1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ուրախ եմ, որ կարողացա մարդկանց ժպիտ նվիրել. Ռոզա Լին

Ուրախ եմ, որ կարողացա մարդկանց ժպիտ նվիրել. Ռոզա Լին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքում, Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա առաջին կեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվել է մրցույթի առաջին կիսաեզրափակիչից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին, որին մասնակցել են առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրների ներկայացուցիչները, որոնց թվում է նաև Ռոզա Լինը:

Լրագրողների հետ զրույցում երգչուհին նշել է, որ հայրենասեր է և չի կարող բացատրել, թե որքան հպարտ է հիմա: «Պատկերացնում եմ, թե Հայաստանում մարդիկ որքան ուրախ են, որ մենք եզրափակիչում ենք: Վերջին երկու տարում շատ փորձությունների միջով ենք անցել, և ես առավել քան երջանիկ եմ, որ կարողացել եմ ժպիտ պարգևել մարդկանց, հատկապես ընտանիքիս անդամներին,  մորս»,-խոստովանել է նա:

Ռոզա Լինը պատմել է, որ կորցրել է հարազատ մարդկանց, և իր ընտանիքը դժվար փուլ է հաղթահարում: «Երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա վերադարձնել ընտանիքիս անդամների ժպիտը: Ինձ համար դա ամենակարևոր բանն է հիմա: Դա ամեն բան արժե»,- շեշտել է Հայաստանի պատվիրակը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք իր սիրտն սկսե՞լ է արագ բաբախել, երբ ելույթի ժամանակ առաջին փորձից չի հաջողվել պոկել դեկորներից մեկը, Ռոզա Լինը պատասխանել է՝ անսպասելի է եղել, քանի որ փորձերի ընթացքում նման խնդիր չի առաջացել, սակայն արտիստը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, և ինքը հույս ունի, որ կարողացել է պրոֆեսիոնալ ձևով դուրս գալ իրավիճակից:  «Ասացի՝ լավ. առաջին անգամ չստացվեց, երկրորդ անգամ պետք է ավելի ամուր քաշել և կստացվի: Դա նման է իմ կյանքին: Դու ընկնում ես, սակայն հետո վեր ես բարձրանում»,- ընդգծել է Ռոզա Լինը:

Հայաստանից բացի, եզրափակիչ փուլ են անցել նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]