Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Արցախի դատախազությունը կանխել է պետությանն ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն դրամի վնասի պատճառումը

Արցախի դատախազությունը կանխել է պետությանն ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն 
դրամի վնասի պատճառումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում կանխվել է պետությանը 1 միլիարդ 600 միլիոն դրամից ավելի վնասի պատճառումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ պետական շահերի պաշտպանության բաժնում և դատախազության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է ԱՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների, այդ թվում աջակցության չափի որոշման հիմք հանդիսացող տեղեկությունների կազմման գործընթացի օրինականության ստուգում:  Այդ շրջանակում ի հայտ բերված ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ հարուցված քրեական գործերով իրականացված նախաքննության, ԱՀ գործադիր իշխանությանը ներկայացված միջնորդագրի քննարկման և ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների  արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվել է համապատասխան տեղեկությունների ճշգրտում, որի միջոցով միայն անասնագլխաքանակի մասով կանխվել է պետությանը 1.690.000.000 դրամի չափով գույքային վնասի պատճառումը:

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կոչ ենք անում իրենց լիազորություններն իրականացնելիս գործել բարեխղճորեն, օրինականության սահմաններում, բարձր պահել պետության հեղինակությունը և առաջնորդվել բացառապես ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով»,- նշված է հաղորդագրությունում:

Վերոհիշյալ ոլորտում դատախազական ստուգումներն ու ուսումնասիրությունները շարունակվում են:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]