1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«ԱրմՀայԹեք 2022». Հարվածային ԱԹՍ-ներից մինչև հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը հեշտացնող տեխնոլոգիաներ

«ԱրմՀայԹեք 2022». Հարվածային ԱԹՍ-ներից մինչև հաշմանդամություն ունեցող 
անձանց կյանքը հեշտացնող տեխնոլոգիաներ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարվածային անօդաչու թռչող սարքերից մինչև բեռնափոխադրող հեռակառավարվող մեքենաներ, հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց կյանքը հեշտացնող տեխնոլոգիաներ. այս ամենը ներկայացվեց «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսում։ 

«Արմենպրես»-ը զրուցել է ցուցահանդեսին ներկայացված ընկերություններից մի քանիսի հետ և պարզել, որ այս անգամ ցուցահանդեսին աչքի էին ընկնում ԱԹՍ արտադրող ընկերությունները, որոնք հիմնականում հեշտ կառավարելի և էժան մոդելներ են։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայկական Davaro ընկերության ներկայացուցիչ Արմեն Ենոքյանի խոսքով՝ իրենց ընկերության անօդաչու թռչող սարքերը կարող են թռչել մինչև 20 ժամ կամ մինչև 500 կիլոմետր` կրելով 15 կիլոգրամանոց մարտագլխիկ։ Արտադրում են դրոնների մարտական մոդելներ մինչև 150 կիլոմետր խոցման շառավղով։ Այս անգամ առաջին անգամ ներկայացվել են ընկերության լազերային կառավարվող, հետախուզական և հարվածային և անօդաչու թռչող սարքերի նոր մոդելները։

«Նախատեսված են հակառակորդի օդանավակայանները, զենքի պահեստները, հիմնականում անշարժ օբյեկտը խոցելու համար»,-նշեց նա։ 

Վերջինիս խոսքով՝ մշակման փուլում է կառավարման համակարգը, որի դեպքում մարտական գործողությունները կղեկավարվեն արհեստական բանականության օգնությամբ։

UAVLAB ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Ջաղինյանը նշեց, որ «կամիկաձե» տեսակին պատկանող հայկական բզեզից բացի սկսել են նաև հարվածային այլ անօդաչուներ արտադրել, կատարելագործել  կառավարման համակարգը։ 

«Մի մեքենայից կարող ենք 2 անօդաչու կառավարել։ Այն ամբողջովին Հայաստանում է արտադրված»,- նշեց ընկերության ներկայացուցիչը։

Հայաստանյան մեկ այլ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ, փոքր բեռներ տեղափոխող անօդաչու ուղղաթիռներ և ռադիոտեղերոշման ու կապի համակարգեր արտադրող «ՊրոՄաք» ընկերության  ներկայացուցիչ Արշավիր Ստեփանյան խոսքով՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետ պետության հետ համագործակցությունը դինամիկ աճում է։ 

«Օր օրի զարգացող ոլորտ է, օր օրի նոր մտահաղացումներ կան , նոր նպատակներ կան, նոր պրոյեկտներ կան, որոնք կյանքի են կոչվում։ Շուկան դինամիկ զարգանում է»,- ասաց նա։ 

Ջերմատեսիլ նշանոցների և դիտարկման համակարգերի արտադրությամբ զբաղվող  «Արագած» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1992-ին։ Ընկերության ներկայացուցիչ Լևոն Մարգարյանը նշեց, որ հենց հիմնադրման պահից սկսած համագործակցում են բանակի հետ։ 

«Տաղավարում ներկայացված են ջերմատեսիլային նշանոցների մի մասը։ Ներկայացված նմուշների մոտ 80 տոկոսը անցել են պետական բոլոր փորձարկումները և արդեն երկար տարիներ կիրառվում են բանակում»,- առանձնացրեց նա։ 

Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Էդգար Հարությունյանը նշեց, որ մշակել են հայկական «Նաիրի» ռադիոտեղորոշման կայանը։ Այն ևս առաջին անգամ է ներկայացվել ցուցահանդեսին։

«Այն կարողանում է մի քանի րոպեում բացազատվել, ինչը ժամանակակից պատերազմներում շատ կարևոր դեր է զբաղեցնում։ Աշխատում է մինչև 4000 կիլոմետր հեռավորության վրա, նկատում է միջին և մեծ թռչող օբյեկտները»,- ընդգծեց Հարությունյանը։

«Իսատեք Ռոբոտիքս» ընկերության տնօրեն Վահան Իսաջանյանի խոսքով՝ ներկայացնում են  երկու նորություն․ առաջինը բեռնափոխադրող հեռակառավարվող մեքենա է՝ թրթուրավոր ամենագնաց, որը նախատեսված է վտանգավոր հատվածներում բեռներ տեղափոխելու և վիրավորներին առաջնագծից էվակուացնելու համար։ 

Մյուսը մարտական հեռակառավարվող մեքենայի վերջնական մոդելն է։ Այն զինվորին փոխարինում է հենց անմիջական մարտական գործողությունների ժամանակ։ Այսինքն՝ դրանք լիարժեք կարող են մարտ վարել։

Ներկայացված էին նաև հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց հետպատերազմյան կյանքը հեշտացնող տեխնոլոգիաներ։

Հայկական «Քայլտեք» ընկերություն հիմնադիր Դավիթ Արսենյանը պատմեց, որ  ներկայացրել են սարք, որով հաշմանդամություն ունեցող անձը կարող է տանը պարապել և վերականգնողական բուժում ստանալ։ Հետո գաղափար է առաջացել ստեղծել այնպիսի միջավայր, որով հաշմանդամություն ունեցող անձինք վիրտուալ տարածքում կարող են իրականության զգացողություն ապրել։ Նրա խոսքով՝ այն կհանդիսանա վերականգնողական խթան՝ առաջացնելով նեյրոնային կապեր գլխուղեղում և ողնուղեղում ։ 

«Ուզում ենք ստեղծել հաշմանդամային կիբերսպորտ, հաշմանդամային կիբերտուրիզմ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք սարքի օգնությամբ միանան համակարգին և կարողանան շրջել այն վայրերով, որով իրենք են ուզում։ Հենց խաղի մեջ նրանք, հավասարվելով միմյանց, կարող են շփվել, խոսել՝ անկախ գտնվելու վայրից,- ընդգծեց նա։ 

Հետպատերազմյան կյանքը հեշտացնող մեկ այլ ընկերություն է արհեստական բանականության վրա հիմնված ստորին վերջույթների պրոթեզներ արտադրող հայկական Oqni ստարտափը։ Oqni-ի համահիմնադիր Հայկ Բագրատյանցը նշեց, որ  հաշմանդամություն ունեցող անձանց Հայաստանի ողջ տարածքում և Արցախում հոգեբանական աջակցություն է տրամադրելու։ Ընկերությունը տրամադրում է նաև ինտեգրված վերականգնողական աջակցություն։

«Իրականացնում ենք նախագիծ, որի ընթացքում ստեղծում ենք AI Bionic և 3D բիոմեխանիկական ոտքի պրոթեզներ»,- նշեց նա:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 31-ից ապրիլի 2-ը անցկացվել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը։

Ցուցահանդեսային երեք օրերի ընթացքում շուրջ 48 տաղավարներում, ավելի քան 50 ընկերություններ՝ 24 թեմատիկ բաժիններով ներկայացրել են  իրենց արտադրանքն ու ծառայությունները:

«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Համակազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲ ընկերությունը և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն։

 

Կարինե Տերտերյան 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]