Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Գյումրիում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը

Գյումրիում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը

ԳՅՈՒՄՐԻ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համազգային դիմադրության շարժման մասնակիցների նախաձեռնությամբ  ապրիլի 10-ին  Գյումրիում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը: Գյումրու «Խաղաղության օղակ» պուրակից նախաձեռնության մասնակիցները երթով շարժվեցին  Զորավար Անդրանիկի պուրակ, որտեղ էլ տեղադրեցին  Արցախի Հանրապետության դրոշը։

«Սա ի աջակցություն Արցախի կարգավիճակի ու Արցախի ժողովրդի է՝ առաջնորդվելով «Պաշտպանելով  Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով: Արցախը պետք է ունենա իր կարգավիճակը: Նման կերպ փորձում ենք նաև մեր ազգաբնակչության ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա՝ քանի դեռ կա Արցախի, կա նաև  Հայաստանի անվտանգության խնդիր: Առանց Արցախի Հայաստանն անհնարին է պատկերացնել»,- «Արմենպրես» -ին տեղեկացրեց ՀՀԿ խորհրդի անդամ Սուքիաս Ավետիսյանը;

ՀՅԴ Գյումրու կոմիտեի անդամ Արա Նախշքարյանն ընդգծեց` դրոշի տեղադրմամբ ցանկանում են հասարակությանը մոտ պահել ազգային արժեքներին։ «Պետականության կայացման գործում մարդ պետք է ունենա իր սեփական մտածելակերպը։ Վստահ եմ` բացի նրանից, որ դրոշները տեղադրվում են քաղաքում, առաջիկայում կտեսնեք պատշգամբներից կախված, խանութների, ինչպես նաև տարբեր այլ հիմնարկությունների պատերին»,– ասաց Արա Նախշքարյանը։

Ազատամարտիկ, գրող Մնացական Մուրադյանը նշեց, որ այս միջոցառումն իր մեջ խորհուրդ է կրում, որն իրենք փոխանցում են հասարակությանը։ «Տա Աստված, որ մեր միասնությունը ավելի տարածվի ու վարակիչ դառնա»,– ասաց ազատամարտիկը:

 

Արմենուհի Մխոյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]