Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Երևան է բերվել արդարության պայքարի պատմությունը. բացվեց «Հրանտ Դինք. հոս և հիմա» խորագրով ցուցահանդեսը

Երևան է բերվել արդարության պայքարի պատմությունը. բացվեց «Հրանտ Դինք. հոս և 
հիմա» խորագրով ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրանտ Դինք» հիմնարկի նախաձեռնությամբ «Նորարար փորձառական արվեստի կենտրոն»-ում հանդիսավորությամբ բացվեց «Հրանտ Դինք. հոս և հիմա» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին նրա կյանքն ու պայքարը ներկայացնող ցուցահանդես է, որն իր ուղևորությունը սկսում է Երևանից:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման խոսքում Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, նշեց, որ Երևան են բերել արդարության պայքարի պատմությունը:

«Սիրելի ամուսնուս մահվանից 15 տարի է անցել: Այսօր դուք հնարավորություն ունեք նրա 52 տարվա կյանքի ժապավենը տեսնել այստեղ և հիմա: Ներկա լինելով ցուցահանդեսին՝ դուք կարող եք ծանոթանալ մեր սիրո, ամուսնության, բարեկամության, ընտանիքի, Հրանտ Դինքի պայքարի պատմությանը: Նրա ամբողջ պայքարն արդարության հասնելն էր, Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների մարդկային իրավունքների պաշտպանությունն էր»,- ասաց Ռաքել Դինքը՝ ընդգծելով, որ իրենք հպարտ են իրենց ծագմամբ և շարունակելու են լսելի դարձնել Հրանտ Դինքի ձայնը:

Ցուցահանդեսը Ստամբուլում «Ակոս» թերթի նախկին խմբագրատան՝ նրա սպանության վայրում հիմնված Հրանտ Դինքի «23,5» հուշավայրի քաղվածքն է և շարունակությունը։ Հուշավայրը, որն իր դռները բացեց այցելուների առաջ 2019 թվականի ապրիլի 23-24-ին, իր անվանումը ստացել է Հրանտ Դինքի հեղինակած «Ապրիլի 23 ու կես» հոդվածից՝ հրատարակված 1996 թվականի ապրիլի 23-ին «Ակոս» թերթում։

Հրանտ դինքի դուստրը՝ Դելալ Դինքը, հիշելով իր հոր սպանությունը, նշեց, որ այդ ժամանակ ընտանիքի համար մեծ հարց էր առաջ եկել, ինչպե՞ս պետք է շարունակել: Մի կողմից սպանության իրավական գործընթացն էր, մյուս կողմից որոշվեց հիմնել «Հրանտ Դինք» հիմնարկը, որը Հրանտ Դինքի խոսքը կշարունակեր հակառակ նրանց, որոնք ցանկացան նրա գործունեությունը դադարեցնել:

«Մեր ընկերներով, մտավորականներով 15 տարի է ջանում ենք Հրանտ Դինքի գործը շարունակել Թուրքիայում: Աշխատում ենք մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման համար: Այս ցուցահանդեսը մեր աշխատանքի արդյունքներից մեկն է: Այն ներկայացնում է «23,5» հուշավայրը, որը կարևոր նշանակություն ունի Հրանտ Դինքի հիշողության պատմության մեջ: Մենք ցանկացանք հայրիկիս խոսքը ձեզ բերել: Հույս ունենք, որ այս ցուցահանդեսի շնորհիվ Հրանտ Դինքը ձեզ ավելի հասանելի կլինի»,- ասաց Դելալ Դինքը:

Հրանտ Դինքն իր տեսանյութերով և ձայնագրություններով ցուցահանդեսի պատմողն ու ուղեկցորդն է՝ ներկայացնելով իր պատմությունը, արդարության ճանապարհին հասնելու որդեգրած արժեքները։ Ցուցահանդեսում տեղ է գտել «Ակոս»-ի անկյունը, որտեղ ներկայացվում է թերթի պատմությունը: Ինտերակտիվ բաժնում այցելուները հնարավորություն կունենան իրենց հիշողությունները, պատմություններն արձանագրել ձայնագրության կամ տեսագրության միջոցով, ինչպես նաև ծանոթանալ այլոց պատմություններին: Առցանց կապի հնարավորություն կա նաև Ստամբուլում գործող «23,5» հուշավայրի հետ:

«23,5» հուշավայրի տնօրեն Նայաթ Քարաքյոսեն նշեց, որ բավական հետևողական աշխատանքի արդյունքում այսօր Ստամբուլում գործում է մի հուշավայր, որն ամփոփում է Հրանտ Դինքի անցած ուղին, պայքարի ճանապարհն ու երազանքները: 

«Հինգ տարի տևեց, մինչև մենք կարողացանք «Ակոս»-ի նախկին գրասենյակի դռները որպես հուշավայր բացել քաղաքացիների համար: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, եղել ենք տարբեր քաղաքներում, պատրաստել ենք բովանդակությունը, հարստացրել ենք վիզուալ  բաղադրիչներով: Ուրախ ենք ասել, որ այն արդեն մի քանի տարի գործում է, իրականացվում են ծրագրեր տարբեր ուղղություններով, սփռվում է Հրանտ Դինքի խոսքը»,-ասաց Նայաթ Քարաքյոսեն: Նա ընդգծեց, որ ցուցահանդեսը ոչ միայն Հրանտ Դինքի հուշավայրի մի կտորն է, այլև կամուրջ այնտեղի այցելուներին ճանաչելու, մարդկային պատմությունները լսելու համար:

Ցուցահանդեսի համադրող թիմի անդամ Մարալ Դինքը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք աջակցել են ցուցահանդեսի կազմակերպման, անցկացման հարցում: Նրա խոսքով, այս ցուցահանդեսը Թուրքիայի ու Հայաստանի մի խումբ գործիչների, նվիրյալների համագործակցության արդյունք է:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 31-ը։

  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]