Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախը հացահատիկի արտադրության առումով ինքնաբավ երկիր դարձնելու համար շատ ջանքեր պետք է գործադրվեն. նախարար

Արցախը հացահատիկի արտադրության առումով ինքնաբավ երկիր դարձնելու համար 
շատ ջանքեր պետք է գործադրվեն. նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հողօգտագործողները 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր առճակատվում են թշնամու կողմից դրսևորվող տարատեսակ սադրանքների հետ՝ այդ թվում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման խոչընդոտների: Արցախի Հանրապետությունը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի գրեթե 75 տոկոսից ավելին: Գյուղատնտեսությանը պատճառված կորուստների դիմաց տրամադրվելիք աջակցության գործընթացի, ընթացիկ և սպասվող ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանի հետ:

-Արցախում մեկնարկե՞լ են արդյոք գարնանացանի աշխատանքները: Եթե այո, ապա ի՞նչ փուլում են, ի՞նչ է արվում:

-Հանրապետությունում 2022 թվականի բերքի տակ նախատեսվող  գարնանացանի  համար հողի նախապատրաստական աշխատանքները  մեկնարկել են  դեռևս անցած տարվա դեկտեմբերից  և շարունակվում են  առ այսօր:

Գարնանացանի աշխատանքները  պատշաճ  կազմակերպելու նպատակով  Արցախի  կառավարության կողմից  հաստատվել է  «Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության խթանման» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է.

1) գարնանացան մշակաբույսերի սերմերի արժեքի մասնակի սուբսիդավորում և լրավճարի տրամադրում (նվազագույնը 0,5 հեկտար մակերեսով հողատարածքում գարնանացան մշակաբույսերից եգիպտացորենի, արևածաղկի, հնդկացորենի և կտավատի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին տրամադրվում է՝ 1 հեկտարի դիմաց սահմանված համապատասխան քանակությամբ սերմ՝ սերմի արժեքի 80 տոկոսի չափով սուբսիդավորմամբ: Հատկանշական է, որ կորնգանի և առվույտի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին ծրագրով նախատեսվում է տրամադրել 1 հեկտարի դիմաց սահմանված քանակությամբ սերմ՝ արժեքի 100 տոկոսի չափով սուբսիդավորմամբ (նախկին 80 տոկոսի փոխարեն)),

2) բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում (բանջարաբոստանային մշակաբույսեր մշակելու համար հողօգտագործողներին անհատույց տրամադրվում է 1 հեկտարի դիմաց՝ 200 000 դրամ միանվագ գումար),

3) սիլոսի համար եգիպտացորենի և ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման դիմաց լրավճարի տրամադրում (սիլոսի համար եգիպտացորենի մշակությունից ստացված բերքի իրացման դեպքում տրամադրվում է լրավճար՝ 1 կիլոգրամի դիմաց 10 դրամ գումարի չափով, իսկ ծխախոտից ստացված բերքի իրացման դեպքում՝ 1 կիլոգրամի դիմաց 20 դրամ գումարի չափով):

-Ի՞նչ դժվարությունների առաջ եք կանգնել Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների ֆոնին գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու գործում:

-2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի հողօգտագործողները առճակատվում են թշնամու կողմից դրսևորվող տարատեսակ սադրանքների հետ՝ կապված ցանկացած տեսակի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման խոչընդոտման հետ: Ինչպես գիտենք, եղել է նույնիսկ սեփական այգին տրակտորով մշակող անձի սպանության դեպք:

Նման դեպքերի բացառումը վերապահված է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբին. վերջիններս տեղեկացվում են արձանագրված ցանկացած դեպքի կամ սպասվող սադրանքների մասին և ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ թշնամուն սանձելու ուղղությամբ:

-Հաշվի առնելով այն փաստը, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով բնակիչները կորցրել են վարելահողերը, սպասվու՞մ է արդյոք տեղական արտադրանքի դեֆիցիտ: Նման խնդրի դեպքում ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու:

-Արցախի Հանրապետությունը պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի գրեթե 75 տոկոսից ավելին: Այս փաստն, իհարկե, չէր կարող բացասաբար չանդրադառնալ հացահատիկի արտադրության ցուցանիշների վրա: Գումարած դրան, անցած գյուղատնտեսական տարին եղել է բավականին չորային, ինչը ևս բացասաբար է անդրադարձել բերքատվության վրա:

2022 թվականի բերքի տակ կատարված աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքսերը խոստանում են ապահովել նախորդ տարվանից առավել գոհացուցիչ արդյունքներ՝ հաշվի առնելով տեղումներն ու առավել ճշգրիտ մշակությունը:

