Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

ԵՊԲՀ-ն շարունակում է ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված կարևոր առաքելությունը. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ-ն շարունակում է ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված կարևոր 
առաքելությունը. Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 100 տարի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է մեր երկրի համար շատ կարևոր և անփոխարինելի առաքելություն: Պատրաստելով լավագույն բժիշկ- մասնագետներին՝ ավելի քան մեկ դար է ապահովում է բնակչության առողջությունը: 

Մեկդարյա բուհի հաջողությունների, իրականացված բարեփոխումների, ծրագրերի և այլ հարցերի շուրջ  «Արմենպրես»-ի թղթակիցը զրույցել է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի հետ:

-Պարոն Մուրադյան, հաշվի առնելով Երևանի պետական բժշկական համալսարանի բարձր վարկանիշն ու պահանջված լինելու փաստը, թե՛ Հայաստանի,  թե՛ արտերկրի շրջանավարտների շրջանում, ո՞րն է հաջողության գաղտնիքը:

- Տարիներ շարունակ մեր երկրում եղել է  բժշկական համալսարանի սուր անհրաժեշտություն և ստեղծվելուց հետո արդեն 100 տարի մենք եղել ենք ամուր կանգնած մեր ժողովրդի թիկունքին: Այս բուհում բոլոր ժամանակներում որպես կանոն աշխատել է շատ ամուր և կուռ թիմ: Այսօր էլ այս բարդ ժամանակահատվածում, երբ կարծես, արժեհամակարգ և աշխարհակարգ է փոխվում, բժշկական համալսարանը, մնալով հավատարիմ իր կողմից ձևավորած  սկզբունքներին, շարունակում է ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված առաքելությունը: Եվ, իհարկե, թիմի ամբողջականությունը և նվիրվածությունը գործին հստակ արդյունավետություն է ապահովում: Կարծում եմ, թե՛ նպատակը, թե՛ այդ նպատակը իրականացնող թիմը կարողացել են ստեղծել այդ հաջողության բանաձևը:

-Կրթության որակի բարելավման ուղղությամբ ի՞նչ առանցքային աշխատանքներ ու ծրագրեր կնշեք թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, թե՛ ենթակառուցվածքների տեսանկյունից:

Բուհի հանդեպ պահանջը, որը ձևավորված է համաշխարհային բժշկական համայնքի կողմից, հանդիսանում է մշտական զարգացման ձևավորած պահանջարկ: Լրջագույն ծրագրերից է հավատարմագրման, միջազգայնացման գործընթացի իրականացումը: Կարծում եմ բուհի ամենամեծ ծրագիրը պետք է լինի միջազգային դաշտում միջազգայնացման գործընթացին համահունչ բարեփոխումները, որը հնարավորություն կտա  ճանաչելի դառնալ այլ համակարգերի, հաստատությունների և համալսարանների կողմից: Այս ուղղությամբ առաջինը իրականացրեցինք՝ այսպես կոչված «բենչմարքինգ» և տեսանք որտեղ ենք, ի՞նչ ենք ուզում, և ի՞նչ է անհրաժեշտ փոխել, որպեսզի մենք հայտնվենք ցանկալի տեղում: Սկզբի համար իրատեսական նպատակ է՝ լինել ներկայացված աշխարհի առաջատար բուհերի առաջին 1000-ի ցանկում, ինչի համար առաջին հերթին մենք պետք է շրջադարձ անենք և մեզ զրկենք կոչումագիտությունից: Մեր նպատակն է վերացնել կոչումներով գիտությունը այս բուհում. մենք պետք է անցնենք հաշվառելի գիտության: Խոսքը այն գիտության մասին է, որը շոշափելի և հաշվառելի է աշխարհի կողմից, ինչի կիրառման արդյունքում  մեզ հաջողվեց հասնել համալսարանական մասնագետների կողմից ազդեցություն բարձր գործող ունեցող ամսագրերում գիտական հոդվածների տպագրության:  Սա ևս լրջագույն հաջողություն էր:

Այս որոշումը սկզբնական շրջանում քննադատվեց, բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց հաղթահարել և վերջին մեկ ամսվա ընթացքում բացված «Ուղեղի կենտրոն»-ը դրա փայլուն ապացույցն է, ինչի շնորհիվ մեզ ճանաչեցին և վստահեցին: Ինչպես նաև «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում 4 գրանտային ծրագիր միավորվեց այս գաղափարի շուրջ և ստեղծվեց հարթակ, որը հնարավորություն կտա 80 հոդվածի փոխարեն ներկայացնել տարեկան ազդեցություն գործոն ունեցող 100 հոդված: Սա կարևորագույն ցուցանիշ է և, եթե մի բուհ 100 և ավելի ազդեցության գործոն ունեցող հանդեսներում հոդված է ներկայացնում, ապա  այն միջազգային հավատարմագրման 60 տոկոսը հաղթահարել է: Ես համոզված եմ, որ այս ճանապարհով պետք է գնա մեր բուհական համակարգը:

