Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Կառավարությունը Սրբուհի Գևորգյանին հաստատեց մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում

Կառավարությունը Սրբուհի Գևորգյանին հաստատեց մանկավարժական համալսարանի 
ռեկտորի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները. ռեկտորն է Սրբուհի Գևորգյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը հաստատվեց կառավարության ապրիլի 7-ի նիստում:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրեց մարտի 19-ին մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում տեղի ունեցած ռեկտորի ընտրության մասին: «Ռեկտոր է ընտրվել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը՝ 19 կողմ, 0 դեմ և 1 անվավեր ձայներով»,-ասաց Դումանյանը:

Նախարարը հիշեցրեց նաև, որ այս տարի լրանում է  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրամ 100 տարին:  «Եվ 100-ամյա ավանդույթներ ունեցող այս կարևորագույն բուհն առաջին անգամ ռեկտոր է ընտրել կին»,-ասաց նա՝ շատ խորհրդանշական համարելով, որ ընտրության արդյունքները հաստատվում են Ապրիլի 7-ին ՝ մայրության և գեղեցկության տոնին:

Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Մանկավարժական համալսարանը քաջ գիտակցում է իր պատասխանատվությունների տիրույթը՝ ժամանակակից մարտահրավերների ներքո բարձրագույն մանկավարժական կրթության ոլորտում և պատրաստակամ է շատ կոնկրետ որակական գործընթացները և շարժընթացներն ապահովելու առումով»,-ասաց նորընտիր ռեկտորը:

Վարչապետ Փաշինյանը սիմվոլիկա տեսավ, որ 100-ամյա բուհն առաջին անգամ կին ռեկտոր է ընտրել: «Կարծում եմ՝ այդ սիմվոլիկան պատահական չէ, որովհետև կրթության, հանրակրթության ոլորտում մենք լրջագույն ռեֆորմներ ենք իրականացնում: Եվ այդ ռեֆորմների համար անկյունաքարային նշանակություն ունի կադրերի պատրաստումը, կադրային բազան, որ մենք պետք է ունենանք»,-ասաց Փաշինյանը:

Ապա նա անդրադարձավ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, որի նպատակը երկուսն են՝ ուսուցչի աշխատանքի, մասնագիտական պատրաստության նշաձողը և  ուսուցչի աշխատանքի ֆինանսական գրավչությունը բարձրացնել: «Պրոցեսի արդյունքում աշխատավարձերի էական բարձրացման գործընթաց է սկսել, որը լինելու է շարունակական: Սրանով մենք ուզում ենք նախ մանկավարժական կրթության գրավչությունը բարձրացնել, մյուս կողմից էլ ուղերձ ենք տալիս, որ սա շատ  կարևոր ուղղություն է մեզ համար»,-ասաց վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ Գևորգյանի ղեկավարության պայմաններում մանկավարժական համալսարանը երկու սկզբունքով կառաջնորդվի՝ ընդգծելով, որ իհարկե նաև կառավարության աջակցությամբ մանկավարժական կրթությունը պետք է գրավիչ դարձնել և ոլորտում որևէ կոմպրոմիս պետք է բացառվի: «Մենք պետք է համոզված լինենք, որ մանկավարժի դիպլոմ ունեցող անձը համապատասխանում է շատ  որոշակի որակական չափանիշների: Եվ ըստ էության այդ որակավորումը պետական երաշխիք է, որ ընդհանուր համակարգի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ենք շարժվում»,-ասաց նա:

Փաշինյանը բուհական համակարգում բարեփոխումները հաջորդ կարևոր մարտահրավերը համարեց:  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]