Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Podcast-FinInForm. Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն. ինչ է ենթադրում և որոնք են պարտադիր

Podcast-FinInForm. Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն. ինչ 
է ենթադրում և որոնք են պարտադիր

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապահովագրությունը միջոց է, որով հնարավոր է ծածկել անկանխատեսելի արտակարգ պատահարի հետևանքները կամ կորուստը, ռիսկը ապահովադրի, այսինքն`քաղաքացու կողմից փոխանցվում է ապահովագրական ընկերությանը: «Արմենպրես»-ի «ՖինԻնՖորմ»-ի շրջանակում ապահովագրության, դրա տեսակների, վճարների մասին զրուցել ենք ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության ապահովագրական համակարգի կարգավորման բաժնի մեթոդաբան Արմինե Հովհաննիսյանի հետ:

Մասնագետն ասում է՝ գնելով ապահովագրության պայմանագիր՝ անձը փոխանակում է անորոշ և ծախսատար իրադարձություն տեղի ունենալու ռիսկը (ավտովթար, հրդեհ և այլն) փոքր որոշակի ծախսի` ապահովագրավճարի հետ:  

Իսկ, թե ինչ ապահովագրության տեսակներ կան՝ նա թվարկում է՝ ավտոմեքենաների ապահովագրություն, աջակցության ապահովագրություն, որը հանրությանը ծանոթ է որպես տուրիստական ապահովագրություն: «Վերջին տարիներին բավականին մեծ հետաքրքրություն է առաջացել հատկապես գյուղատնտեսական ապահովագրության նկատմամբ: Պիլոտային ծրագրի շրջանակում ապահովագրավճարի մի մասը սուբսիդավորվում է կառավարության կողմից, այսինքն` անձը վճարում է ապահովագրավճարի մի մասը»,-ասում է մասնագետը:

Կա նաև գույքի ապահովագրություն, դժբախտ պատահարից ապահովագրություն, առողջության ապահովագրություն, պատասխանատվության ապահովագրություն, որը ներառում է թե ընդհանուր քաղաքացիական պատասխանատվությունը, թե մասնագիտական պատասխանատվությունը: Վերջինիս դեպքում ծածկվում է մասնագետների կողմից մասնագիտական պարտավորությունների կատարման կամ ծառայությունների մատուցման ընթացքում անփութությամբ կամ անզգուշությամբ երրորդ անձանց պատճառված վնասների փոխհատուցումը:

«Մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը տարածվում է կոնկրետ մասնագիտությամբ անձանց վրա: Օրինակ` դիտարկենք բժշկի մասնագիտությունը. բժիշկն իր գործունեության ընթացքում կարող է մասնագիտական անզգուշության, ոչ դիտավորյալ գործողություների հետևանքով վնաս պատճառել մեկ այլ անձի, և այդ վնասները ծածկվում են հենց այդ ապահովագրատեսակներով»,-ասում է Հովհաննիսյանը:

Իսկ թե Հայաստանում ո՞ր մասնագիտությունների տեր անձինք կարող են ապահովագրության այս տեսակից օգտվել՝ նա ասում է. «Հայաստանում մասնագիտական ապահովագրության պահանջ կա նոտարների, ապահովագրական միջնորդների նկատմամբ, շրջանառվում էր նաև աուդիտորների, փաստաբանների ապահովագրությունը, սակայն դեռևս այդ մասնագիտությունների համար պահանջը օրենքի ուժ չի ստացել»:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ պետք է քաղաքացին ապահովագրություն ձեռք բերի՝ մասնագետը թվարկում է մի շարք պատճառներ, օրինակ՝ ֆինանսական կայունություն:  «Կարևոր չի որքան գումար եք դուք վաստակում կամ որքան խնայում, անկանխատեսելի իրադարձության արդյունքում ձեր ֆինանսական վիճակը կարող է վատանալ»,-ասում է մասնագետը:

Ըստ նրա՝ ապահովագրությունը նաև ռիսկի փոխանցում է, երբ ռիսկը ապահովադրի կողմից փոխանցվում է ապահովագրական ընկերությանը, դա նաև անձի և նրա ընտանիքի պաշտպանվածություն է, դժվար իրավիճակներում սթրեսի և լարվածության նվազեցում: Ապահովագրության որոշ տեսակներ պարտադիր են օրենքի ուժով:

«Շատ կարևոր է նաև հիշել, որ ապահովագրությունը չպետք է հարստացնի տուժողին, այլ պարզապես պետք է վերականգնի տուժողի այն ֆինանսական դրությունը, որը նա ուներ մինչև պատահարի ի հայտ գալը»,-շեշտում է Հովհաննիսյանը:

Իսկ, թե ո՞ր դեպքում ապահովագրական ընկերությունը կարող է փոխհատուցում չանել, ապահովագրավճարը ո՞ր դեպքում և ինչպե՞ս կարող է փոխվել, առաջարկում ենք լսել պոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]