Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

«Երևանյան բեսթսելեր». «Վիշապաքարի գաղտնիքը»՝ առաջատար. մանկական, մարտ, 2022

«Երևանյան բեսթսելեր».  «Վիշապաքարի գաղտնիքը»՝ առաջատար. մանկական, մարտ, 
2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը»: Մանկապատանեկան ֆենթըզի, որտեղ հանդիպում են 21-րդ դարի հայ պատանիներն ու վաղնջական հայկական առասպելները։ Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի. բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են... Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է պատահաբար օգներ կյանքի վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո կընկերանար։ Բայց ոչ բոլոր վիշապներն են, ինչպես կպարզվի հետագայում, նույնքան բարիդրացիական տրամադրված մարդկանց նկատմամբ, որքան Վահագնի նոր ընկերը․․․

Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Երրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Չորրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Հինգերորդ հորիզոնականում է «Գայլը և յոթ ուլիկները»: Մայր այծը, գնալով տանից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու հայտարարում, որ նրանց մայրն է: Գրիմ եղբայրների հեքիաթի հերոս խորամանկ գայլը փորձում է օգտագործել ցանկացած մեթոդ՝ նպատակին հասնելու համար:

Վեցերորդ հորիզոնականում է Նելլի Նովեմի «Հրաշքադարանը»։ «Հրաշքադարան»-ը արկածային մի պատմություն է, որը պատանի ընթերցողին տանում է երեւակայության ան­սպասելի աշխարհներ, բայց միեւնույն ժամանակ շատ կարեւոր եւ իրական հաղորդագրություն-­հղում այն մա­սին, որ խավարը հաղթահարվում է միայն գիտելիքի շնորհիվ, ինչը մարդու ներաշխարհը հարստացնելու միակ ճանապարհն է։ Մեզ քաջ ծանոթ հերոսները, հայտնվելով անսպասելի արկածների կիզակետում, ներկայանում են նորովի եւ ամենահավանական ու ան­հավանական քաջագործություններով հաղթահարում փորձությունները։ Այս պատմությունը նաեւ ի հայտ է բերում մեր անցյալն ու ներկան իրար ձուլող անտեսա­նելի այն կապը, որ միակ ճանապարհն է դեպի լույսը, դեպի նոր նվաճումները։

Յոթերորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը ութերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:

«Շունն ու կատուն» գիրքը իններորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն տասներորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Արտավազդ Եղիազարյան

«Վիշապաքարի գաղտնիքը»

Անտարես 105
2 -1 «Բոքոնիկը» Բուկինիստ 62
3 +1 «Շաղգամը» Բուկինիստ 60
4 -2 «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 57
5 +1 «Գայլը և յոթ ուլիկները» Բուկինիստ 54
6 Նոր

Նելլի Նովեմ

«Հրաշքադարանը»

հեղ․հրատ 50
7 * «Երեք խոզուկները» GSM 46
8 -5

Հովհաննես Թումանյան

«Փիսիկի գանգատը»

Բուկինիստ 45
9 -1 «Շունն ու կատուն» Բուկինիստ 45
10 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

GSM 37

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Հատոր» (099-52-52-00, 044-52-52-00), «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]