Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի հանդիպմանը քննարկվել է  ՀԸԳ համաձայնագրի կատարման ընթացքը

ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի հանդիպմանը քննարկվել է  ՀԸԳ համաձայնագրի 
կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 28-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել է  Համաձայնագրի կատարման ընթացքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակից, ԵՄ կողմն ընդգծել է իր ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում, և  գոհունակություն հայտնել Հայաստանի` բարեփոխումների օրակարգին շարունակական հանձնառության  և մի շարք ոլորտներում արդյունավետ  համագործակցության համար: ԵՄ-ը խրախուսել է Հայաստանին  շարունակել բարեփոխումների ընթացքը մի շարք կոնկրետ ոլորտներում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։ ԵՄ-ը ողջունել է խաղաղության շուրջ բանակցություններում ներգրավվելու վերջին ջանքերը և ընդգծել մարդասիրական և վերականգնմանն ուղղված տրամադրվող շարունակական աջակցությունը։

«Հանդիսանալով Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր և ամենախոշոր դոնոր՝ ԵՄ-ը պատրաստ է տրամադրել հետագա փորձագիտական և ֆինանսական աջակցություն՝ կառավարության կարողությունների ամրապնդման համար՝ հանրային կառավարման ոլորտի առանցքային բարեփոխումների նախագծման և իրականացման, ԵՄ չափանիշների մոտարկման նպատակով՝  համապատասխան ՀԸԳՀ շրջանակներում  ստանձնած հանձնառություններին։ Նշվեց, որ գործընկերության վերջնանպատակն է ապահովել կոնկրետ օգուտներ՝ ի շահ ԵՄ և Հայաստանի քաղաքացիների:

Նպատակ ունենալով  ամրապնդել  Հայաստանի երկարաժամկետ դիմակայունությունը և  հանրային և մասնավոր ներդրումներն օգտագործել  որպես լծակ՝ «կանաչ» և թվային անցմանն աջակցելու նպատակով՝ ԵՄ-ը կշարունակի սերտորեն աշխատել Հայաստանի և գործընկեր Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ՝ խթանելու Տնտեսական և ներդրումային պլանի և դրա ուղենշային ծրագրերի իրականացումը։

Քննարկելով ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ը իրականացման ընթացքը՝ կողմերը կենտրոնացան իրավունքի  գերակայության, այդ թվում՝  անկախ և արդյունավետ արդարադատության համակարգի կարևորության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա: ԵՄ-ը և Հայաստանը կշարունակեն քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ միաժամանակ ընդլայնելով ոլորտային քաղաքականության քննարկումները կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ՝ կրթության ոլորտի ռազմավարության վերջնականացումն ու  դրա իրականացումը խթանելու նպատակով։ Գնահատելով ԶԼՄ-ների դաշտում կատարված աշխատանքը ԵՄ-ը միաժամանակ խրախուսեց  Հայաստանին հետագա առաջընթաց գրանցել ավելի մեծ ազատություններ ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Գործընկերության կոմիտեն դիտարկեցլ է նաև տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի ոլորտներում և կլիմայի գործողությունների ուղղությամբ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ իրականացումը: Օդային տրանսպորտի հարցում ԵՄ-ը և Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել  ընդլայնելու ավիացիոն անվտանգության շուրջ համագործակցությունը՝ հիմք ընդունելով Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2021 թ․ դեկտեմբերին: Էներգետիկ ոլորտի հարցում ԵՄ-ը և Հայաստանը պայմանավորվել են հետամուտ լինել միջուկային անվտանգության վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների ծրագրի իրականացմանը, որը հաստատվել է որպես ԵՄ աջակցությամբ իրականացվող սթրես-թեստերի  գործընթացի մաս։ Քննարկման շրջանակներում  ամփոփվել է նաև տնտեսական զարգացման, զբաղվածության և կրթության բարեփոխումների ընթացքը: ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանին «Հորիզոն Եվրոպա»[1] ծրագրին միանալու կապակցությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի և շարժունակության ուղղություններով ձեռք բերված առաջընթացին և ի գիտություն ընդունվել մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության հնարավորինս շուտափույթ մեկնարկի Հայաստանի պատրաստակամությունը։

Նշվում է, որ հանդիպման ավարտին Գործընկերության կոմիտեն քննարկել է Արևելյան գործընկերությանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Հանդիպումը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ  Պարույր Հովհաննիսյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]