Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահի հետ բանակցությունների կարևոր արդյունքներից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումը՝ սրանից բխող քաղաքական հետևանքներով:

«Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց Փաշինյանը:

Վարչապետը հստակ տեսնում է, որ համանախագահող բոլոր երկրները Լեռնային Ղարաբաղի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել:

«Բայց առավել ևս այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություններ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը աջակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս»,- ընդգծեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում