«Նոր գիրք»-10/22. Աղայան, Ցվայգ, Վանագա, Թալեր
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Ղազարոս Աղայանը համարվում է ինքնակենսագրական վեպի ժանրի հեղինակը հայ գրականության մեջ: Գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ: Նա նաև նշանավոր մանկավարժ է, հրապարակախոս և գրական-հասարակական գործիչ: Ղազարոս Աղայանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
«Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր» ստեղծագործությունը ավստրիացի գրողի վերջին գիրքն է՝ ապրված կյանքի անդրադարձ, պատմական իրադարձություններով հարուստ ժամանակի խորքի վրա գծված ինքնակենսագրություն։ Այս գիրքը ներկայացնում է ժամանակաշրջանի վավերական պատկերը՝ պատմական անձերով և եղելություններով՝ դիտված մեծ գրողի քննական հայացքով, գիտական օբյեկտիվության հասնող մեկնությամբ։ «Երեկվա աշխարհը» յուրօրինակ հանրագիտարան է, որտեղ արտացոլված է Եվրոպայի կյանքը՝ իր բոլոր շերտերով։ Թարգմանությունն գերմաներենից` Ամալյա Ալեքսանյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Հիշո՞ւմ եք Կլաուս և Ինտար եղբայրներին, որոնք ընկերացել էին պոլիէթիլենե տոպրակ Բարկատուրիկի հետ և միասին փորձում էին աղտոտումից փրկել աշխարհը։ Պատկերացրեք՝ նրանց ընկերը կորել է․․․ Ո՞ւր է անհետացել։ Արդյոք Բարկատուրիկը կգտնվի՞։ Տղաներն աշխարհը փրկելու է՞լ ինչ մտքեր ունեն։ Եվ կկարողանա՞ն արդյոք ավազակախմբի չար տղաների հարցերը լուծել։ «Նկատել պարզ երևույթները և պատմել դրանց մասին այնպես, որ հետաքրքիր լինի, քիչ բան չէ»: Լատվիերենից թարգմանությունը՝ Գոհար Ասլանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թալերն իր ողջ կարիերայի ընթացքում ուսումնասիրել է արմատական այն գաղափարը, որ տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող, կանխատեսելի մարդն է: «Սխալ վարքագիծը» կլանող, հետաքրքրաշարժ պատմություն է ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին: Անգլերենից թարգմանեց Նունե Գաբրիելյանը։ Խմբագիր՝ Վահագն Խաչատրյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում