Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Ալեն Սիմոնյանն Իտալիայի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանն Իտալիայի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է 
տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանդիպմանը փոխադարձաբար կարեւորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

«Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում պետք է լինի: Խորհրդարանի ղեկավարն իտալացի նախարարին է փոխանցել իր երախտագիտությունն Արցախի եւ նրա ժողովրդի պաշտպանության համար Իտալիայի մոտ 50 շրջանային ու քաղաքային խորհուրդների ընդունած բանաձեւերի եւ հայտարարությունների համար: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է 2021 թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են Հայաստան-Իտալիա բազմաբեւեռ համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ հարցում առանցքային համարելով խորհրդարանական դիվանագիտությունը: Ալեն Սիմոնյանը տպավորիչ է որակել այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում, բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից, Միջխորհրդարանական միության շրջանակում գործում է նաեւ Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը:

Նշվում է, որ հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել իր իտալացի գործընկերոջը: Նա հույս է հայտնել, որ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցն առաջիկայում կլինի եւ հայ-իտալական միջխորհրդարանական աշխույժ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]