Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նա ի ծնե երաժիշտ է…», և նա գիտեր, թե ինչ է դրախտը

«Նա ի ծնե երաժիշտ է…», և նա գիտեր, թե ինչ է դրախտը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է սեփական ձեռքերով, խնամքով ու սիրով: Ստեղծում է կաղապարից դուրս, որպես ընտրյալ: Սովորաբար օժտում է հատուկ տաղանդով, հազար ու մի առաքինություններով ու շռայլ, շռայլ հոգով… Էդվարդ Միրզոյանն այդ ծնունդներից է»:

 

Սոս ՍԱՐԳՍՅԱՆ

 

Իսկ ինքը՝ մեծանուն կոմպոզիտորը, իր տված հարցազրույցներից մեկում  վերհիշելու էր. «Հայրս՝ Միքայել Միրզոյանը, մտերիմ էր Ռոմանոս Մելիքյանի հետ: Նա հաճախ էր գալիս մեզ հյուր, հատկապես որսից հետո. որսը նրա տարերքն էր: Առաջին անգամ նվագել եմ հենց նրա համար: Նա խորհուրդ տվեց շարունակել: 1935-ին քննություն տվեցի եւ կարծես բաց դուռ ունեցա դեպի երաժշտական մեծ աշխարհ: Տարի անց խոսակցություններ եղան, որ առաջընթաց չունեմ: Զգացողությունս նորից արթնացավ, ու զգացի, որ ոչինչ ինձնից չեմ ներկայացնում: Հիշում եմ՝ ծնողներս որոշեցին, որ քեռուս պես բժշկության ոլորտում ուժերս փորձեմ: Այդ ամռանը տատիկիս տանն էի, երբ նամակ ստացա կոմպոզիտոր Վազգեն Տալյանից: Նամակում ասվում էր, որ ես պետք է ջութակի համար սոնատ գրեմ: Երբ լսեց իմ շուրջ պտտվող խոսակցությունները, սաստիկ վրդովվեց՝ ասելով՝ նա ի ծնե երաժիշտ է… Պարզապես գնահատեց իմ աշխատանքը, եւ ես գերազանց ավարտեցի: Տալյանը մեծ ազդեցություն ունեցավ իմ կյանքում…»:

Վրաստանի Գորի քաղաքում է ծնվել ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը, ընտանյոք տեղափոխվելով հայրենիք՝ ուսանել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, որտեղ էլ ձեւավորվելու էր որպես ստեղծագործող անհատականություն: Մայր երաժշտանոցում սովորելու էր հարմոնիա, գործիքավորում, պոլիֆոնիա, ծանոթանալու հայ ժողովրդական եւ գուսանական երաժշտությանը, հայ եւ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններին: Այդ տարիներին էլ հեղինակելու էր ինքնուրույն գործեր՝ դաշնամուրի, կլառնետի, ֆլեյտայի պիեսներ: Դրանցից առանձնանալու էին Վազգեն Տալյանի հորդորով գրված ջութակի սոնատը եւ «Հայրենիքն է կանչում» խմբերգը՝ ըստ Ազատ Վշտունու: Երկրորդ աշխարհամարտի տարիներն էին, եւ այս ստեղծագործությունը հայկական ռադիոյով հնչելու էր յուրաքանչյուր լրատվությունից հետո անընդմեջ: Այդ տարիների կամերային գործերից առանձնապես մեծ ժողովրդականություն էին վայելելու Ավ. Իսահակյանի եւ Ե. Չարենցի խոսքերով գրված երկու՝ «Ասում են թե…» եւ «Երազ» ռոմանսները: Այսօր էլ են դրանք նույնքան սիրված ու ախորժալուր:

Էդվարդ Միրզոյանի ուսման երկրորդ շրջանը Մոսկվայում էր՝ հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում, որտեղ սովորում էին հինգ ընկերներով՝ Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Ղազարոս Սարյան, Ադամ Խուդոյան եւ ինքը: Կոմպոզիտորների այս խումբն Արամ Խաչատրյանին հաջորդող սերունդն էր՝ «Հայկական հնգյակ» հնչեղ անունով, արվեստագետներ, որոնց վերապահված էր  հայ երաժշտական արվեստում նոր չափանիշներ սահմանել:

1946-1948 թթ. մոսկովյան ուսումնառության տարիները չափազանց արդյունավետ էին կոմպոզիտորի համար՝ նոր գործեր, կերպարների ու գաղափարական շրջանակների ընդլայնում, երաժշտաստեղծ արվեստի կատարելագործում: Այստեղ է ավարտում իր «Սիմֆոնիկ պարեր» սյուիտը, գրում պոլիֆոնիկ սոնատը դաշնամուրի համար, «Տոնական նախերգանքը»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, լարային կվարտետը, «Հայաստան» կանտատը: Այս ստեղծագործության լավագույն կատարողն ու մասսայականացնողը Կոմիտասի անվան լարային քառյակն էր լինելու՝ այն  առաջին անգամ 1947-ին հնչեցնելով Մոսկվայում:

Ավարտելով մոսկովյան ուսումնառությունը՝ արդեն իսկ ճանաչում ձեռք բերած կոմպոզիտորը վերադառնում է հայրենիք եւ պրոֆեսոր Սարաջեւի հանձնարարությամբ հրավիրվում մայրաքաղաքի կոնսերվատորիա՝ ղեկավարելու կոմպոզիցիայի դասարաններից մեկը՝ որպես երաժշտության տեսության, պատմության եւ կոմպոզիցիայի ամբիոնի դոցենտ: 1965-ից պրոֆեսորի կոչման արժանացած դասախոսի սաներն էին լինելու հետագայում այնպիսի հանրահայտ, վաստակած դեմքեր, ինչպես Ջիվան Տեր-Թադեւոսյանը, Կոնստանդին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Վաչե Շարաֆյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, ուրիշներ:

Մեծ է Էդվարդ Միրզոյանի վաստակը հայ երաժշտարվեստում. հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի եւ դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի եւ լիտավրների համար: Առանձնանալի է կոմպոզիտորի նաեւ կինոերաժշտությունը շուրջ մեկ տասնյակի հասնող հայկական ֆիլմերում՝«Փլուզում», «Քաոս», «Հեղկոմի նախագահը», «Աքսորական 011», «Խաչմերուկի դեղատունը», «Այսօր արեւոտ օր է», գեղարվեստական ու վավերագրական այլ ժապավեններ:

Նաեւ հավելենք, որ անվանի արվեստագետը տասնամյակներ շարունակ ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, ղեկավարել Հայաստանի խաղաղության հիմնադրամը, զբաղվել հասարակական ազգաշահ գործունեությամբ եւ ըստ պատշաճի գնահատվել իր ծանրակշիռ վաստակի համար:

Ամփոփենք անվանի կոմպոզիտորի՝ մահվանից տասը օր առաջ կայացած զրույցի մի պատառիկով. «Ես չգիտեմ, թե ինչ է դժոխքը, բայց գիտեմ, թե ինչ է դրախտը: Ես մտածում եմ այն մարդու մասին, որ ծնվում է այս երկրագնդում: Նա ծնվում է պայքարի միջոցով: Պայքարում է՝ ծնվում է, որովհետեւ հաղթում է: Եթե չպայքարեր, չհաղթեր, չէր ծնվի: Ես մտածում եմ, որ եթե ծնվել ենք այս հողագնդի վրա, ուրեմն տիեզերքում հաղթել ենք եւ արդեն իսկ դրախտում ենք…»:

Այսպես մտածող մարդու հոգին եւս պիտի որ դրախտում լինի. երկնային դրախտում…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]