Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

«Գերմանական Բարեկամություն» ծրագիրը շարունակում է աջակցել Հայաստանի կրթօջախներին

«Գերմանական Բարեկամություն» ծրագիրը շարունակում է աջակցել Հայաստանի կրթօջախներին

ԳՅՈՒՄՐԻ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փանիկի միջնակարգ դպրոցում վերանորոգումից հետո  շահագործման հանձնվեց հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատանքի համար նախատեսված դասարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար մատչելի միջավայրի և պայմանների ստեղծումը հնարավոր է դարձել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության շնորհիվ՝ «Գերմանական Բարեկամություն»  ծրագրի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Մկրտիչ Բաբայանը, ծրագրի շրջանակներում իրականացվել է դասարանի վերանորգում՝ տեղադրվել են  նոր եվրոպատուհաններ և դուռ, իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում դասասենյակը նաև կահավորվել է՝ ձեռք է բերվել հարմարավետ  կահույք,  ավազաթերապիայի սեղան և դիտակտիկ նյութեր:

«Մեծ ուրախություն է, որ այս երեխաների կողքին ենք: Հիսուսն ինքն ասած. «Թողե՛ք մանուկները մեզ մոտ գան, քանի որ երկնքի արքայությունը նման է այս մանուկներին, քանի որ իրենց սիրտն անբիծ է ու անարատ: Մենք՝ որպես եկեղեցի և «Հայկական Կարիտաս», որոշեցինք, որ աջակից ու նեցուկ լինենք մեր այս երեխաներին, քանի որ եկեղեցու սոցիալական պարտականությունն է իր հոտին ու ժողովրդին աջակիցը լինելը»,- դասասենյակի բացման ժամանակ նշեց Կաթողիկե եկեղեցու առաջնորդական տեղապահ՝  Հայր Գառնիկ Ծայրագույն Վարդապետ  Հովսեփյանը:

Կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով «Հայկական Կարիտաս»-ին՝ դպրոցի տնօրեն Արսեն Մամիկոնյանը ընդգծեց, որ կատարած աշխատանքը մեծ ներդրում է համայնքի համար:  «Մենք էլ մեր հերթին ենք շնորհակալ՝ մեր աշխատանքն արդյունավետ  ու նպատակաուղղված դարձնելու համար. սենյակն օրինակելի ու հարմարավետ է»,- նշեց ուսուցչի օգնական Մարգարիտա Բոյաջյանը:  

«Գերմանական Բարեկամություն» ծրագրի շրջանակներում այս տարի փոխվել են նաև  Արթիկի թիվ 4 մանկապարտեզի պատուհաններն ու պատուհանագոգերը, տեղադրվել են նոր դռներ:

Ծրագիրը կյանքի է կոչվել  2003 թվականին՝ Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան գիմնազիայի ուսուցչական անձնակազմի, սաների և ծնողների նախաձեռնությամբ: Առ այսօր գիմնազիան պարբերաբար դրամահավաք է կազմակերպում, որպեսզի Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթական պայմանները բարելավվեն և լուծվեն դպրոցների առաջնային խնդիրները: Ծրագիրը նաև սատարում է համայնքային կարողությունների ձևավորմանը` խթանելով համայնքային մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում: Համայնքները ծրագրերում իրենց մասնակցությունն են ունենում ապահովելով ներդրում`աշխատանքի, շինանյութի և գումարի տեսքով:

 

Արմենուհի Մխոյան   








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]