օրս ամբողջությամբ իրականացված չէ նաեւ ռազմագերիներին, պատանդներին այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները շարունակվում են»,- եզրափակեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]