Գյումրու դրամատիկական թատրոնը թատերաշրջանը կբացի Համազգային թատրոնի հետ համատեղ նոր ներկայացմամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու դրամատիկական թատրոնը 157-րդ թատերաշրջանի բացմանը հանդիսատեսին կներկայացնի Համազգային թատրոնի հետ համատեղ իրականացվող «Հրաշագործը» ներկայացումը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսումայս մասին հայտնեց Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ նշելով, որ պրեմիերան, թերևս, այս տարվա ամենակարևոր թատերական իրադարձությունն է:
«Այս տարի առաջին անգամ Գյումրու թատրոնը և Համազգայի թատրոնը համատեղ բեմադրում են ներկայացում: Շատ են եղել, երբ ռեժիսոր կամ դերասան ենք հրավիրել, բայց այս անգամ բեմադրությունը իրականացվում է համատեղ: Ներկայացնելու ենք Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» պիեսը, որի գեղարվեստական ղեկավարը և ռեժիսորը լինելու է Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, իսկ դերասանները լինելու են Համազգային թատրոնից և Գյումրու թատրոնից»,- ասաց Հարությունյանը:
Նա շեշտեց, որ այդ ներկայացումը պետք է խաղան երկու թատրոններում էլ, այսինքն՝ ծնվելու է մի ներկայացում, որը լինելու է երկու թատրոններինը: Ներկայացումը ամեն թատրոնում խաղալու են 4-5 անգամ ամսվա կտրվածքով:
«Այս պահին մենք մտածում ենք, որ պետք է այնպիսի ձևավորում լինի, որպեսզի կարողանանք և Համազգային թատրոնում խաղալ ներկայացումը, և Գյումրու թատրոնում: Սա ինձ համար, թերևս, ամենակարևորն է այս թատերաշրջանում, որովհետև նախ բեմադրությունն անում է Նիկոլայ Ծատուրյանը և ներկայացման մեջ գլխավոր հերոսուհու դերակատարը լինելու է Նարինե Գրիգորյանը: Ես կարծում եմ, որ այս երկու թատրոնների համադրումը շատ հետաքրքիր է լինելու»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը:
Նա ասաց, որ այս պահին արդեն աշխատում են, սկզբնական փուլում փորձերը արվում են Երևանում, հետո տեղափոխվելու են Գյումրի: «Սա լինելու է շարունակական, և առհասարակ թատրոնները պետք է հաճախ համագործակցեն: Կարծում եմ՝ սա նաև շատ կոգևորի մեր երիտասարդ արտիստներին»,- եզրափակեց տնօրենը: