Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Podcast-FinInForm. Գումարը ոչ թե բարձի տակ, այլ քարտային հաշվին. ինչպես ճիշտ ընտրել վճարային քարտը

Podcast-FinInForm. Գումարը ոչ թե բարձի տակ, այլ քարտային հաշվին. ինչպես ճիշտ 
ընտրել վճարային քարտը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վճարային քարտ կարելի է ձեռք բերել 14 տարեկանից սկսած, միջազգային քարտերով կարելի է գնումներ, պատվերներ կատարել նաև արտերկրից: Իսկ, թե ինչո՞ւ ձեռք բերել վճարային քարտ, ինչպե՞ս ճիշտ ընտրել քարտը և անվտանգության ի՞նչ կանոնների է պետք հետևել, «Արմենպրես»-ի «ՖինԻնՖորմ»-ի շրջանակում  ներկայացրել է Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի  փորձագետ Դավիթ Խառատյանը:   

Վճարային քարտով կարելի է ստանալ աշխատավարձ կամ այլ դրամական միջոցներ, կատարել վճարումներ առևտրի և սպասարկման կետերում, բանկոմատների կամ առցանց հարթակների միջոցով կատարել կոմունալ և այլ տեսակի պարտադիր վճարումներ, իրականացնել ինտերնետային առևտուր, կատարել և ստանալ քարտից քարտ փոխանցումներ, ինչպես նաև պարբերաբար ստանալ հաշվի քաղվածքներ: Փորձագետը սա հիանալի հնարավորություն է համարում՝ տնօրինելու անձնական բյուջեն, քանի որ բանկերն ամեն ամիս քաղվածք են ուղարկում:

«Վճարային քարտի միջոցով կարելի է խուսափել դրամական միջոցների կորստից քարտի կորստի կամ վնասվելու դեպքում: Վճարային քարտը նաև հնարավորություն է  տալիս բանկից,  բանկոմատներից կանխիկացնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է այդ պահին: Այսինքն՝ չեք ունենում այն լարվածությունը, որ ձեր մոտ մեծ գումար է, և այն ինչ-որ կերպ կարող է կորել»,-ասում է փորձագետը:

Քարտ ստանալու համար կարելի է դիմել երկու եղանակով՝ և օնլայն, և բանկ այցելելով՝ կախված բանկից:  Օնլայնի դեպքում անհրաժեշտ է տվյալ բանկի կայքում կամ մոբայլ հավելվածում մուտքագրել պահանջվող անձնական տվյալները, վերբեռնել  անձը հաստատող փաստաթուղթը և սոցիալական քարտը, անցնել վերիֆիկացում, առաջիկա օրերին ստանալ: Իսկ բանկ այցելելու դեպքում նշված փաստաթղթերը պետք է լինեն ձեզ մոտ: Հայտը ներկայացնելուց հետո 2-7 աշխատանքային օրվա ընթացքում քարտը պատրաստ է լինում:

14 տարեկանից սկսած՝ հնարավոր է ձեռք բերել վճարային քարտեր, իսկ ավելի փոքր տարիքի երեխաների համար ծնողները կարող են բանկից պատվիրել իրենց քարտային հաշվին կցված քարտեր՝ ընտանիքի բոլոր անդամների անուններով:  Բանկային քարտ ունենալը կարող է ենթադրել մի քանի տեսակ վճարների առկայություն: Կախված բանկից և առաջարկվող քարտատեսակից՝ վճարները կարող են տարբեր լինել: Կարող է լինել նաև անվճար` օրինակ թոշակառուների համար ԱՌԿԱ քարտերը: Հիմնական վճարներն են քարտի թողարկման կամ տրամադրման վճարը և տարեկան սպասարկման վճարը:

