1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային ավելի արժանապատիվ ու ուժեղ կդարձնի. Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր

Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային ավելի արժանապատիվ ու ուժեղ 
կդարձնի. Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ իր երկրի կողմից Հայոց ցեղասպանությունը մինչ օրս պաշտոնապես ճանաչած չլինելու պատճառը Թուրքիայի կողմից այս հարցում գործադրվող ճնշումն է: Այս մասին պատգամավորը խոսել է «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ հույս հայտնելով, որ առաջիկայում իրավիճակը կփոխվի:

- Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Ավելի քան 30 երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդուհանդերձ, Իսպանիան դրանց շարքում չէ: Ո՞րն է պատճառը:

- Նախ և առաջ, ուզում եմ նշել, որ Իսպանիայում կան մի շարք խորհրդարաններ, ինչպիսիք են Բասկերի խորհրդարանը կամ Կատալոնիայի խորհրդարանը, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դժբախտաբար, Իսպանիայի Կոնգրեսը մինչ օրս Ցեղասպանությունը չի ճանաչել: Երկրորդը, ես հուսով եմ, որ շուտով սա կարող է փոխվել և Իսպանիայի խորհրդարանը կճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Ես հավատացած եմ, որ Իսպանիայի և մի շարք այլ երկրների կողմից մինչ օրս ցեղասպանությունը չճանաչելու պատճառը Թուրքիայի գործադրած ճնշումն է: Սակայն եթե պատմականորեն փաստերն ակնհայտ են, այլևս կարևոր չէ, որ այն իր անունով չի ճանաչվել՝ ցեղասպանություն:

- Ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Թուրքիան շարունակում է իր ժխտման քաղաքականությունը: Ինչպե՞ս կգնահատեք պատմական ճշմարտությունից խուսափելու Անկարայի վարքագիծը:

- Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանության հետ կապված ժխտման ու պատմական ռելատիվիզմի փաստերը խիստ անարդար են և վիրավորական հայ ժողովրդի և ցեղասպանության ենթարկված այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, ինչպիսիք են ասորիները կամ պոնտացի հույները: Սակայն միևնույն ժամանակ, այդ ամենը շահեկան չէ նաև թուրքական հասարակության համար:

- Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել: Ձեր կարծիքով՝ գործընթացը կարո՞ղ է հաջողության հասնել, եթե կողմերից մեկը հրաժարվում է ընդունել պատմական ճշմարտությունն ու ճանաչել իր նախնիների կողմից իրականացված ցեղասպանության հանցագործությունը:

- Դժվար թե: Ես գիտեմ Թուրքիան և իմ կյանքի մի կարճ ժամանակահատված բնակվել եմ Թուրքիայում: Դա հիանալի երկիր է, սակայն կարծում եմ, որ հայերի հետ կապված պատմական փաստերի ճանաչումը կօգնի Հայաստանի հետ ավելի լավ հարաբերություններ կառուցել, և, միևնույն ժամանակ, դա պատմական արդարության հաստատում կլինի:

Կարծում եմ՝ Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին՝ հաշվի նստելու սեփական պատմության դրամատիկ իրադարձությունների հետ: Դա չի թուլացնի Թուրքիան, հակառակը, դա Թուրքիան ավելի արժանապատիվ ու ուժեղ կդարձնի:

- Անպատժելիությունը խրախուսում է հանցագործությունների հեղինակներին: Վերջերս մենք դրա ականատեսը եղանք Արցախում, որտեղ ադրբեջանական զինված ուժերը խոշտանգում, տանջում կամ սպանում էին չզինված հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Չե՞ք կարծում, որ միջազգային հանրության կողմից այս ամենը բավարար արձագանքի չի արժանանում:

- Արցախում Ալիևի ռեժիմի և նրա դաշնակիցների կողմից իրականացված պատերազմական հանցանքներն ակնհայտ են: Ես ինքս ականատեսն եմ եղել այն ամենի, ինչ տեղի ունեցավ: Այս գործողությունների պատասխանատուները պետք է միջազգային արդարադատությանը հանձնվեն: Ես հավատացած եմ, որ նմանօրինակ իրադարձությունները կանխելու լավագույն ճանապարհը միջազգային հանրության կողմից Արցախը՝ որպես «Անջատում հանուն փրկության» բանաձևի հստակ դեպք ճանաչումն է: Դա կկանխեր նոր հանցագործությունները, թույլ կտար Արցախի հայերին ապրել խաղաղության մեջ իր պատմական հողերում և բարելավել հարաբերությունները Հարավային Կովկասի մյուս երկրների ու ժողովուրդների հետ:

Վերջում, ես ցանկանում եմ Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրն իմ համերաշխությունն ու աջակցությունը հայտնել հայ ժողովրդին:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]