Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Արծրուն Ավագյանը մտահոգված է. բանասիրական ֆակուլտետի դիմորդների թիվը տարեցտարի կրճատվում է

Արծրուն Ավագյանը մտահոգված է. բանասիրական ֆակուլտետի դիմորդների թիվը 
տարեցտարի կրճատվում է

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ Հայ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը մտահոգված է՝ բանասիրական ֆակուլտետի դիմորդների թիվը տարեցտարի կրճատվում է։ «Գնալով նվազում է բանասիրության ֆակուլտետի դիմորդների թիվը, եւ դա հետեւանքն է այն բանի, որ նվազում է բնակչությունը, իսկ մյուս պատճառը հայոց լեզվի եւ հայ գրականության նկատմամբ անտարբերությունն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց նա։

Բանասիրական ֆակուլտետի դեկանը անդրադառնում է նաեւ հայ գրականության նկատմամբ պահանջարկին, տպագրվող եւ թարգմանվող գրականությանը, հանրությանը մատուցվող արժեհամակարգային գիտելիքին։

-Գրականագետների եւ կրթության ոլորտի ներկայացուցիչների մոտ մտահոգություն կա տպագրվող եւ թարգմանվելիք գրականության պահանջարկի եւ արտադրանքի մասով: Ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ նախապատվություն է տրվում օտար գրականությանը: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս առնչությամբ, այսօր ի՞նչ խնդրի առջեւ է կանգնած հայ գրականությունը:

-Եթե բացառենք խորհրդային իշխանության վերջին տասնամյակները, ապա պիտի նշեմ, որ գրեթե միշտ խնդիր է եղել՝ հայերենից օտար լեզվով եւ օտար գրողներին հայերենով թարգմանելու հարցը: Պատկերը ցույց է տալիս, որ ավելի շատ օտար լեզվից են թարգմանություններ կատարել: Գուցե, դրա մեջ տրամաբանություն կա, որովհետեւ համաշխարհային մեծերը, բնականաբար, շատ ավելի շատ են, քան հայ մեծերը: Բայց մեր խնդիրը պետք է լինի դրսի արժեքները ճանաչելուց զատ, ներկայացնել նաեւ մեր արժեքները դրսի աշխարհին: Այս հարցում մենք թերացել ենք: Մեր դասականներին ոչ միայն չենք թարգմանում, այլեւ չենք էլ տպագրում: Ես կարող եմ թվարկել հանրահայտ հայ հեղինակների, ովքեր արդեն տասնամյակներ շարունակ չեն տպագրվել»,-ընդգծեց նա։

-Ո՞ր գրողների մասին է խոսքը, գուցե պահանջարկ եւ հետաքրքրություն չկա։

-Ցանկացած հայ գրող՝ Րաֆֆի, Շիրվանզադե եւ տասնյակ անուններ: Շատ քիչ դեպքերում է, որ տպագրվել են նրանց գեղարվեստական գործերը հայերենով, եւ առավել եւս օտար լեզվով: Գիրք հիմա տպագրում են անհատապես, եւ այն մարդիկ, որոնք նյութապես հնարավորություն ունեն տպագրության հոգսը տանելու: Որեւէ կազմակերպություն շահագրգռված չէ տպագրել հայ գրողի գիրքը: Գուցե նաեւ տնտեսական հաշվարկների  պատճառով. գիրքը եկամուտ չի բերում: Բայց, մենք պիտի գիտակցենք, որ գիրքը հոգեւոր եւ մշակութային արժեք է, ազգային դիմագիծ է, ազգային մտայնություն եւ զգացմունք։ Կարծում եմ, որ պետական այրերը պետք է այդ ծանր բեռը իրենց վրա կրեն: Մյուս կողմից էլ կա այն ճշմարտությունը, որ առհասարակ հումանիտար գիտությունը, հայագիտական առարկաները գնալով երկրորդական պլան են մղվում:

-Պատճառները որո՞նք են:

-Շատ տարբեր են պատճառները՝ տնտեսական, սոցիալական, ամեն հայկականը չընդունելու, մերժելու, որոշ օղակների վարած քաղաքականությունը: Օտարամոլությունը համաշխարհային երեւույթ է։ Ներկայում տեխնիկան եւ այլ կապի միջոցներ հնարավորություն են տալիս շատ ավելի լայն շփվելու համաշխարհային հազար ու մի երեւույթների հետ եւ բնական է, որ ավելի քիչ տեղ է մնում այն ամենին, ինչը հայկական է: Բայց Հայաստանի խնդիրն էլ այն է, որ պիտի սատար կանգնի հայկականին: Եթե մենք չենք անում, պիտի ֆրանսիացի՞ն գա մեր փոխարեն Թումանյանին տպագրի:

-Բանասիրության ֆակուլտետի ծրագրային քաղաքականությունը փոփոխվու՞մ է, ի՞նչ շեշտադրումներ են արվում ուսումնական պլանում:

-Մեր պլանները պարբերաբար փոխվում են, որքան հնարավոր է նոր առարկաներ ենք ընդգրկում, արդիական ենք դարձնում, բայց կան որոշ գիտաճյուղեր, որ շատ չեն կարող փոխվել: Ով էլ գա, ինչ էլ գա, երկիրը մեջքի վրա պառկած լինի, թե կողքի, միեւնույն է՝ Չարենցը մնում է Չարենց, հետեւաբար պիտի անցնես Չարենց եւ ուսումնասիրես: Չենք կարող նրան թողնել ու մի նոր հեղինակ մոգոնել եւ սկսել ուսումնասիրել միայն այն բանի համար, որ ասենք՝ նոր հեղինակներ ենք անցնում, նոր ծրագրեր անում: Կայուն կաղապարներ կան ուսումնական գործընթացում, շատ փոփոխություններ չի կարելի, մինչդեռ վերջին տասը տարում  անարդյունք, անհետեւանք եւ անհեռատես փոփոխություններ են կատարվում, որը հարվածում է ուսումնական գործընթացի առաջընթացին: Ուսումնական պլանում առկա առարկաների հարցադրումներն են փոխվում, ուսումնասիրման անկյունը եւ նպատակը:

-Որքանո՞վ է ուսումնասիրված հայ մատենագիտությունը:

-Քիչ: Վերջերս Աբովյանի տուն-թանգարան ուսանողներ էի տարել պրակտիկայի, Աբովյանի ամբողջ արխիվի կեսի կեսն էլ այսօր ուսումնասիրված չէ, լիքը բան կա: Մատենագիտական աշխատանքը, ցավոք, շատ ծանր գործ է, եւ չնչին վարձատրվող: Ո՞վ կգնա եւ կխորանա այդ փոշիների, թղթերի, ձեռագրերի մեջ: Ձեռագրեր կան, որոնց վրա պիտի ժամեր վատնես, որպեսզի կարողանաս մի նախադասություն կարդալ, օրինակ Համաստեղի ձեռագիրը, դե գնա ու կարդա, եթե կարող ես: Դա տքնաջան աշխատանք է, որը չի վարձատրվում, դրա համար որեւէ մեկը չի ստանձնում այդ գործը: 

Լիանա Սարգսյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contac[email protected]