-Խոսեցինք բուհի պահանջված լինելու մասին արտերկրի շրջանավարտների շրջանում: Ասացեք խնդրեմ, հիմնականում, որ երկրներից են գալիս մեզ մոտ բժշկական կրթություն ստանալու: Ժամանակին հիմնականում Հնդկաստանից էին դիմորդները, վերջին տարիներին աշխարհագրական տեսանկյունից ի՞նչ փոփոխություններ կան:

Շուրջ 50-60 տարի առաջ սկսվեց սփյուռքահայության ներգրավումը մեր կրթական ծրագրերում, որը հիմք դրեց արդեն նաև արտասահմանցի ուսանողների ներգրավմանը: 35 տարի առաջ արտասահմանցի ուսանողների առաջին խումբը ՝ Հնդկաստանից ժամանեցին, և, կարծես թե, այդ փոքրաթիվ ուսումնական պիլոտային ծրագիրը այսօր դարձել է լրջագույն 2000 ուսանող ունեցող  ֆակուլտետ, որը ներառում է 33 երկիր: Հնդկաստանի մեր գործընկերները, որոնք մեր առաջին շրջանավարտներն էին, արդեն անվանի բժիշկներ են, թե՛ Հնդկաստանում, թե՛ այլ երկրներում: Բայց միանշանակ աշխարհագրությունն ընդլայնվել է: Հնդկաստանից հետո առաջին ամենախոշոր երկրներն են Հորդանանը, Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը, Սիրիան, որոնք վստահել են իրենց բժշկական կրթության մի մասը մեր երկրին: Վերջին 5 տարվա ընթացքում շուրջ 15 տոկոսով ավելացել է օտարերկրացի ուսանողների թիվը: Այսօր դժվար է պատկերացնել մեր համալսարանը առանց օտարերկրացի ուսանողների:

-Կնշեք այս պահին բուհի ուսանողների ո՞ր մասն են կազմում օտարերկրյա ուսանողները:

ԵՊԲՀ-ի ուսանողների մոտ 25 տոկոսը՝ ամեն չորրորդ ուսանողը, և ի ուրախություն մեզ, առաջին կուրսում արդեն ամեն երրորդ ուսանողը արտասահմանցի է, և մենք նպատակ ունենք հասնել նրան, որ ամեն երկրորդ ուսանողը լինի արտերկրից և, եթե մենք կարողանանք հասնել այդ նպատակին, կկարողանանք ասել, որ մեր միջազգայնացման ամբողջ ծրագիրը լուծված է:  Ուրախալի է նաև, որ ոչ միայն ուսանողների թիվն է ավելացել, այլ նաև կլինիկական օրդինատորների թիվն է շուրջ 15 տոկոսով աճել:

-Ուսանողների շրջանում ո՞ր ճյուղն է ավելի պահանջված, ո՞ր բաժիններն են ավելի շատ ընտրում ապագա բժիշկները: Կա՞ մտավախություն, որ  կգա մի ժամանակ, երբ տվյալ ոլորտում կունենանք  մասնագետների ավելի մեծ քանակ, քան պահանջված է շուկայում:

Նման մտավախություն, անշուշտ, պետք է լինի, որովհետև մասնագիտական դաշտը հագեցնելու համար, երբ ընտրության ազատ հնարավորություն ես տալիս նախընտրելի մասնագիտություններ ևս կան:  Դժվար է այսօր ուղղորդել ուսանողությանը: Մենք պետք է առաջին հերթին հասկանանք, վերլուծենք՝ ինչ մասնագետներ են մեր երկրին անհրաժեշտ: Կարծում եմ,  որ բոլոր այն կարևոր բժշկական ճյուղերը,  որոնց պակասը մեր երկիրն ունի, պետք է և՛ բուհը, և՛ պետությունը ՝ լիազոր մարմինը, անեն ամեն ինչ, որ դիմորդները ընտրեն այդ մասնագիտությունները:

Գերարտադրությունն ազատ դաշտում ևս խնդիր է, օրինակ, եթե անդրադառնանք պլաստիկ վիրաբուժությանը, այսօր այս ուղղությունը շատ պահանջված է: Մեր անվանի պլաստիկ վիրաբույժները, որոնք տարիներով սովորել են, որ կարողանան հաղթահարել այդ մասնագիտության առջև ծառացած բոլոր պահանջները և վարպետությունը, որով նրանք իրականացնում են այդ գործողությունները, կարծես, թե փոխարինվել է կոսմետոլոգիայի առանձին մի փոքրիկ դաշտով:

