Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ. Արցախի ԱԳՆ

Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ 
քաղաքականությունը հայերի նկատմամբ. Արցախի ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 107 տարի հետևողականորեն ժխտելով հայոց ցեղասպանությունը և ջանալով չեզոքացնել միջազգային հանրության կողմից դրա ճանաչման ցանկացած փորձ՝ Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:

«Այսօր ողջ հայ ժողովուրդը և առհասարակ մարդասիրական գաղափարներ կրող բոլոր մարդիկ աշխարհի տարբեր մասերում ոգեկոչում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 107 տարի առաջ՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում ծրագրվեց և իրագործվեց 1,5 մլն հայերի ցեղասպանություն։ Հարյուր հազարավոր հայեր տարագիր դարձան՝ հաստատվելով տարբեր երկրներում և այդպիսով ձևավորելով հայկական մեծաթիվ Սփյուռք։
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ընթացքում պետական մակարդակով իրականացված առաջին ցեղասպանությունն էր։ Այնուհետև Թուրքիան իրականացրեց նաև հույների, ասորիների, եզդիների, քրդերի ցեղասպանություններ և բռնի տեղահանություններ, ինչի հետևանքով զոհվեցին միլիոնավոր անմեղ մարդիկ։
Միջազգային հանրության ոչ պատշաճ և ուշացած գնահատականներն, ըստ էության, նոր ոճիրներ իրականացնելու քարտ-բլանշ դարձան ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ուրիշ պետությունների համար։ Դրանից օգտվեցին նացիստները, բռնապետական և ազգայնամոլական ռեժիմները՝ իրականացնելով նորանոր ցեղասպանություններ, կոտորածներ և բռնություններ։
107 տարի հետևողականորեն ժխտելով հայոց ցեղասպանությունը և ջանալով չեզոքացնել միջազգային հանրության կողմից դրա ճանաչման ցանկացած փորձ՝ Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ։
1988 թվականից ցայսօր հայ ժողովուրդը բազմիցս առերեսվել է ցեղասպան քաղաքականության դրսևորումների․ հայ ազգաբնակչության ջարդերը և զանգվածային սպանությունները Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, 2016 և 2020 թթ․Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան մարդատյացության վառ օրինակներ են։
Մեծ եղեռնը չսպիացող վերք է մեզ համար։ Այն նաև քաղաքական, իրավական և բարոյական խարան է միջազգային հանրության վրա, որը կարելի է ջնջել միայն Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման միջոցով»,-նշված է Արցախի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]