Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Պարեկային ոստիկանությունը պիտի նոր մակարդակի բարձրացնի աշխատանքի որակը. Փաշինյան

Պարեկային ոստիկանությունը պիտի նոր մակարդակի բարձրացնի աշխատանքի որակը. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Գյումրիում այցելել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ներկա է գտնվել Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: 

Վերջինիս ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և այլք: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և նշել. 

«Հարգելի ծառայողներ,

Ղեկավար անձնակազմ,

Ոստիկանության հարգելի պետ,

Կառավարության հարգելի անդամներ,

Գործադիր իշխանության ներկայացուցիչներ,

Ազգային ժողովի պատգամավորներ,

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգելի դիվանագետներ,

Հարգելի գործընկերներ, 

Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով: Ուզում եմ գոհունակությունս արտահայտել, որ 2022 թվականի Ոստիկանության օրը նշում ենք ահա այսպիսի նորամուծությամբ, երբ Շիրակի և Լոռու մարզերում իրենց աշխատանքն է սկսում Պարեկային ոստիկանությունը: Սա նոր և թարմ շունչ է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար, որը պիտի նոր մակարդակի բարձրացնի մեր աշխատանքի որակը: 

Բայց ուզում եմ նաև ընդգծել, երբ մենք անընդհատ շեշտում ենք նոր, թարմ ուժերի ներգրավումը ոստիկանական համակարգ, դա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ թերագնահատում ենք այն ծառայությունը, որ մինչև օրս Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացրել է: Պարեկային ոստիկանությունը, կարծում եմ, այս համախմբման շատ կարևոր օրինակ է, երբ Ոստիկանության փորձառու ուժերը համախմբվում են, միավորվում նոր մարդկանց հետ, ովքեր նախկինում երբեք Ոստիկանությունում չեն ծառայել: Այդպիսով հիմք է դրվում նոր հարաբերությունների, որը հարիր է այն ժողովրդավարական մակարդակին, որն այսօր արձանագրում է Հայաստանի Հանրապետությունը: 

Ցանկանում եմ ընդգծել` մեր նպատակն ու տեսլականը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հարգի ոստիկանին, որովհետև ոստիկանին հարգել` նշանակում է հարգել օրենքը: Հայաստանի Հանրապետության ոստիկանը պետք է հարգի քաղաքացուն, որովհետև քաղաքացուն հարգել` նշանակում է հարգել իրավունքը: Բայց օրենքի և իրավունքի այս համախումբն իրավակարգն է, օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը և իրավական պետության ձևավորումը: Եվ ուզում եմ, որ մենք չթերագնահատենք այս բարեփոխումը, որ տեղի է ունենում: 

Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Պարեկային ծառայության այն ծառայողներին, ովքեր 2021 թվականի հուլիսից իրենց ծառայությունն են սկսել մայրաքաղաքում և այս ընթացքում աներկբա ձևով վաստակել են քաղաքացիների հարգանքը: Եվ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ոստիկանության, պայմանական ասած, հին ծառայողներին, ովքեր իրենց փորձը, գիտելիքը, նվիրվածությունը փոխանցել են, փոխանցում են և կփոխանցեն պարեկային ծառայությանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր մասնակցություն են բերում այս չափազանց կարևոր, անկյունաքարային բարեփոխումներին՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին, Վարչապետի աշխատակազմին, մեր միջազգային գործընկերներին՝ ընդգծելով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր իրենց դերակատարումն են ցուցաբերում և ամեն ջանք գործադրում, որպեսզի այս բարեփոխումները մենք պարբերաբար հասցնենք կատարելության, որովհետև, եկեք խոստովանենք, որ հենց առաջին փուլից ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, բայց հատկապես այդ դժվարությունների պայմաններում շատ կարևոր է, որ մենք արձանագրում ենք առաջ գնալու մեր կամքը, առաջ գնալու մեր ունակությունը, բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը: 

Հարգելի ներկաներ 

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրը` Պարեկային ոստիկանության մեկնարկով Շիրակի և Լոռվա մարզերում: Օրը տոնական է, և շատ վառ երանգներով ենք մենք այսօր Ոստիկանության օրը դիմավորում: Եվ այս ֆոնին, հատկապես, ես ուզում եմ, որ մենք հիշենք և մեր հարգանքի տուրքը մատուցենք բոլոր այն ոստիկաններին, ովքեր նահատակվեցին 44-օրյա պատերազմի ընթացքում, ովքեր նահատակվել են Ղարաբաղյան առաջին պատերազմում և այս ընթացքում Հայրենիքի ու իրավակարգի պաշտպանության դիրքերում ամուր կանգնած լինելով: Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջին ստորաբաժանումները հենց ոստիկանական ստորաբաժանումներ էին, որոնց հենքի վրա հետագայում ձևավորվեց Հայոց բանակը: Եվ ուրեմն առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր բոլոր նահատակների հիշատակը՝ ընդգծելով այսօր ոստիկանության ծառայողներին»: 

Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո վարչապետը դիմելով պարեկային ծառայողներին` նշել է. «Այսօր դուք առաջին անգամ պաշտոնապես իրականացնելու եք ձեր ծառայությունը, և ես ուզում եմ, որ ձեր ծառայության և Ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օրինապահ քաղաքացին իրեն զգա վստահ, ապահով, անվտանգ, հարգված, գնահատված, իսկ օրենքի հետ խնդիր ունեցող քաղաքացին իմանա, որ իր խախտումն անարձագանք չի մնալու: Եվ դա ոչ թե քմահաճույք է, այլ հանրության իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և պահպանելու անհրաժեշտ գործողություն: 

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ոստիկանության օրվա առիթով և բարի երթ մաղթում Շիրակի մարզի պարեկային ոստիկանությանը»: 

Կառավարության ղեկավարն այնուհետև մասնագիտական տոնի կապակցությամբ պետական պարգևներ է հանձնել Ոստիկանության մի խումբ ծառայողների: Մասնավորապես՝ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Երախտագիության մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության մայոր Դավիթ Օհանյանը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության մայոր Երվանդ Նիկոյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արմեն Ավետի Ղազարյանը, ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Բաղդասար Աբրահամյանը, Ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Գրիգոր Շահինյանը: 

Պարգևատրման արարողությունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է պարեկային մեքենաների տեխնիկական հնարավորություններն ու հագեցվածությունը։ 

Վարչապետը եղել է նաև Շիրակի մարզի նորաստեղծ օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու տեխնիկական հագեցվածությանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]