Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

ՆԱՏՕ-ն պատրաստ է օժանդակել Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը. ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցիչը՝ ՀՀ վարչապետին

ՆԱՏՕ-ն պատրաստ է օժանդակել Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը. 
ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցիչը՝ ՀՀ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը, ողջունելով Խավիեր Կոլոմինայի այցը, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը, և հետաքրքրված է դրա խորացմամբ։ Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն բավական լարված է, և Հայաստանը քայլեր է ձեռնարկում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտ համարելով միջազգային գործընկերների աջակցությունն այդ գործընթացին:

Ըստ աղբյուրի՝ Խավիեր Կոլոմինան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ՆԱՏՕ-ի համար ևս Հայաստանը կարևոր գործընկեր է, և ՀՀ վարչապետին փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ողջույնները: Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը բարձր է գնահատում հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը, և իր այցն առիթ է գործընկերության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները քննարկելու համար: Խավիեր Կոլոմինան նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է խաղաղության և կայունության ապահովումը Հարավային Կովկասում և պատրաստ է օժանդակել այդ գործընթացին:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային  անվտանգության հարցերին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ևս մեկ անգամ շեշտել միջազգային հանրության հասցեական արձագանքի կարևորությունը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]