Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Իշխան Սաղաթելյանն ընդդիմության ակցիաներում կազմակերպվածության նոր մակարդակի անհրաժեշտություն է տեսնում

Իշխան Սաղաթելյանն ընդդիմության ակցիաներում կազմակերպվածության նոր 
մակարդակի անհրաժեշտություն է տեսնում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը շարունակում է ակցիաները, երթերն ու հանրահավաքները, Երևանի Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 5-ին օրվա ընթացքում հանրապետությունում անհնազանդության ակցիաներ, երթեր են իրականացվել, մասնակիցները փակել են ճանապարհներ, փողոցներ, ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիների:
Երեկոյան արդեն Ֆրանսիայի հրապարակում հարթակից ելույթ ունեցավ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկում սրտի կաթվածից մահացած քաղաքացու հիշատակը:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ պահանջում են, որ Ֆրանսիայի հրապարակի տարածքում մշտապես լինի Շտապօգնության մեքենա` ապահովելու քաղաքացիների՝ առողջության հետ կապված հարցերը:
«Մենք պայքարի ենք դուրս եկել, գիտենք, թե ինչի համար, ինչ նպատակով»,-նշեց Սաղաթելյանը:
Ապա մասնակիցները սկսեցին Սայաթ Նովա փողոցով երթ իրականացրել: Երթի մասնակիցները կանգ առան ոստիկանության շենքի առջև, որտեղ կրկին ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը: Ըստ նրա՝ ոստիկաններն օրվա ընթացքում անհամաչափ ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, Սաղաթելյանը կոչ արեց վերջ տալ դրան: «Մենք այսօրվանից ֆիքսում ենք այն դեմքերը, որոնք քաղաքացիների նկատմամբ բռնություններ են գործադրում»,-նշեց նա:
Ելույթ ունեցավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դիմելով կրկին ոստիկաններին, հիշեցնելով հավաքների ազատության իրավունքի մասին:
Ապա երթի մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ընդդիմադիրները կոչ արեցին քաղաքացիներին տների պատշգամբներից, լուսամուտներից Հայաստանի և Արցախի դրոշներ կախել՝ ի նշան աջակցության:
Ըստ Իշխան Սաղաթելյանի` պետք է կազմակերպվածության նոր մակարդակ, պետք է մասնակիցների թիվն ավելացնել: Նա վստահություն հայտնեց, որ ընդդիմության նպատակին հասնելու օրը մոտ է: «Մենք պետք է հասնենք նրան, որ ամբողջությամբ լինենք իրադրության տերը: Այս հրապարակի հետ բոլորը պետք է հաշվի նստեն»,-ասաց նա:
Սաղաթելյանը հորդորեց մայիսի 6-ին ամբողջ Երևանը պարալիզացնել, ժամը 12:00-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, բաժանվել 4 մասի և մայրաքաղաքի մեծ մասն ամբողջությամբ պարալիզացնել: Նրա խոսքով՝ անհնազանդության երթերը պետք է լինեն շատ մեծ քանակությամբ, որ ոստիկանները չկարողանան բերման ենթարկել քաղաքացիներին: Շաբաթ օրը՝ մայիսի 7-ին խոշոր ավտոերթով գնալու են քաղաքներից մեկը՝ մարզային բնակչությանն ակտիվացնելու, համախմբելու և միասին Երևան գալու:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]