1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շատ բարդությունների միջով եմ անցնում այս ընթացքում. Ռոզա Լինը՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու, նախասիրությունների մասին

Շատ բարդությունների միջով եմ անցնում այս ընթացքում. Ռոզա Լինը՝ «Եվրատեսիլ»-ին 
մասնակցելու, նախասիրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը ստեղծագործել սկսել է վաղ հասակից: Ասում է՝ երբ հասկացավ, որ երաժիշտ է, կյանքն առավել իմաստավորվեց: Երգչուհին խոստովանում է՝ միշտ հետևել է մրցույթին և երազել Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ»-ում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոզա Լինը խոսել է իր ծննդավայրի, եվրատեսիլյան «Snap» երգի ստեղծման, երաժշտական նախընտրությունների և սպասվող ծրագրերի մասին:

-Մեր հասարակությունը սովոր է եվրատեսիլյան մրցույթում տեսնել մասնակիցների, որոնք արդեն հայտնի են ու սիրված: Շատերի համար զարմանալի էր նորահայտ երգչուհու մասնակցությունը: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնել: Ակնկալո՞ւմ էիք, որ Ձեզ կընտրեն:

-Մանկուց երազել եմ երկիրս ներկայացնել «Եվրատեսիլ» երգի մրցույթում ու շատ ուրախ եմ, որ այս տարի նման հնարավորություն ընձեռվեց ինձ: Վանաձորում մեծանալով՝ երկմտել եմ՝ կկարողանա՞մ ինչ-որ բարձունքի հասնել: Սակայն, ինչպես տեսնում ենք, կարևորը սերն է դեպի այն, ինչն անում ես:

-Մի լուսանկարչուհի իր աշխատանքներով փորձել էր պատմել Վանաձորում ստեղծագործող երիտասարդների մասին ու նշել, որ քաղաքում քիչ են հավաքատեղիները, ժամանցի վայրերը, ստեղծագործական հարթակները և այլն: Չնայած դրան՝ մենք շատ լավ գիտենք «Լավ էլի» և այլ խմբերի, որոնք հենց այնտեղ են ծնունդ առել: Ինչպե՞ս գտաք Ձեր երաժշտությունը հանրայնացնելու ուղիները:

-Ինքս եղել եմ երաժշտական խմբի անդամ: Պետք է փաստեմ, որ «Լավ էլի»-ից բացի Վանաձորից հայտնի են նաև «Որդան կարմիր», «Քլոքեր» ռոք խմբերը: Ցավոք, «Քլոքերը» այլևս չի գործում: Վանաձորը համարվում է ռոքի մայրաքաղաք: Այնտեղ  զվարճանքի կենտրոնները շատ չեն, գուցե հենց դա է պատճառը, որ մարդիկ շատ են տրվում արվեստին, ստեղծագործում են, որովհետև Վանաձորն ունի այդ տրամադրությունը: Դա ասում եմ իմ փորձից:

-Ասում եք՝ ռոքի մայրաքաղաք. դուք փոփ ժանրում եք ստեղծագործում…

-Ունեցել եմ ռոք խումբ, բայց ստեղծագործում եմ երաժշտական տարբեր ժանրերում: Այս պահին իմ երգերի մեծ մասը փոփ են, բայց ես միշտ սիրել եմ ռոք, խենթանում եմ ջազի համար, շատ եմ սիրում դասական երաժշտություն: Ինձ համար յուրաքանչյուր ժանր ընդունելի է:

-Եվրատեսիլյան «Snap» երգը միանգամից սիրվեց: Մի առիթով ասել եք, որ այն շատ անձնական գործ է և ստեղծվել է Ձեզ համար դժվար փուլում: Կպատմե՞ք ստեղծման պատմությունը: Ի՞նչ եք փորձելու աշխարհին ասել այդ երգով:

-Այո՛, ես «Snap»-ը գրել եմ ինձ համար ծանր հոգեվիճակում, և ստեղծագործական գործընթացն, ասես, թերապիա է եղել: Հաղթահարել եմ այդ փուլը՝ այս երգը գրելով: Երգի գլխավոր ուղերձն այն է, որ դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ է հաղթահարել՝ քեզ մի փոքր ավելի գնահատելով, սիրելով ու արժևորելով:

-Ինչպես երգն, այնպես էլ տեսահոլովակը՝ գեղեցիկ են, թեթև: Ձեզ դո՞ւր է գալիս հոլովակը, որում թռչող տունն է, որը սավառնում է Երևանում:

-Երբ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը պատմեց գաղափարի մասին, միանգամից հավանեցի նրա ներկայացրած կոնցեպտն ու ինձ գտա այդ տնակում: Այնպիսի տպավորություն էր, ասես նա տեսել է այն պատկերը, որը ես ունեի երգը գրելիս, դրա համար ամեն ինչ այդքան թեթև ու օրգանիկ է ստացվել:

