Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում նշված է. «Այսօր մեր ժողովուրդն ու մեր եկեղեցին մեծ խանդավառությամբ և հանդիսավորությամբ նշում է ամենասիրելի և ամենալուսավոր տոներից մեկը՝ Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը։

Քրիստոնեությունը պետական կրոն աշխարհում առաջինը հռչակած հայ ժողովուրդը, կարծես, կրկնել է Քրիստոսի ճակատագիրը։ Ցեղասպանությունից հետո վերածնունդ ապրելով, մենք արժանապատվորեն անցանք փոթորկահույզ 20-րդ դարի խորդուբորդ ճանապարհներով, վերականգնեցինք մեր անկախությունը և վստահորեն կերտում ենք ապագան։

Սուրբ Զատիկն ավանդաբար ընտանեկան տոն է, և ես բոլոր հայ ընտանիքներին՝ ձեր օջախներին ի սրտե մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք, համերաշխություն և ամենայն բարիք։

Թող գարնան զարթոնքի այս տոնական օրը մեր հայրենակիցներին, համայն աշխարհասփյուռ հայությանը պարգևի բարօրություն, լավատեսություն, արևշատություն, ինչպես նաև անսպառ իմաստություն և անսասան վճռականություն՝ առկա դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելիս, բոլորիս մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ հայրենի երկիրը շենացնելու նվիրական գործում:

Եվ այսօր, ինչպեսև դարեր ի վեր, մենք սիրով, հույսով և հավատով կրկնում ենք

այս երջանկաբեր ավետիսը՝

Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]