Սակայն այս ամենը դեռևս չի նշանակում, որ Արցախը կարող է համարվել հացահատիկի արտադրության առումով ինքնաբավ երկիր. այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է գործադրել շատ ջանքեր՝ նախևառաջ սահմանամերձ տարածքներում անվտանգության լիարժեք ապահովման, կուլտուրաների մշակությունն ագրոտեխնիկական կանոններին համապատասխան իրականացնելու ուղղությամբ: Պակաս կարևոր չէ նաև բարենպաստ բնակլիմայական պայմանների առկայությունը: Նշված բոլոր պայմանների առկայության պարագայում հնարավոր է աստիճանաբար հասնել ինքնաբավության:

Հատկանշական է, որ հանրապետությունում աշխատանքներ են տարվում նոր տարածքների բարելավման և նպատակային օգտագործման ուղղությամբ, ինչն իր հերթին կնպաստի գյուղատնտեսական նշանակության հողերի ավելացմանը:

-Ո՞ր փուլում է արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով գյուղատնտեսությանը պատճառված կորուստների դիմաց տրամադրվելիք աջակցության գործընթացը: Քանի՞ շահառու է արդեն օգտվել և  ինչ ձևաչափով է տրամադրվել աջակցությունը:

-Պետք է նշեմ, որ 44-օրյա պատերազմի հետևանքով բնակչությանը պատճառված գույքային վնասների դիմաց աջակցության տրամադրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար ստեղծվել է  հատուկ մարմին՝ «Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտե», որը և զբաղվում է Ձեր նշած հարցերի լուծմամբ:

Կարող եմ նշել, որ գյուղատնտեսական գույքի կորուստների դիմաց որոշակի անձինք արդեն ստացել են աջակցություն, այժմ աշխատանքներ են տարվում կորուսյալ գույքի վերաբերյալ տվյալներում անճշտությունների վերացման ուղղությամբ:

-Մարտին Արցախում գրանցված աննախադեպ տեղումների հետևանքով տուժե՞լ են արդյոք անասնագոմերն ու ջերմոցային տնտեսությունները: Արդեն հայտնի՞  է վնասի չափը:

Այո, հանրապետության տարբեր համայնքներում տեղացած առատ ձյան պատճառով գրանցվել են թե՛ անասնագոմերի, թե՛ ջերմոցային տնտեսությունների մասնակի կամ լրիվությամբ փլուզման դեպքեր: Նախարարության համապատասխան մասնագետները արդեն եղել են որոշ տեղերում և փորձել են ցուցաբերել համապատասխան մասնագիտական խորհրդատվություն՝ բացասական հետևանքների մեղմման ուղղությամբ:

Վնասների չափերը դեռևս վերջնական չեն ճշտվել:

-Ներկայում ինչպիսի՞ աջակցության ծրագրեր են գործում գյուղատնտեսության տարբեր ճյուղերում:

-Արցախի կառավարութան կողմից առայսօր հաստատվել են Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության խթանման, Այգեգործության զարգացման, Ջերմատնային տնտեսությունների զարգացման, Արցախի Հանրապետություն ներմուծվող  տոհմային կենդանիների արժեքի մասնակի  սուբսիդավորման, Արցախի Հանրապետությունում ձեռքբերվելիք տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման, Անասնապահության զարգացման խթանման, Արցախի Հանրապետությունում արտադրված կաթի դիմաց լրավճարի տրամադրման ծրագրերը:

Նշվածներից մեր տնտեսավարողների համար նորույթ է միայն վերջին ծրագիրը, համաձայն որի Արցախի Հանրապետությունում արտադրված կաթի դիմաց տրամադրվում է լրավճար՝ մեկ կիլոգրամի դիմաց՝ կենդանիների մսուրային պահվածքի դեպքում 50 (հիսուն), իսկ մսուրաարոտային պահվածքի դեպքում 35 (երեսունհինգ) դրամ գումարի չափով:

Մնացած բոլոր ծրագրերը նախկինում արդեն գործել են, այժմ փոփոխվել են որոշ պայմաններ:

