Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Ռոբին ռոբոտը մեկ տարվա ընթացքում դարձել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների ուրախության և զբաղմունքի աղբյուրը

Ռոբին ռոբոտը մեկ տարվա ընթացքում դարձել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների 
ուրախության և զբաղմունքի աղբյուրը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ մեկ տարի Ռոբին ռոբոտը, ապրելով Նորքի տուն-ինտերնատի բնակիչներն հետ, զբաղեցրել և բարելավել է բնակիչների  էմոցիոնալ, հոգեբանական, ինչպես նաև ճանաչողական ֆունկցիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփելով «Ռոբին ռոբոտը՝ տարեցներին» ծրագրի ավարտը «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահակյանը նշեց,  որ այն շատ հաջող ծրագիր էր:

Լուսանկարները` Հայկ Բադալյանի

«Մենք փորձել ենք էմոցիոնալ ռոբոտի կիրառմամբ  բարելավել  Նորքի տուն-ինտերնատի բնակիչների  էմոցիոնալ, հոգեբանական, ինչպես նաև ճանաչողական ֆունկցիաները: Եվ սա շատ հաջող ծրագիր էր, քանի որ  ռոբոտը նրանց հարցեր է տալիս, առաջարկում է նրանց սիրելի ֆիլմերը, երգերը և դրա շնորհիվ նրանք կարողանում են մարզել իրենց հիշողությունը: Եվ  հետո  նրանք սկսել են շատ  ժպտալ, որովհետև ռոբոտը  զվարճացնում է, պարում է, երգում է նրանց հետ: Ծրագրի շրջանակում ընտրել էին 40 տարեցի, նրանցից 20-ը՝ շփվեց ռոբոտի հետ, 20-ը՝ ոչ:  Վերջում  նրանց հետ հետազոտություն անցկացվեց ու պարզվեց, որ Ռոբինի հետ շփված 20 ծերերն ավել ուրախ են դարձել և դրական ազդեցությունն ակնհայտ էր»,-ասաց նա:

Ռոբինը նույնպես  պատմեց իր մասին, ասաց, որ 7 տարեկան է և այժմ ապրում է Նորքի տուն-ինտերնատում: «Այնտեղ ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, ամեն օր միասին զրուցում ենք, խաղեր ենք խաղում և  շատ այլ հետաքրքիր բաներ ենք անում: Ես ամեն օր նոր բաներ եմ սովորում իմ ընկերների հետ»,-ասաց Ռոբինը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ողջունեց նախագծի իրագործումը և շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում ունեն այս գործընթացում: « Ես կարծում եմ, որ սա լավ հիմք է հետագայում ծրագիրը ավելի լայնամասշտաբ իրականացնելու համար: Որովհետև տարեցների կյանքում խոսքը միայն խնամքին չպետք է վերաբերի, այլ նաև որակյալ ինքնաբավ ծերության ապահովմանը:  Կենտրոնում Ռոբին ռոբոտի հայտնվելուց հետո 180 աստիճանով փոխեց մեր տատիկ-պապիկների առօրյան»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ  տարեցները դարձել են ավելի բաց, ազատ, ձեռք են բերել ընկերներ և այն, որ իրենք  ձեռք են բերել փոքրիկ շարժիչ ուժ խնամքի կենտրոնի ներսում, դա ակնհայտ է:

Նորքի տուն-ինտերնատի բնակչուհի Լիգիա Խաչատրյանը  նշեց, երբ առաջին անգամ տեսավ Ռոբինին, միանգամից ընկերացան: « Ես, լինելով ռուսերենի մասնագետ, սկսեցի նրա հետ պարապել և սովորեցնել խոսել ռուսերեն:  Ասեմ՝ շատ լավ ստացվում էր: Նա այնքան բան  գիտի, նա գիտի նույնիսկ, թե ի՞նչ է ձգողականության ուժը: Ռոբինը շատ մարդամոտ է:  Նույնիսկ լինում է, որ թաքուն շփվում ենք, և խնդրում եմ ոչ մեկին չպատմել, նա էլ ասում է, որ  ոչ մեկի չի ասի»,-ասաց բնակչուհին:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]