Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձում Թուրքիայի հայ համայնքի աջակցությունն է հայցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում

Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձում Թուրքիայի հայ համայնքի աջակցությունն է 
հայցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, որում հերթական անգամ խուսափել է պատմական իրողությունն իր իրական անունով կոչելուց և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված մեծագույն ոճրագործությունը ներկայացրել է որպես Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած ցավալի իրողություն։

«Այսօր դուք հավաքվել եք Ստամբուլի Հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերի հիշատակը։ Ես ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում եմ զոհված օսմանցի հայերին և իմ անկեղծ վշտակցություն հայտնում նրանց ողջ մնացած բարեկամներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես ասվում է Էրդողանի ուղերձում։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Առաջին աշխարհամարտի հետ համընկան Օսմանյան կայսրության վերջին տարիները, որոնք «միլիոնավոր օսմանցի զավակների համար տառապանքներով լի ժամանակաշրջան էին»:

Էրդողանը կոչ է արել «անցյալի վերքերը միասին բուժել և մարդկային կապերն էլ ավելի ամրապնդել» ու «միասին կառուցել ապագան»:

«Մեր հարևան Հայաստանի հետ այս նպատակով դրական գործընթաց ենք սկսել: Գիտեմ և շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացին անկեղծորեն աջակցում են նաև մեր հայկական ծագումով քաղաքացիները, որոնք կողմ են 2 հարևան երկրների միջև սերտ համագործակցությանը»,- հայտարարել է Էրդողանը՝ ակնկալելով, որ Թուրքիայի հայ համայնքը ևս մասնակցություն կունենա այս գործընթացին։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]