Այգեգործության զարգացման ծրագրով նախատեսվում է նվազագույնը 0,5 հեկտար (մեկ ամբողջական հողատարածքում), իսկ առավելագույնը 10 հեկտար մակերեսով հողատարածքում այգի հիմնադրելու դեպքում տնկիների արժեքի մասնակի սուբսիդավորում՝ մեկ տնկիի դիմաց առավելագույնը 1 000 դրամ: Նույն ծրագրով սահմանվել է նվազագույնը 0,5 (մեկ ամբողջական հողատարածքում) և առավելագույնը 10 հեկտար մակերեսով հողատարածքում հիմնադրված այգիներում կարկտապաշտպան ցանցի տեղադրման դիմաց անհատույց ֆինանսական  միջոցների  տրամադրում՝ հենասյունային մշակությամբ հիմնադրված յուրաքանչյուր 1 հեկտար այգու դեպքում՝ 3 000 000 դրամ,  առանց հենասյուն հիմնադրված և (կամ) հենասյունային մշակությամբ նոր հիմնադրվող յուրաքանչյուր 1 հեկտար այգու դեպքում՝ 6 000 000 դրամ:

Ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրով նախատեսվում է ջեռուցվող    ջերմատնային   տնտեսությամբ   զբաղվողներին՝   1   հեկտարի    դիմաց   6 000 000 դրամ (1 քառակուսի մետրի դիմաց՝ 600 ՀՀ դրամ), իսկ չջեռուցվող ջերմատնային   տնտեսությամբ   զբաղվողներին՝ 1  հեկտարի դիմաց 3 000 000 դրամ (1 քառակուսի մետրի դիմաց՝ 300 դրամ) տրամադրում: Միջոցառումից օգտվելու համար պարտադիր պայման է հանդիսանում մեկ ամբողջական ջերմատնային տնտեսության մակերեսը ոչ պակաս, քան 100 քառակուսի մետր լինելը:

Արցախում նոր ջերմատնային տնտեսություն կառուցած անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում միջոցառմամբ նախատեսվում է առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում՝ 1 քառակուսի մետրի դիմաց 8 000 դրամ աջակցության տրամադրում, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում` 1 քառակուսի մետրի դիմաց 22 000 դրամ աջակցության տրամադրում:

Արցախի Հանրապետություն ներմուծվող  տոհմային կենդանիների արժեքի մասնակի  սուբսիդավորման ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հայտատու տարեկան կարող է ներմուծել բավարարված հայտի քանակությամբ տոհմային կենդանիներ, որոնց համար սահմանվում է սուբսիդավորում արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան՝  700 000 դրամ՝ մեկ գլուխ խոշոր եղջերավոր կենդանու հաշվարկով, 50 000 դրամ՝ մեկ գլուխ մանր եղջերավոր կենդանու հաշվարկով, 200 000 դրամ՝ մեկ գլուխ խոզի հաշվարկով, 5 000 դրամ՝ մեկ թև հավի հաշվարկով, 15 000 դրամ՝ մեկ թև հնդկահավի հաշվարկով, 15 000 դրամ՝ մեկ գլուխ ճագարի հաշվարկով, 35 000 դրամ՝ մեկ մայր մեղուի հաշվարկով:     

Արցախի Հանրապետությունում ձեռքբերվելիք տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման  ծրագրի շրջանակում սուբսիդավորման ենթակա է ձեռքբերվելիք տոհմային կենդանու արժեքի 50 տոկոսը, մնացած 50 տոկոսը   հայտատուն վճարում է միանվագ  ընկերություններին առուվաճառքի պայմանագրերը կնքելու պահին:

Անասնապահության զարգացման խթանման ծրագրով նախատեսվում է Անասնաշենքերի էլեկտրաֆիկացում՝էլեկտրագծերով. արևային էներգիայով, ենթակայանների ձեռքբերում և տեղադրում:

Անասնաշենքերի ջրաֆիկացում՝  ակունքի  կառուցում, վերակառուցում. ջրագծերի անցկացում. նովերի, ջրի տարողությունների կառուցում և կամ տեղադրում:

Միջոցառումները կիրականացվեն այն շահառուների համար, ովքեր տիրապետում կամ պարտավորվում են պահելու տասը և ավելի պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանիներ: Պետական աջակցություն տրամադրվում է յուրաքանչյուր պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանու հաշվով առավելագույնը 70 000 դրամի չափով, որից 90 տոկոսը՝ պետական միջոցներով անհատույց, իսկ 10 տոկոսը՝ հայտատուն սեփական միջոցներով վճարում է շինարարություն իրականացնող ընկերությանը:

Նշված բոլոր աջակցության ծրագրերը կոչված են խթանելու Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսության զարգացումը՝ ոգեշնչելով մեր տնտեսավարողներին շարունակել արարել սեփական հայրենի հողում՝ արժանապատվորեն դիմակայելով արտաքին խոչընդոտներին ու մարտահրավերներին:

Հարցազրույցը՝ Անի Դանիելյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]