1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ծովակ գյուղում տեղի է ունեցել Արցախյան վերջին պատերազմի հերոս Արշակ Սահակյանին նվիրված գրքի շնորհանդեսը

Ծովակ գյուղում տեղի է ունեցել Արցախյան վերջին պատերազմի հերոս Արշակ 
Սահակյանին նվիրված գրքի շնորհանդեսը

ԳԱՎԱՌ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Արցախյան վերջին պատերազմում հերոսացած զինծառայող,  Ծովակ գյուղի բնակիչ Արշակ Մերուժանի Սահակյանին նվիրված «Ծով աչքերով Արշակը» գրքի  շնորհանդեսը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, գիրքը հեղինակել է հերոսի հայրը՝ Ծովակի միջնակարգ դպրոցի զինղեկ Մերուժան Սահակյանը։ Գրքի շնորհանդեսին մասնակցել են Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, Ծովակի միջնակարգ դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները, Ծովակից Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողներ Արտյոմ Ստեփանյանի, Համլետ Հարությունյանի, Արթուր Վարդանյանի, Թորգոմ Ավետիսյանի, Երեմ Գալստյանի, Գարիկ Մելքոնյանի, Սեւակ Գալստյանի, Արմեն Ղազարյանի ծնողները եւ հարազատները։

Միջոցառումը կազմակերպել էին գրքի հեղինակ Մերուժան Սահակյանը եւ դասվար Աննա Սարգսյանը։

Արշակի մասին հուշեր են պատմել  նրա ծնողները, ուսուցիչները, դպրոցական ընկերները։ Մեծարանքի խոսքով հանդես է եկել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Գրական-երաժշտական կատարումներով հանդես են եկել Ծովակի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Ներկայացվել է հերոսի կենսագրականը, որն ամփոփված է գրքում։

«Գեղարքունյաց աշխարհում, լեռների փեշին ծվարած գողտրիկ Ծովակում, մանկավարժների ընտանիքում, 2001թվականի փետրվարի 8-ին արու զավակ ծնվեց, ում  լինելիությամբ տունը առավել փթթեց, ծաղկեց, լցվեց երջանկությամբ: Ծնվեց սպասված մինուճար որդին՝ մեր Արշակը…. Ստացավ մանկավարժ պապի, հոր, մոր հայեցի դաստիարակությունը, ձեռք բերեց գյուղի դպրոցի բանիմաց ուսուցիչների կողմից հաղորդված գիտելիքները, իսկ ընկերական միջավայրում նրան սիրեցին, հարգեցին…Բարձր գնահատականներով դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակեց Երեւանի բժշկական քոլեջում. ուխտել էր, որ հայ հանրությանը պիտի օգտակար լինի….

Հայ քաջազուն Արշակը, դառնալով երանելի պատանի՝ լի երիտասարդական ավյունով, նպատակներով, ուժով ու կորովով,  2019 թվականի հուլիսի 21- ին զորակոչվեց Հայոց բանակ : Ծառայում էր ամենայն պատասխանատվությամբ:  Սակայն 2020թվականի աշնանը սկսվեց անողոք, ջահել կյանքեր արմատախիլ անող պատերազմը, որը չխնայեց նաեւ մեր Արշակի կյանքը…Նա առյուծաձեւ Մհերի պես կռիվ տվեց Արցախի Հանրապետության Մարտունի 3-ում, Վարանդայում, Հադրութում, Ջրականում ու բազմաթիվ կյանքեր փրկեց՝ մատուցելով բժշկական ծառայություններ… Ուժերը հատնել էին. Կոհակ լեռան ստորոտի հենակետերից մեկում բիրտ, վայրագ թշնամին նրան մեզնից խլեց: Ցուցաբերած արիության ու սխրանքների համար Արշակն արժանացել է «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշանի եւ «Մարտական ծառայության համար» մեդալի»,-ներկայացրին բանախոսները։

«Կարդացեք այս գիրքը, եւ ձեր առջեւ կկանգնի Արշակը՝ իր կենսուրախ ժպիտով, աղբյուրի նման զուլալ, քչքչան ծիծաղով, խոհուն հայացքով եւ ծովի պես անհատակ, կապույտ աչքերով։ Գրքում տեղ գտած հուշերը, լուսանկարները կօգնեն ձեզ՝ ամբողջացնել Արշակի վառ կերպարը, որն օրինակ կլինի մեզանից յուրաքանչյուրի համար։ Գրքում ծավալուն մի հատված է առանձնացված նաեւ ծովակցի մյուս հերոսների եւ Արշակի մարտական ընկերների կենսագրությունների համար։ Մենք՝Արշակի ծնողներս, լինելով մանկավարժներ, խնդրում եւ պահանջում ենք բոլորիցդ՝ երբ երեխաներ կդաստիարակեք, ներարկեք նրանց մեջ հայոց զորապետերի ու ֆիդայական աստղաբույլի ոգեղեն կերպարները»,-գրված է գրքի նախաբանում։

Խոսրով Խլղաթյան   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]