Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողները կստանան 
անվանական կրթաթոշակ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն»,  «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից  

«Օլիմպիադայի եզրափակիչ փուլում 78 մասնակից արժանացել է առաջին,  108-ը՝ երկրորդ, իսկ 164-ը՝ երրորդ կարգի դիպլոմների:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:

Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1 Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
    ● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
    ● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
    ● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։

2 Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
    ● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
    ● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։

3 ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
    ● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
    ● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]