Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

«Երևանյան բեսթսելեր». Չարենցն՝ առաջատար. հայ գրականություն. մարտ, 2022

«Երևանյան բեսթսելեր». Չարենցն՝ առաջատար. հայ գրականություն. մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ  ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ»-ը։ «Կապույտ աղջկանից» մինչև անհաս սիրո խորհրդանիշ Նավզիկե, առաջին լուսե սիրուց մինչև «Փողոցային պչրուհի»... Բուռն կյանքով ապրած Չարենցի պոեզիան լի է բազմաթիվ սերերով, որոնք հերթագայել են՝ տեքստերում արտացոլելով բանաստեղծի սրտի փոթորկումները։ Թեև Չարենցի ստեղծագործությունների տասնյակ ժողովածուներ կան, բայց նրա սիրային գործերի ընտրանին հրատարակվում է առաջին անգամ: Գրքում երկերը դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ:

«Լուսամփոփի պես աղջիկ»-ը ներկայացնում է Չարենցի չափածոյի ժանրային և ոճային ամբողջ բազմազանությունը։ Մեծ պոետի անձնական ապրումների այս հատորյակը կարող է սիրո խոստովանության հրաշալի միջոց լինել յուրաքանչյուրի համար:

Արփի Վանյանի «Կինը» երկրորդ հորիզոնականում է։ Այն պարզապես մի կնոջ պատմություն չէ։ Հազարավոր կանանց հավաքական կերպարն է ներկայացնում գլխավոր հերոսուհին՝ Իվը, ով ապրում էր չսիրված, չհասկացված, միապաղաղ կյանքով, որովհետև տարիներ առաջ մոռացել էր իր երազանքի և առաքելության մասին։ Սակայն մի օր ամեն բան միանգամից փոխվում է։ Կյանքը նրան առնում է իր հորձանուտների մեջ և սկսում պատեպատ զարկել։

Երրորդ հորիզոնականում է«Ոչ մի շաբաթ առանց Եղիշե Չարենցի» ընտրանին, որը ներառում է Եղիշե Չարենցի փոթորկուն կյանքի ու հանճարեղ ստեղծագործության առանցքային դրվագները, նրա սիրված ու լայն հանրությանն անհայտ գործերը, ժամանակակիցների հուշերը, նամակներ, հոդվածներ, հատվածներ ելույթներից, օրագրային գրառումներ։  Գրքում երևում են բանաստեղծի միջավայրն ու ժամանակը՝ ներշնչող կամ հուսահատության մատնող իրադարձություններով, բանաստեղծին ոգեշնչող, խրախուսող և, ընդհակառակը, նրա գրական ընթացքը խոչընդոտող մարդկանցով։

Գոհար Նավասարդյանի «Սիրելուց հետո» գիրքը չորրորդ տեղում է։ Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը, բոլորը գիտեն, բայց թե ինչն է հաջորդում սիրուն, շատերի համար է հանելուկ: Այս վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, որում նկարագրվում է, թե ինչ է լինում սիրելուց հետո: Գիրքը սովորեցնում է խնամել սերը, չհամարել այն ուղղակի պարտականություն կամ բեռ, որովհետև այս զգացմունքը մեռնում է, երբ հարաբերություններում վաղուց կյանք չկա և, մյուս կողմից, կարող է շունչ առնել, եթե ինքներս ուզենանք.․․ Վերջինս վիպակում հնարավոր է դառնում միայն կարոտի և կապվածության վախը հաղթահարելու շնորհիվ, որը պիտի բերեր որոշման` սիրած մարդուց հեռանալու: Վիպակում ցույց է տրված, որ հենց այդ որոշումը, ինչպես նաև պատահականությունները կամ գուցե ճակատագիրը իրենց հերթին գիտակցել են տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ րոպեն կարող է և չսկսվել, ինչը սթափեցնում է մարդուն` ստիպելով կյանքին այլ աչքերով նայել:

Հինգերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդ»-ի գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Վեցերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Վահե Վայանի անդրանիկ՝ «Ծուռ տունը» վիպակը յոթերորդ տեղում է։ «Ծուռ տունը» վիպակի հերոս Վ-ն ապրում է մի խեղաթյուրված աշխարհում, որն օտար է նրա համար և ոչ ընկալելի։ Սակայն նույն կերպ նա էլ այդ աշխարհին է թվում մի անընկալելի երևույթ, որը պետք է ձևափոխել ու հարմարեցնել ընդհանուրի պատկերացումներին, ընդ որում՝ դա պետք է անել ցանկացած գնով՝ Վ-ին ճզմելու, նվաստացնելու, մերժելու, հեգնելու․․․ Ո՞րն է այս աշխարհում ճակատագրի բերմամբ հայտնված միայնակ հերոսի դիմակայման միջոցը․ աշխարհ, որտեղ մարդկանց անուններն անգամ այլևս ոչինչ չեն ասում և ամփոփված են մեկ տառի մեջ։

Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գիրքը ութերորդ տեղում է։ «Ռանչպարների կանչը» վիպասքը Խաչիկ Դաշտենցի գլուխգործոցն է, 20-րդ դարի հայ արձակի փառավոր նմուշներից մեկը: Գիրքը նվիրված է Արևմտյան Հայաստանի քաջարի հայ ֆիդայիների փաղանգին: Գեղարվեստորեն պատկերելով նրանց սխրագործությունները՝ հեղինակը զարմանալի վարպետությամբ միահյուսել է պատմական իրողություններն ու դրանց էպոսակերպ արտացոլանքը ժողովրդի գիտակցության մեջ: Վիպասքը գովերգ է հայրենասիրության, արիության ու պարկեշտության, մարդասիրության և առ Աստված հավատքի:

Իններորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Հուշացած ակնթարթներ» գիրքը։ Գիրքն ընկերությունից դեպի սեր տանող ճանապարհը նկարագրող մի պատմություն է, որն ընթանում է աննկատ, ու ամպերին հասած մաքուր սերն աննկատ էլ  ավարտվում է՝ արդեն սառած օդում հարյուրավոր անպատասխան հարցեր, դատարկություն ու ցավ թողնելով: Գրքի էջերում հեռացումին հաջորդող փուլերն են, որոնցից և ոչ մեկը հեշտ ու անհետևանք չի անցնում, և որոնց միջով, անկախ պատճառներից ու հաշտվելու հավանականությունից, անցնում են բոլորը։ Վիպակը հիշողությունների մի ամբողջ շարք է, ապրած երջանիկ պատառիկների անվերջանալի հերթափոխ՝ շաղախված խեղդող կարոտով: Դրանից ազատվելն անհնար է, ինչքան էլ մոռանալու ցանկությունը մեծ լինի, որովհետև չհիշել փորձելն արդեն իսկ հիշել է նշանակում։

Տասներորդ տեղում է Վանո Սիրադեղյանի «Դուռը»։ Վանո Սիրադեղյանը նախորդ դարավերջի ամենատաղանդավոր և ընթերցված-սիրված արձակագիրներից մեկն է՝ այլևս դատապարտված այդպիսին մնալու։ Նրա արձակը որքան դասական, այնքան էլ ժամանակակից է։ Պատմություններ մարդկանց, նրանց մտածողության, խնդիրների, երազանքների ու ապրումների մասին։ «Դուռը» ժողովածուն ամփոփում է հեղինակի բոլոր նախորդ գրքերում («Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Երկիր։ Ցպահանջ») տեղ գտած պատմվածքները՝ այսպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի՝ ընթերցողին հայտնի ստեղծագործությունների համահավաք ժողովածու։

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Հատոր» (099-52-52-00, 044-52-52-00), «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 նոր

Եղիշե Չարենց

«Լուսամփոփի պես աղջիկ»

Վերնատուն 73
2 նոր

Արփի Վանյան

«Կինը»

հեղ․հրատ 56
3 նոր

«Ոչ մի շաբաթ առանց

Եղիշե Չարենցի»

Զանգակ 53
4 *

Գոհար Նավասարդյան

«‎Սիրելուց հետո» 

հեղ․հրատ 47
5 -2

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ»

Բուկինիստ 47
6 -2

Գոհար Նավասարդյան

«Ինձ պիոններ չնվիրես»

հեղ․հրատ 39
7 նոր

Վահե Վայան

«Ծուռ տունը»

Անտարես 27
8 նոր

Խաչիկ Դաշտենց

«Ռանչպարների կանչը»

Էդիթ Պրինտ 21
9 *

Գոհար Նավասարդյանի

«Հուշացած ակնթարթներ»

հեղ․հրատ 19
10 -4

Վանո Սիրադեղյան

«Դուռը» 

հեղ․հրատ  18








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]