Հայաստանում լայնորեն շրջանառվում է ինչպես տեղական ArCa քարտը, այնպես էլ միջազգային Վիզա, Մասթերքարդ, Ամերիքան Էքսպրես և Diners club քարտերը: «Միջազգային քարտերով հնարավոր է իրականացնել փոխանցումներ դեպի արտերկիր: Իսկ Arca քարտերով կարելի է գործողություններ իրականացնել միայն Հայաստանի տարածքում: Փոխանցումներ կարող եք կատարել միայն հայկական հաշիվների: Բացառություն է կազմում ArCa мир քարտատեսակը, որը հատկապես վերջերս է լայն տարածում ստացել՝ կապված վերջին իրադարձությունների հետ: Այդ քարտատեսակը կարելի է օգտագործել Հայաստանում, Ռուսաստանում և այն երկրներում, որոնք սպասարկում են դրանք»,-ասում է փորձագետը:

Վճարային քարտը կարելի է  կցել ArCa հավելվածին, Apple pay-ին, էլեկտրոնային դրամապանակներին: Փորձագետը հորդորում է ոչ ոքի չփոխանցել այն հավելվածի մուտքի տվյալները, որտեղ կցել եք ձեր քարտը:

Իսկ, թե ինչո՞ւ ձեռք բերել վճարային քարտեր, ոչ թե կանխիկ գումարով առևտուր անել՝ փորձագետն ասում է. «Վճարային քարտի կորստի դեպքում մարդը հնարավորություն է ունենում խուսափել իր գումարի կորստից` ընդամենը 1 րոպեում բանկ զանգահարելով և հաշիվն արգելափակելով: Նույնը չեմ ասի տանը բարձի տակ կամ դարակում պահած գումարի մասին, որը գողության կամ որևէ աղետի դեպքում կարող եք կորցնել»:

Փորձագետը հիշեցնում է նաև քարտերով արտերկրից որևէ բան պատվիրելու հնարավորության մասին: «Բոլորիս ծանոթ է կոմունալ վճարումներն իրականացնելու ընթացքում գոյացող հերթերը: Վճարային քարտ ունենալու դեպքում, օգտագործելով բջջային հավելվածները, կարելի է ընդամենը մի քանի հպումով կատարել վճարումը, շահել ժամանակ: Եվս մի բան՝ կան քարտեր, որոնց վրա թեկուզ չնչին, բայց տոկոս է ավելանում մնացորդի հաշվին»,-նշում է փորձագետը:

Իսկ ինչ վերաբերում է Wifi-ով քարտերին՝ փորձագետն ընդգծում է. «Ճիշտ է, այդպիսի քարտերի վրայի նշանը շատ նման է wifi-ի նշանին, սակայն պրակտիկայում այն անվանում են NFC (Near FieldCommunication) կամ այսպես ասած անհպում վճարում իրականացնող քարտեր»:

Նախորդ շաբաթ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տվյալների համաձայն օտարերկրացիների կողմից Հայաստանում բացվել է 20 հազար 860 բանկային հաշիվ (մեկ ամսվա կտրվածքով): 

Վերջում փորձագետը հորդորում է ոչ ոքի չտրամադրել անձնական և քարտային տվյալները, քարտը և ծածկագիրը չպահել մեկ տեղում: «Եթե ձեզ զանգահարեն և ասեն, որ ինչ-որ սխալմունք կա, ձեր հեռախոսահամարին նամակ են ուղարկել և խնդրում են ասել թվերը, ոչ մի դեպքում չասել: Եթե Ձեզ զանգահարում են բանկից և ցանկանում իրականացնել տվյալների թարմացում, անջատեք հեռախոսը և զանգահարեք բանկ: Հնարավոր է գործ ունենաք խարդախների հետ»,-ասում է նա՝ հորդորելով նաև պարբերաբար ստուգել  հաշվի քաղվածքները, դիտարկել ծախսերը և այդպիսով արդյունավետ կերպով կառավարել բյուջեն:

Քարտի տվյալները չպետք է մուտքագրել կասկածելի կայքերում: Նաև պետք է իմանալ, որ եթե ինչ-որ մեկը ձեզ փոխանցում է կատարելու, պետք չէ ձեր տվյալների հետ նրան փոխանցել նաև քարտի ետնամասում նշված թվերը կամ ձեր քարտի ծածկագիրը:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]