Նախատեսվում է վերանորոգել Գյումրու համայնքային ենթակայության 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն
5 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի համայնքի ավագանին ապրիլի 15-ին համաձայնություն տվեց համայնքի տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն հայտերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրերը մեկնարկելու են 2022 թվականին:
Առաջին ծրագրային հայտով նախատեսվում է հիմնանորոգել Գյումրու համայնքապետարանի սեփականության իրավունքով պատկանող 15 բնակարան, որոնք հիմնանորոգումից հետո տրամադրվելու են անօթեւանի կարգավիճակ ունեցող ընտանիքներին: Բնակարանները անօթեւաններին կհանձնվեն անհատույց օգտագործման` առանց վարձավճարի, միաժամանակ Գյումրու համայնքապետարանը պահպանելու է այդ բնակարանների հանդեպ իր սեփականության իրավունքը, իսկ տվյալ ընտանիքները կպահպանեն անօթեւանի կարգավիճակը:
Երկրորդ ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի փայտյա պատշգամբը, Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը: Մյուս սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է վերանորոգել Գյումրու համայնքային ենթակայության 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որոնք հիմնականում կառուցվել են խորհրդային տարիներին առանց ջերմամեկուսացման: Սուբվենցիոն 3-րդ ծրագրի ընդհանուր բյուջեն 1 մլրդ 935 մլն 752 հազար դրամ է: Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել 22 փողոց, որոնք չեն գտնվում պատմական կենտրոնում: Հաջորդ ծրագրով նախատեսվում է Գյումրու չորս բազմաբնակարանային շենքերում իրականացնել էներգախնայողության ծրագիր և ձեռք բերել երկու բազմաֆունկցիոնալ ջրցան եւ ձնամաքրիչ եւ մեկ բազմաֆունկցիոնալ ամբարձիչ:
Ավագանու մեկ այլ որոշմամբ, բասկետբոլը մասսայականացնելու նպատակով, Գյումրիում կկառուցվի բասկետբոլի խաղահրապարակ: Համաձայն որոշման՝ ավագանին թույլատրում է Հայաստանի «Բասկետբոլի Ա-Լիգա» հասարակական կազմակերպությանը, Չայկովսկու փողոցի հարևանությամբ գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող, չորս հարյուր հիսուն քառակուսի մետր մակերեսով հողամասի վրա կառուցելու բասկետբոլի խաղահրապարակ: Բասկետբոլի խաղահրապարակի կառուցումն իրականացվելու է երկու ամսվա ընթացքում և կառուցված խաղահրապարակը՝ որպես սեփականություն, կհանձնվի Գյումրի համայնքին:
Ինչպես միշտ, այս տարի ևս Մայիսյան տոների առթիվ, ավագանու որոշմամբ, դրամական աջակցություն կստանան Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքները, մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած համարվող և գերեվարված զինծառայողների ընտանիքները,Մեծ Հայրենական, Աֆղանստանի պատերազմների և Հունգարիայի հեղաշրջման ճնշման մասնակիցները:
Մեկ այլ որոշմամբ էլ համայնքի ավագանին որոշեց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության թույլատրելի ժամ սահմանել 09:00-ից մինչև 23:00-ն: Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Վարդանանց հրապարակի և Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքներում:
Ավագանին նաև որոշեց ապրիլի 30-ին համապետական շաբաթօրյակի շրջանակում կազմակերպել եւ անցկացնել միջոցառումներ, որոնց կազմակերպման եւ անցկացման համար հատկացնել հինգ հարյուր հազար դրամ։ «Գյումրի համայնքում համապետական շաբաթօրյակի շրջանակներում նախատեսվում է համայնքի բակերում, այգիներում, պուրակներում, ինչպես նաև հանրային նշանակության կառույցների ու ճանապարհների հարակից տարածքներում իրականացնել սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ, որոնք կուղեկցվեն իրազեկման ակցիաներով, երգ-երաժշտությամբ։
Միջոցառման նպատակը աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելն ու շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ պատասխանատվություն ձևավորելն է հանրության շրջանում: Նախատեսված միջոցառումները կնպաստեն մեծ թվով քաղաքացիների ներգրավվածությանը շաբաթօրյակին»,-ներկայացնելով նպատակը նշեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:
Ավագանու հաջորդ նիստը կկայանա մայիսի 11-ին:
ԱրմենուհիՄխոյան