Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

«Նոր գիրք»-11/22. Բակունց, Փինչըն, Ուիլյամս, Հայրապետյան

«Նոր գիրք»-11/22.  Բակունց, Փինչըն, Ուիլյամս, Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
 Ակսել Բակունց, «Ալպիական մանուշակ»

Բակունցի արձակը հայերենի ծես է, որտեղ կողք կողքի ներկայանում են մեր լեզվի բոլոր պերճությունները։ Գրողը վարպետորեն ստեղծել է անհատական ոճ, դրականորեն տարբերվող կառույցներ՝ դուրս շարահյուսական ընդունված համակարգերից։ Նրա գրականությանը բնորոշ են քնարականությունը և բանաստեղծականությունը։

Պատմվածքների հերոսները գյուղաշխարհի մարդիկ են, որոնք ունեն իրենց իրականությունն ու օրենքները՝ մեծ աշխարհի վարքուբարքից անջատ։ Ահա այդ մարդկանց նկարիչն է Բակունցը, որի ներկապնակն իսկապես հարուստ է, աչքը՝ նկատող, լեզուն՝ մշակութային, հույզը՝ զգացած։

«Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով։ Դա Ակսել Բակունցն է։ Նա մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է»,- գրում է Ավետիք Իսահակյանը։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:

Թարգմանական գրականություն
 Թոմաս Փինչըն, «Ձգողության ծիածանը»

Վեպը համարվում է հետմոդեռնիզմի սառցահատը, հանգրվանը մի ճամփաբաժանի, որից ճյուղավորվում են բարձր արվեստն ու կոմիքսը, գութն ու անողոքը, գիտությունն ու մետաֆիզիկան, պարկեշտն ու սանձարձակը… Պաստառի ոճականորեն անբասիր ձևաչափերը ծավալվում են քերթվածից մինչև գիտակցության հոսքը, ներառյալ՝ միջանկյալ կանգառները։ Վաստակել է XX դարի գրականության խորհուն կոթողներից մեկի համբավը։ Թարգմանիչ՝ Արտաշես Էմին: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն
 Մարջերի Ուիլյամս, «Թավշյա ճագարը կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական»

Երբ երեխան սիրում է քեզ... ԻՍԿԱՊԵՍ սիրում է քեզ, դու դառնում ես ԻՍԿԱԿԱՆ։ Թավշյա Ճագարը երազում է լինել իսկական, ինչպես իր ծեր և իմաստուն ընկերը՝ Կաշվե ձին։ Բայց ԻՍԿԱԿԱՆ լինելն այն չէ, թե ինչպես ես պատրաստված։ Դա այն է, ինչ կատարվում է քեզ հետ։ Փոքրիկ տղայի սիրո շնորհիվ թավշյա Ճագարի երազանքները հրաշքով կարող են իրականանալ... Մարջերի Ուիլյամսի մանկական դասական այս վիպակի նկարազարդ ամբողջական հրատարակությունը, որ առաջին անգամ լույս է տեսել 1922 թ., կգրավի ցանկացածի սիրտը, ով հավատում է սիրո ուժին։ Անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ Պետրոսյանի: Նկարազարդումը՝ Սառա Մասինիի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն
 Տիգրան Հայրապետյան, «Պատերազմ և քաղաքականություն [Հատոր 1]»

Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։

Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական

հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]