-Պարոն Մուրադյան անդրադառնանք «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրին. ի՞նչ է իրականացվում ծրագրի շրջանակներում և ի՞նչ մասնագետներ են ներառված: 

Ինչումն է այս ծրագրի իմաստը և առհասարակ նրա խորհուրդը. 100 տարի շարունակ մեր ժողովուրդը և շատ ուրիշ ժողովուրդներ մեր սահմաններից շատ ավելի հեռու կարողացել են առողջ մնալ, առողջ ծնվել և բուժվել մեր բուհի շրջանավարտների շնորհիվ: Երբևէ չեմ կարող մտաբերել,  որ մեր ժողովուրդը չի գնահատել այդ աշխատանքները: Երբեք բժիշկները չեն ունեցել ավել ամբիցիաներ անգամ,  երբ անարդար քննադատվել են, երբ անտեղի մեկնաբանվել և շահարկվել է նրանց աշխատանքը, բայց մեր այս ծրագրի իմաստը եղել է հետևյալը՝  ոչ թե հանդիսությամբ նշել բուհի պատմության 100 տարիները, այլ հստակ ծրագիր իրականացնել, որը կընդգծի և կխորհրդանշի՝ հիշեցնելով, որ 100 տարի Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտները ամուր կանգնած են եղել իրենց և իրենց ընտանիքների և մեր ժողովրդի թիկունքին: 100-ամյա հոբելյանին նվիրված ծրագիրը վկայում է այն մասին, որ կրթական այս հաստատությունն ամուր կանգնած է մեր բնակչության առողջության պահպանման թիկունքին: Նախաձեռնությունը ոչ թե տոնակատարություն է, այլ նույնպես ծառայություն ժողովրդին, որի շրջանակում հարյուրավոր մարդիկ անվճար խորհրդատվություններ են ստանում, հարյուրավոր վիրահատություններ կիրականացվեն 50 տոկոս զեղչով:

 

-Կնշեք լավ բժիշկ դառնալու գաղտնիքը:

Այնուամենայնիվ, կարծում եմ բժիշկ դառնալու համար բացի ֆունդամենտալ գիտելիքներից, մեծ աշխատասիրությունից, խորը պատասխանատվության զգացողությունից պետք է լինեն նաև հումանիստ, մարդասեր: Պետք է օժտված լինել բարությամբ և շատ սիրել այս մասնագիտությունը, կոչումը:

Գիտեք, բժիշկները կարող են ունենալ լավ կենցաղ, լավ հնարավորություններ, բայց երբեք շատ հարուստ մարդիկ չեն: Նրանց հարստությունը մշտապես ջերմություն ճառագելու մեջ է:  Մարդը չի կարող դառնալ բժիշկ հենց այնպես, իսկ լավ ու սիրված բժիշկները, համոզված եմ` ի վերուստ օժտված մարդիկ են:

Պետք է լինի մասնագիտական կրթություն, մարդկային տեսակ և վստահություն վայելող կերպար հասարակության մեջ: Լինում են ծանր պահեր, ինչպես համավարակը, պատերազմը, որտեղ բժիշկների խոսքը պետք է լինի հասանելի և վստահելի:

Կուզեի նաև ֆիքսեինք  հետևյալը, որ այս բուհի շրջանավարտները ոչ միայն բժշկելու ունակություն են ստանում, այլ նաև առողջ պահելու և առողջություն ստեղծելու: Առողջապահության առաքելության հիմքում ոչ թե հիվանդաբուժությունն է, այլև առողջությունը ձևավորելու, այն պահպանելու, գնահատելու հնարավորությունը:

-Խորհուրդ, որ հաճախ տալիս եք ձեր ուսանողներին:

Որ լինեն նախաձեռնող և դրան համահունչ նաև պատասխանատու, որովհետև բժիշկը միշտ պետք է մեկ քայլ առաջ լինի: Հիվանդության վրա հասնելու կամ առողջության վատթարացման դեպքում ավելին է տեսնում և հասկանում: Բժիշկը պետք է լինի նաև նախաձեռնող, որը պարտադիր պայման է, մասնավորապես վիրաբույժների համար: Բայց այդ նախաձեռնողականությունը որքան զարգանում է, պահանջում է նաև խորը պատասխանատվության զգացողություն, և՛ արածի, և՛ չարածի համար:

 

Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]