Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

«Նոր գիրք»-15/22. Չարենց, Շելի, Լոնդոն, Դահիգ

«Նոր գիրք»-15/22.  Չարենց, Շելի, Լոնդոն, Դահիգ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Եղիշե Չարենց, «Գիրք ճանապարհի» (պոեմներ և բանաստեղծություններ)

Գիրք ճանապարհի» ժողովածուի այս հրատարակությունը բովանդակային և կառուցվածքային առումով ճշգրիտ կրկնությունն է 1933 թվականի առաջին՝ արգելված տարբերակի: Տարբերակ, որն իր պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախևառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը:

Շտկվել են միայն ակնհայտ որոշ վրիպակներ, փոխվել է ուղղագրությունը:

Նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125- ամյակին: Հրատարակության պատրաստեց՝ Արքմենիկ Նիկողոսյանը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն
Մերի Շելի, «Ֆրանքենսթայն»

Գիտության կիրքը Ռոբերթ Ուոլթոնին հասցնում է Հյուսիսային բևեռ, որտեղ նա ծանոթանում է մահվան շեմին գտնվող մի տղամարդու հետ։ Անծանոթը Վիկտոր Ֆրանքենսթայնն է, որի գիտական հետաքրքրությունները չեն սահմանափակվում համալսարանական դասերով, իսկ դրանց արդյունքը դառնում է ճակատագրական թե՛ երիտասարդ գիտնականի, թե՛ նրա շրջապատի համար՝ բացահայտելով մարդկային բնության ամենաթաքնված գաղտնիքներն ու վախերը, արարչի և արարածի հավերժ պայքարը։

Յուրօրինակ կառուցվածքով, ռոմանտիզմի և գոթական վեպի տարրերով այս երկը համարվում է նաև գիտաֆանտաստիկական ժանրի առաջին նմուշներից մեկը։ Թարգմանությունը անգլերենից` Արթուր Մեսրոպյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն
Ջեք Լոնդոն, «Սպիտակ ժանիքը»

«Սպիտակ ժանիքը» վիպակն առաջին անգամ տպագրվել է «Աութինգ մեգեզին» հանդեսում՝ 1904 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, ապա հրատարակվել է Նյու Յորքում:

Իրադարձությունները տեղի են ունենում Ալյասկայում, ոսկու տենդի ժամանակներում: Վիպակի հերոսը ընտելացված գայլն է, որին անվանում են Սպիտակ Ժանիք՝ սպիտակափայլ ժանիքներ ունենալու համար: Պատմության հիմնական մասը կազմված է գայլի խոհերի, պատկերացումների եւ ընկալումների տեսանկյունով: Մյուս կողմից՝ ներկայացվում են հեռավոր հյուսիսում բնակվող դաժանացած մարդու վերաբերմունքն ու հարաբերությունները աշխարհը հասկանալ ցանկացող կենդանու հետ: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Չարլզ Դահիգ, «Ավելի խելացի, արագ, հաջողակ»

Broadway-ի երգիչը, FBI-ի գործակալը, փորձառու օդաչուն եւ պատերազմի մասնակցած գեներալն առաջին հայացքից որեւէ ընդհանրություն չունեն։ Բայց միայն առաջին հայացքից։ Չարլզ Դահիգը բացահայտում է նրանց միավորող հիմնական հանգամանքները՝ արդյունավետ գործելու եւ ապրելու գաղտնիքները: Ինչպե՞ս դառնալ ավելի խելացի, արագ եւ հաջողակ: Հեղինակը ներկայացնում է գիտական փաստերի եւ հաջողության պատմությունների հիման վրա կառուցված գիրք-ուղեցույց, որն ի հայտ է բերում մեր էներգիայի, ժամանակի եւ ինտելեկտի օգտագործման ամենաարդյունավետ բանաձեւը: «Սովորության ուժը» գրքում Չարլզ Դահիգը բացատրում էր, թե ինչու ենք ամեն ինչ անում ճիշտ այնպես, ինչպես անում ենք, եւ ոչ՝ այլ կերպ: «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքը պատասխանում է «ինչպես» հարցին: Ինչպե՞ս կատարելագործել մեր սովորություններն ու գործողությունները: Ինչպե՞ս բարձրացնել մոտիվացիան եւ կենտրոնացումը: Եվ ամենակարեւոր հարցը՝ ինչպե՞ս լինել ոչ թե պարզապես զբաղված մարդ, այլ արդյունավետ գործող անհատ: Չարլզ Դահիգն առաջարկում է գտնել շարժիչ ուժը, սահմանել նպատակը, պահպանել առավելագույն կենտրոնացում, նվազագույնի հասցնել շեղումները եւ կայացնել կշռադատված որոշումներ: Նյարդաբանության եւ հոգեբանության ամենացնցող բացա-

հայտումները ներկայացնելով՝ Չարլզ Դահիգը բացատրում է, թե ինչու եւ ինչպես են որոշ մարդիկ եւ կազմակերպություններ առանց խուճապի հասնում իրենց գերնպատակին: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]