-Նախ դաշնամուր եք նվագել, այնուհետև՝ կիթառ, հետո սկսել եք երգել գրել:  Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար երաժշտությունը, ի՞նչ երանգ է այն հաղորդում Ձեր կյանքին:

-Չեմ ցանկանում հերթապահ խոսքեր ասել, բայց, երբ հասկացա, որ ուզում եմ զբաղվել երաժշտությամբ, երբ հասկացա, որ պետք է երաժիշտ լինեմ, իմ կյանքն այլ իմաստ ստացավ: Չեմ պատկերացնում, որ կարող եմ արվեստից դուրս որևէ այլ բանով զբաղվել: Գիտեմ, որ այստեղ եմ երաժշտություն ստեղծելու համար և ուզում եմ, որ խոսքերս ձևական չընդունվեն: Դա շատ փոքր տարիքում եմ հասկացել: Երաժշտությունն իմ կյանքը չի փոխել, այն ստեղծել է իմ կյանքը, այն իմ կյանքն է:

-Շեքսպիրն ասել է, որ երաժշտությունը խեղդում է տխրությունը…

-Շեքսպիրին շատ եմ սիրում, բայց երաժշտությունը երբեմն ինձ տխրություն էլ է բերում: Այն տխրությունն արվեստի գործի վերածելու միջոց է:

-Ասացիք՝ սիրում եք ռոք, ջազ… Քավր տարբերակով եք ներկայացրել Սայաթ-Նովայի «Նազանի» գործը:  Հնարավո՞ր է՝ մեր հեղինակների ստեղծագործությունները նորովի մատուցելը շարունակական լինի:

-Միշտ սիրել եմ հայկականը: Ինձ համար մեր երաժշտությունը շատ հարազատ է: Շատ երաժիշտներ կարող են շրջանցել կամ չդիպչել այդ սրբություններին, բայց ես փորձում եմ իմ ձևով մատուցել այդ գործերն ու նոր շունչ հաղորդել: Ինչու չէ, եթե ժամանակս ների, մեծ սիրով կշարունակեմ նաև հայկական երգեր թողարկելը

-Կիարայի հետ աշխատանքի արդյունքում հրաշալի զուգերգ է ծնվել. խոսքը «King» երգի մասին է: Նման համագործակցությունները նոր հեռանկարներ բացո՞ւմ են երիտասարդ արտիստի համար:

-Երբ թողարկում ես քո երգը, ամբողջ նախագիծը քո մասին է, դու ես որոշում, թե  ինչպիսին պետք է լինել հոլովակում, դու ես գրում բառերը, գիտես՝ ինչի մասին ես երգում: Երբ աշխատում ես այլ մարդու կամ մարդկանց հետ, շատ էական է էգոն մի կողմ դնելն ու թիմային աշխատանքը կարևորելը: Դա դեպի պրոֆեսիոնալիզմ փոքր քայլ էր ինձ համար:

-Համացանցում գրել էիք, որ նոր երգ է ծնվում: Ի՞նչ երգի մասին է խոսքը:

-Դեռ չեմ ցանկանում բացել փակագծերը, բայց վստահեցնում եմ, որ ունեմ շատ-շատ նոր երգեր, որոնք թողարկվելու են, ունեմ նաև քավրներ, որոնք հնարավոր է՝ առաջիկայում ևս ներկայացնել երաժշտասերների դատին:

-Վերադառնանք «Եվրատեսիլ»-ին. տարիների ընթացքում հետևե՞լ եք մրցույթին: Ասում են՝ Եվրատեսիլում գնահատվում է անկեղծությունը, երբեմն՝ շոուն, շատերի կարծիքով՝ մասնակցի վոկալը և այլն: Ձեր դիտարկումներն ի՞նչ են ցույց տալիս:

-Միշտ հաղթել է լավ, անկեղծ երգը: Շատերը կասկածանքով են վերաբերվում «Եվրատեսիլ» մրցույթին: Ըստ իս՝ ամեն տարի կան շատ լավ երգեր, և ամեն տարի այդ լավ երգերը բարձր հորիզոնականներ են զբաղեցնում: Եթե երգը լավն է, երաժշտասերներն այն ընտրում են:

-Խոստովանեցիք, որ երազել եք ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Այսօր ի՞նչ ապրումներ ունեք, ի՞նչ սպասումներ… Հաղթելու համար կարևոր է նաև արտիստի՝ մարդկանց հետ հաղորդակցվելու կարողությունը:

-Որպես ինտրովերտ՝ շատ բարդությունների միջով եմ անցնում այս ընթացքում և շատ-շատ բաներ եմ սովորում: Կյանքի դասեր եմ ստանում: Պատասխանատվությունն ահռելի է: Իմ էգոն մի կողմ եմ դրել և ինձ համար կարևորագույնն այս պահին երկիրս լավագույնս ներկայացնելն է, և ոչ ոք ջանք չի խնայում լավ արդյունքի հասնելու համար:

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում։ Ռոզա Լինը «Snap» երգով ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում վերջին՝ 17 համարի ներքո: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]